Սեպտեմբերի 16-ին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում հայերեն աղոթք հնչեց։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ընդունեց ԱՄՆ հայկական եկեղեցական բոլոր հաստատությունների առաջնորդներին։ Պատվիրակության կազմում էին Մայր Աթոռի Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ու Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երկու թեմերի առաջնորդները, Հայ Կաթողիկե եկեղեցու և Հայ Ավետարանական համայնքի ներկայացուցիչները։ Հանդիպումը նախաձեռնել էր Հայաստանի դեսպանությունը՝ Սպիտակ տան Հավատի գրասենյակի հետ։ Ներկա էր դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Հանդիպումը սովորական արարողակարգային լուսանկար չէ։ Քննարկվել էին Հայաստանի և Միացյալ Նահանգների քրիստոնեական ու քաղաքակրթական կապերը, կրոնական ազատությունը, Հայաստանի՝ քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին երկրի ժառանգությունը, խաղաղությունը և հավատքի դերը հանրային կյանքում։ Հովնան Տերտերյանը աղոթել էր համաշխարհային խաղաղության համար, ապա հոգևորականները միասին հնչեցրել էին հայկական եկեղեցական «Պահպանիչը»։ Ամերիկայի Հայոց Արևելյան թեմը հանդիպումն անվանել է պատմական։ Այս տեսարանը արժե պահել հիշողության մեջ նաև իր ժամանակային համատեքստով։ Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օտարերկրյա դիվանագետներին Գանձասարն ու Դադիվանքը ներկայացրել էր «հին Կովկասյան Ալբանիայի քրիստոնեական ժառանգության» մաս։ Արցախում հայկական ներկայության վերացումից հետո մշակութային ժառանգության ծագման վերաձևակերպումը ձեռք է բերում պետական հիշողության քաղաքականության նշանակություն։ Նույն օրերին Մոսկվան կրկին մտավ Հայ եկեղեցու ներքին ճգնաժամի քննարկման մեջ։ Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանությունների գործողությունները ներկայացրեց որպես «կանոնական եկեղեցու հալածանք» և հայտարարեց, որ այդ հալածանքին մասնակցողները «անիծված կլինեն»։ Նա նաև խոսեց իրավիճակի վրա արտաքին սցենարների ազդեցության մասին։ Այս ֆոնին Վաշինգտոնում Սպիտակ տանը հայերեն աղոթքը հատուկ քաղաքական նշանակություն ստացավ ։ Հայաստանի դեսպանությունը մեկ սեղանի շուրջ էր բերել հայկական քրիստոնեական հիմնական կառույցների առաջնորդներին։ Պատվիրակության կազմը չէր կառուցվել ներեկեղեցական ճամբարների տրամաբանությամբ՝ մասնակցում էին Մայր Աթոռի երկու թեմերը, Կիլիկյան աթոռի թեմերը, կաթողիկե և ավետարանական համայնքները։ Պետությունը կարողացել էր իր դիվանագիտական հնարավորությունը ծառայեցնել Հայ եկեղեցու և հայկական քրիստոնեական ժառանգության միջազգային ներկայացմանը՝ ներքին ծանր հակամարտության պայմաններում։ Այստեղ հայտնվում է ամենատհաճ հարցը։ Մայր Աթոռի պաշտոնական լրատվական էջում այս հանդիպումը տեղ չգտավ։ Սեպտեմբերի 15-18-ի հրապարակումների շարքում կան Գերագույն հոգևոր խորհրդի նիստերը, եկեղեցի-պետություն հակամարտությանը վերաբերող նյութերը, Մայր Աթոռի ներքին կյանքը, տարբեր պատվիրակությունների ընդունելությունները։ Օվալաձև աշխատասենյակի հանդիպումը լրահոսում չկա: Սա արդեն խմբագրական մանրուք չէ։ Մայր Աթոռը վերջին ամիսներին մեծ թափով լուսաբանում է իշխանությունների հետ իրավական ու քաղաքական հակամարտությունը, հրապարակում է կոշտ հայտարարություններ, անդրադառնում է քրեական գործերին և պետական մարմինների գործողություններին։ Սեպտեմբերի 15-17-ի Գերագույն հոգևոր խորհրդի նիստն ամբողջությամբ կենտրոնացել էր նաև այդ հարցերի վրա։ Մայր Աթոռի պաշտոնական լրահոսում տեղ չգտավ մի իրադարձություն, որը Հայ եկեղեցու միջազգային հեղինակության համար դժվար է գերագնահատել։ ԱՄՆ նախագահի նստավայրում Հայաստանի քրիստոնեական ժառանգությունը ներկայացվում էր որպես քաղաքակրթական արժեք։ Հայ հոգևորականները նախագահի ներկայությամբ հայերեն աղոթում էին խաղաղության համար։ Ադրբեջանական պաշտոնյան մի քանի օր առաջ փորձում էր հայկական վանքերի պատմությունը վերագրել մեկ այլ ժառանգության։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն այդ նույն օրերին Հայաստանի եկեղեցական ճգնաժամը մեկնաբանում էր արդեն բացահայտ քաղաքական և նույնիսկ անեծքի բառապաշարով։ Այս երեք դրվագները միասին նկարագրում են մի շատ մեծ պայքար՝ հայկական քրիստոնեական ժառանգության միջազգային ընկալման, Հայաստանի ինքնիշխան քաղաքականության և եկեղեցական հաստատության դերակատարության շուրջ։ Մայր Աթոռի լռությունը հենց այստեղ է դառնում սկզբունքային հարց։ Ո՞րն է այսօր եկեղեցական նվիրապետության իրական առաջնահերթությունը՝ Հայ եկեղեցու միջազգային հեղինակության ամրապնդումը, Արցախի քրիստոնեական ժառանգության պաշտպանությունը, խաղաղության գործընթացում պատասխանատու հոգևոր ներկայությունը, թե՞ ներքաղաքական պայքարում սեփական դիրքերի պահպանումը։ Այս հարցի պատասխանը պետք չէ փնտրել հայտարարությունների մեջ։ Սեպտեմբերի 16-ի լրահոսը արդեն բավական բան է ասում։ Հայ եկեղեցին տասնյոթ դար ապրել է այն պատճառով, որ երբեք չի պատկանել որևէ իշխանության, որևէ կուսակցության կամ օտար պետության։ Նրա ուժը եղել է իր քաղաքակրթական լայնությունը՝ Էջմիածնից մինչև Երուսաղեմ, Վենետիկից մինչև Նյու Յորք։ Օվալաձև աշխատասենյակում հնչած հայերեն «Պահպանիչը» այդ պատմության ժամանակակից մի փոքր դրվագն էր։ Այդպիսի դրվագները լռեցնելը չի փոքրացնում Վաշինգտոնի հանդիպումը այս պատմական հանդիպումը և պետության՝ ի մասնավորի ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան և դեսպան Նարեկ Մկրտչյանի անուրանալի կարևոր դերը։ Լռությունն այս դեպքում ոչ թե նվազեցնում է իրադարձության նշանակությունը, այլ բացահայտում է Մայր Աթոռի ընտրած առաջնահերթությունների սահմանափակությունը



