Անդրեյ Ռուբլյովի XV դարում ստեղծած «Երրորդություն» սրբապատկերը օգոստոսի վերջին հանվել է Սուրբ Սերգիոսի Երրորդություն-Սերգիևյան մայրավանքի Մայր տաճարի պատկերապատից։ Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ սրբապատկերը պահող կլիմայական պատյանը խափանվել է, իսկ այն փոխանցվել է վերականգնողներին։ Պատմաբան Օլեգ Վոսկոբոյնիկովը հրապարակել է լուսանկար, որում հրեշտակներից մեկի դեմքին երևում է ուղղահայաց «սպի»։ Մասնագետ Նատալյա Կոմաշկոն հաստատել է լուսանկարի իսկությունը՝ նշելով, որ սրբապատկերի երեք տախտակների միացման հատվածը բարձր խոնավության պայմաններում սկսել է շարժվել։ Վերականգնողական խորհրդի անդամներից մեկի խոսքով՝ մակերես է դուրս եկել հին սոսինձը, որն օգտագործվել էր տախտակներն ամրացնելու համար։ Նա ընդգծել է, որ սրբապատկերի համար վտանգավոր են ջերմաստիճանի և խոնավության փոփոխությունները։



