Այս օրերին Հարավային Կովկասում այնքան գործընթաց է միաժամանակ արագացել, որ առանձին հայտարարությունների հետևից գնալով հնարավոր է կորցնել ընդհանուր պատկերը։ Հաքան Ֆիդանը Բաքվում Ալիևի և Ջեյհուն Բայրամովի հետ քննարկում է խաղաղությունը, էներգետիկան, Միջին միջանցքն ու Եվրոպա–Ասիա հաղորդակցությունները։ Թուրքիան միաժամանակ ընդգծում է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ռազմավարական նշանակությունը։ Բաքուն հայտարարում է, որ Հայաստանի հետ հակամարտությունն ավարտված է, բայց նույն օրերին Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վերաբերյալ հայտարարությունները, Ալիևի ելույթները նոր վեճ են առաջացնում Երևանում։ Երևանում օրակարգում են Քյարքի/Տիգրանաշենը և անկլավները, որոնց շուրջ Նիկոլ Փաշինյանի խոսքով գործնական լուծման համաձայնություն դեռ չկա։ Զուգահեռաբար առաջ է գնում TRIPP-ը՝ 74 տոկոս ամերիկյան և 26 տոկոս հայկական մասնակցությամբ, Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության պահպանման մասին պայմանագրային դրույթներով։ Մոսկվան արդեն բաց խոսում է Հայաստանի եվրոպական ճանապարհի տնտեսական գնի մասին։ Լավրովը հայտարարում է, որ Ռուսաստանը չի ցանկանում ԵՄ-ին Հայաստանի նախապատրաստումը ֆինանսավորել ԵԱՏՄ արտոնությունների հաշվին, Զախարովան 102-րդ ռազմաբազան ներկայացնում է որպես տարածաշրջանային անվտանգության հիմնարար տարր, իսկ Երևանում միաժամանակ խոսում են ռուսական գազի այլընտրանքների, երկաթուղային կոնցեսիայի ապագայի և ռազմաբազայի իրական նշանակության մասին։ Եվ այս ամենի հարևանությամբ շարունակվում է Իրանի պատերազմը, Հորմուզի նեղուցով նավերի շարժը նվազել է կտրուկ, Թուրքիա–Իսրայել մրցակցությունը տեղափոխվել է նաև Սիրիա, իսկ Եվրամիությունը քննարկում է արդեն սեփական ավելի ուժեղ անվտանգության ճարտարապետությունը։ Այսինքն՝ Հայաստանի շուրջ փոխվում են միաժամանակ խաղաղության, անվտանգության, էներգետիկայի, հաղորդակցությունների և մեծ տերությունների ներկայության պայմանները։ Այս ամբողջ պատկերի մասին այսօր խոսում ենք տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



