Երկրի ձևը փոխվում է․ մոլորակը՝ ավելի գնդաձև և ավելի տափակ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրում է. «Սառույցների արագ հալոցքը փոխում է Երկրի ձևը։ Ըստ երկրաբան Քրիստոֆեր Կոցակիսի՝ մոլորակի բևեռային շրջանները բարձրանում են, իսկ հասարակածային շրջանները՝ իջնում։ Ընդ որում՝ այս գործընթացի արագությունը 20 տարվա ընթացքում կրկնապատկվել է։ Պտույտի հետևանքով Երկիրը բևեռներում փոքր-ինչ սեղմված է, իսկ հասարակածում՝ ուռուցիկ։ Այժմ այդ ձևը փոփոխվում է նաև Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցային վահանների զանգվածի կորստի ազդեցությամբ։ Սառույցի ծանրությունից ազատվելով՝ բևեռային շրջանների երկրակեղևը բարձրանում է։ Միաժամանակ հալոցքային ջրի վերաբաշխումը դեպի հասարակածային շրջաններ մեծացնում է օվկիանոսի հատակի ծանրաբեռնվածությունը՝ առաջացնելով դրա իջեցում։ Եթե 1990-ականների վերջին բևեռային շրջանների բարձրացման արագությունը տարեկան մոտ 0,5 մմ էր, ապա 2015 թվականին այն հասել էր շուրջ 1 մմ-ի։ Հակասությունը միայն թվացյալ է․ Երկրի պինդ մարմինը դառնում է ավելի գնդաձև, մինչդեռ նրա գրավիտացիոն դաշտով որոշվող ձևը՝ ավելի տափակված։ Սա կարելի է պատկերացնել որպես բատուտ, որի կենտրոնը ծանրությունից ազատվելուց հետո բարձրանում է, իսկ եզրերը՝ դրանց վրա տեղափոխված գնդերի ծանրության տակ իջնում»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13761

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով