Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո

Շուրջ մեկ ամիս առաջ լրատվամիջոցները հրապարակումներ են կատարել այն մասին, որ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի: Աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը հայտնել է, որ հրապարակման մեջ հիշատակված դեպքը տեղի է ունեցել շաբաթներ առաջ, դեպքը նկատել և անմիջապես իրավապահներին հաղորդում է ներկայացրել Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրինությունը։ «Հրապարակման մեջ հիշատակված դայակը ազատվել է աշխատանքից, իսկ կատարվածի քրեաիրավական գնահատականը գտնվում է իրավապահ մարմինների իրավասության շրջանակներում։ Երեխայի առողջական վիճակը լավ է, երեխան շարունակում է խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը: Հստակ է, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ գործող որևէ հաստատությունում նման դեպքերը մեզ համար կարմիր գիծ են, բռնության որևէ դեպք չի հանդուրժվելու և արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- նշել է նա։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ դայակը հարվածներ է հասցրել երեխային, իսկ վերջինիս հատակին ընկնելուց հետո շարունակել է փայտով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ ողնաշարի շրջանում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13770

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով