Նիկոլ Փաշինյանի Բուն TV-ին տված հարցազրույցը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շուրջ ամիսներ շարունակ ընթացող հակամարտությունը տեղափոխեց նոր հարթություն։ Վարչապետն արդեն խոսում է պետական զեկույցի, օրենսդրական փոփոխությունների, Ազգային ժողովի հնարավոր քննիչ հանձնաժողովի և հավատացյալների՝ եկեղեցական կառավարմանը մասնակցության նոր մեխանիզմների մասին։ Նա Եկեղեցու ներկայիս վիճակը բնորոշեց «սարսափելի», իսկ կառույցը՝ «բռնազավթված» Կտրիճ Ներսիսյանի կողմից։ Սա այլևս միայն վարչապետի ու Կաթողիկոսի հակամարտությունը չէ։ Այս պահից վեճի կենտրոնում արդեն իշխանության և Եկեղեցու սահմանադրական սահմանագիծն է։ Հայաստանի Սահմանադրությունն այստեղ բավական հստակ երկու սկզբունք է ամրագրում։ Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից, նրանց գործունեության ազատությունը երաշխավորվում է։ Նույն Սահմանադրությունը ճանաչում է Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ առաքելությունը և թույլ է տալիս պետություն–Եկեղեցի հարաբերությունները կարգավորել օրենքով։ 2007 թվականի հատուկ օրենքը ևս մեկ կարևոր սահման է դնում՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարումը սեփական նվիրապետության շրջանակում։ Հենց այստեղ է այս ամբողջ պատմության առանցքը։ Պետությունն իրավունք ունի պահանջելու օրենքի պահպանում։ Ընտրական օրենսգիրքը կրոնական կազմակերպություններին արգելում է կազմակերպել և իրականացնել նախընտրական քարոզչություն։ Խախտման առկայության դեպքում պետության արձագանքը բնական է՝ իրավական վարույթ, ապացույց, պատասխանատվություն։ Ազգային անվտանգության հետ կապված կասկածներն էլ պահանջում են նույն մեթոդը։ Փաստաթուղթ, ֆինանսական հետք, գործակալական կապ, քրեական կամ հակահետախուզական գնահատական։ Ռուսական ազդեցության թեման սովորական քաղաքական ակնարկի մակարդակում թողնել հնարավոր չէ: Փաշինյանի խոսքով՝ այդ նյութը ներառված է դեռ չհրապարակված զեկույցում, ուստի դրա իրական կշիռը պարզ կդառնա հրապարակումից հետո։ Կառավարման կառուցվածքի փոփոխությունը բոլորովին ուրիշ հարց է։ Կաթողիկոսի ընտրությունը, եպիսկոպոսների կարգավիճակը, թեմական իշխանությունը և եկեղեցական նվիրապետությունը կրոնական համայնքի ներքին կյանքի միջուկն են։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած չափանիշով կրոնական համայնքների ինքնավար գոյությունը ժողովրդավարական բազմակարծության հիմնարար բաղադրիչ է, իսկ պետությունը պարտավոր է գործել որպես չեզոք և անաչառ կազմակերպիչ։ Դատարանի նախադեպերը հատկապես զգուշացնում են իշխանության կողմից կրոնական համայնքի ներքին ղեկավարության հարցերին միջամտելու վտանգի մասին։ Եվրոպան այս սահմանը դարավոր բախումներով է գծել։ XI–XII դարերի ինվեստիտուրայի պայքարը ծագեց եպիսկոպոսներին նշանակելու իրավունքի շուրջ և 1122-ի Վորմսի կոնկորդատով ամրագրեց աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Հազար տարի անց դասը նույնն է․ պետությունը կարող է կարգավորել Եկեղեցու հետ հարաբերությունները, բայց չի կարող տնօրինել նրա նվիրապետությունը։ Հայաստանում խնդիրը դրանից պակաս բարդ չէ։ Հայ Առաքելական Եկեղեցին սովորական հասարակական կազմակերպություն չէ։ Դարեր շարունակ այն եղել է կրթության, մշակույթի, հիշողության և ազգային ինքնության կրող։ Սահմանադրությունն այդ առանձնահատուկ դերը հատուկ է ամրագրել։ Այդ պատճառով նրա ներսում կուտակված ցանկացած լուրջ ճգնաժամ անմիջապես ստանում է պետական նշանակություն։ Նույն պատճառով պետական միջամտության յուրաքանչյուր սխալ քայլ շատ ավելի մեծ վնաս կարող է պատճառել։ Մայր Աթոռի գույքի կառավարումը, ֆինանսական հոսքերը, որոշումների կենտրոնացումը, նվիրապետության ներսում անձնական կապերի ազդեցությունը, քաղաքական ներգրավվածությունն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները լիովին օրինական հանրային հարցեր են։ Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակը չի կարող նրան դուրս դնել հաշվետվողականության դաշտից։ Պետությունն այստեղ ունի հստակ գործիքակազմ՝ հարկային վերահսկողություն, քրեական և ընտրական օրենսդրություն, ֆինանսական վերահսկողություն, ազգային անվտանգության մարմիններ, դատարաններ։ Դրանց կողքին գործում են նաև անկախ լրագրությունն ու հանրային վերահսկողությունը։ Սրանք են այն մեխանիզմները, որոնցով պետք է ստուգվեն հնարավոր խախտումները և հաստատվի պատասխանատվությունը։ Եկեղեցու կանոնական կառավարման վերաձևումը խորհրդարանական մեծամասնության միջոցով արդեն դուրս է սովորական վերահսկողության սահմաններից։ Այդ դեպքում գործադիր իշխանությունը դառնում է միաժամանակ հակամարտության կողմ, նոր կանոնների նախաձեռնող և դրանց կիրառման հիմնական շահառու։ Նման նախադեպը վտանգավոր է ոչ միայն այսօրվա վեճի համատեքստում․ մեկ անձի կամ մեկ ճգնաժամի համար գրված իրավական մեխանիզմը վաղը կարող է ծառայել բոլորովին այլ քաղաքական նպատակների։ Հրապարակվելիք զեկույցը պետք է դառնա այս գործընթացի փաստական հիմքը։ Հանրությանը պետք կոնկրետ խախտումներ, անուններ, փաստաթղթեր, իրավական հիմնավորումներ, ֆինանսական կապեր, ընտրական միջամտության արձանագրված դեպքեր և ռուսական ազդեցության վերաբերյալ ստուգելի ապացույցներ։ Միայն այդ ամբողջ պատկերը տեսնելուց հետո հնարավոր կլինի հասկանալ ճգնաժամի իրական խորությունը և որոշել պետության միջամտության իրավաչափ սահմանները։ Հայաստանին անհրաժեշտ է առողջ Եկեղեցի։ Նույնքան անհրաժեշտ է սահմանադրական պետություն։ Եկեղեցու ներքին ճգնաժամը չի կարող լուծվել պետության միջամտության ընդլայնմամբ ։ Այստեղ պետության ուժը երևում է նաև ինքնազսպման կարողությամբ։ Էջմիածնի շուրջ ստեղծված վիճակը կարող է բերել իրական մաքրման, բայց նույնքան հեշտ կարող է վերածվել վտանգավոր նախադեպի՝ քաղաքական իշխանությանը ներս թողնելով եկեղեցական կառավարման ուղեծիր։ Հիմնական հարցն այստեղ հետևյալն է՝ ինչպե՞ս ապահովել Եկեղեցու հաշվետվողականությունը՝ չխախտելով նրա ինքնավարությունը ։ Այս հարցի պատասխանը շատ ավելի երկար կյանք է ունենալու, քան Կտրիճ Ներսիսյանի պաշտոնավարումը։



