Արցախից հետո՝ հիշողության գրավումը

Օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը շուրջ 150 օտարերկրյա դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցեց Գանձասար ու Դադիվանք։ Այդ վանքերը նա ներկայացրեց որպես «հին Կովկասյան Ալբանիայի քրիստոնեական ժառանգություն»։ Գանձասարի հայկական պատմությունը ներկայացվեց որպես հետագա վերափոխումների արդյունք։ Այս դրվագի հետևում տարիներով կառուցված պետական քաղաքականություն է: 2023 թվականին «Դե Գրոյթեր» հրատարակչության լույս ընծայած Caucasian Albania: An International Handbook ակադեմիական ժողովածուում Օքսֆորդի համալսարանի հետազոտող Հրաչ Չիլինգիրյանը մանրամասն ուսումնասիրում է այս քաղաքականությունը՝ այն ներկայացնելով որպես Բաքվի կողմից «Ալբանական եկեղեցու» նոր պատմության կառուցում։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խոսքը միայն պատմագիտական վեճի մասին չէ։ Ադրբեջանի պետական համակարգը հետևողականորեն ձևավորում է մի նարատիվ, որը ժամանակակից Ադրբեջանը կապում է Կովկասյան Ալբանիայի վաղ քրիստոնեական անցյալի հետ և այդ պատմությունից աստիճանաբար դուրս է մղում հայկական ներկայությունը։ 2020 թվականի պատերազմից հետո այս քաղաքականությունը նոր թափ ստացավ և դարձավ ավելի համակարգված պետական գործիք։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը դեռ 2022-ին հայտարարել էր աշխատանքային խմբի ստեղծման մասին, որի խնդիրներից մեկը հայկական արձանագրությունները ներկայացնելն էր որպես «կեղծ հետքեր»։ Նախագահ Իլհամ Ալիևը պատերազմի ավարտից ամիսներ անց հայկական եկեղեցիներից մեկի մոտ տեսախցիկների առաջ խոսում էր «ալբանական տաճարի» և հայերի ստեղծած «կեղծ պատմության» մասին։ Բաքվի պետական խոսույթի կառուցվածքը բավական հստակ է։ Հայկական միջնադարյան քրիստոնեական ժառանգությունը ներկայացվում է որպես Կովկասյան Ալբանիայի ժառանգություն, իսկ Կովկասյան Ալբանիան՝ որպես ժամանակակից Ադրբեջանի պատմական նախահիմք։ Ուդիներին այդ պատմության կենդանի շարունակության դեր է վերագրվում։ Չիլինգիրյանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս նարատիվը ձևավորվում է պետության մասնակցությամբ։ Դրա ստեղծման ու միջազգային տարածման մեջ ներգրավված են Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, պետական կրոնական կառույցները, ֆինանսական միջոցները և Ադրբեջանի դիվանագիտական համակարգը։ Գանձասարը այս պատմության ամենազգայուն կետերից մեկն է։ Միջազգային նույն ակադեմիական ժողովածուն Գանձասարի կառուցումը կապում է Արցախի հայկական իշխանական տան՝ Հասան-Ջալալյանների հետ։ Հասան-Ջալալը թաղվել է նույնանուն վանքում 1261 թվականին։ Գանձասարը հետագայում դարձել է Աղվանից կաթողիկոսության նստավայր։ Այդ կաթողիկոսության հոգևոր առաջնորդները կանոնական կապ ունեին Հայ Առաքելական եկեղեցու հետ, իսկ 19-րդ դարում այն վերջնականապես վերակազմավորվեց որպես Հայ եկեղեցու թեմ։ Այս փաստերը նաև կարևոր սահման են հստակեցնում։ «Ալբանական» անվանումը պատմական ինքնություն է, որը չի կարող մեխանիկորեն վերագրվել ժամանակակից Ադրբեջանին։ Գանձասարի պատմությունը ձևավորվել է միջնադարյան Կովկասի հայկական իշխանական, եկեղեցական և մշակութային միջավայրում։ Այսօր այդ բարդ պատմությունը առանձին ժամանակակից ազգային պատումի մեջ տեղավորելու փորձն է դարձել քաղաքական գործիք։ Ուդիական գործոնը նույնպես այդ նախագծի առանցքային մասն է։ Չիլինգիրյանի ուսումնասիրությունը հիշեցնում է, որ Ադրբեջանում բնակվող ուդիների փոքր համայնքը հետխորհրդային առաջին տարիներին նույնիսկ կասկածանքով էր ընկալվում իշխանությունների կողմից։ Հետագայում պետությունը ճանաչեց ու կազմակերպեց Ալբանա-Ուդիական քրիստոնեական համայնքը և սկսեց այն ներկայացնել որպես հին ալբանական եկեղեցու շարունակության հիմք։ Միաժամանակ նոր կառույցը չունի պատմական ինքնուրույն եկեղեցուն բնորոշ ամբողջական հոգևոր հիերարխիա, հաստատված առաքելական հաջորդականություն և միջազգային եկեղեցական ճանաչում։ Ամենախոսուն նախադեպերից մեկը Նիջ գյուղի եկեղեցու վերականգնումն էր։ Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընթացքում հայկական արձանագրությունների հեռացումը բողոք առաջացրեց հենց նորվեգական կողմի մոտ։ Նորվեգիայի դեսպանը կատարվածը որակեց վանդալիզմ, իսկ երկրի վարչապետի նախատեսված այցը եկեղեցի չկայացավ։ Այս ամենից հետո Հաջիևի ներկայիս շրջայցը բոլորովին այլ նշանակություն է ստանում։ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախում հայկական բնակչություն այլևս չկա։ Այժմ պայքարը տեղափոխվել է հիշողության, անունների, արձանագրությունների և մշակութային ծագման դաշտ։ Մարդկանց հեռացումից հետո մնացել են եկեղեցիները։ Հաջորդ քաղաքական խնդիրը դրանց պատմության վերաձևակերպումն է։ Գանձասարի շուրջ վեճն այսպիսով վաղուց դուրս է եկել պատմագիտական բանավեճի սահմաններից։ Բաքուն սեփական պատմական վարկածը դարձնում է պետական և դիվանագիտական ուղերձ՝ այն ներկայացնելով օտարերկրյա դիվանագետներին հենց հուշարձանի տարածքում։ Խաղաղության գործընթացը այս խնդիրը չի փակելու։ Պատմական ժառանգության նկատմամբ վերաբերմունքը նույնպես խաղաղության որակի մաս է։ Պայմանագիրը կարող է սահմաններ ամրագրել, բայց հիշողության շուրջ պայքարը դրանով չի ավարտվում։ Հայաստանին այստեղ անհրաժեշտ է երկարաժամկետ պետական քաղաքականություն՝ գիտական աշխատանք, փաստագրում, թվայնացված արխիվներ, միջազգային ակադեմիական համագործակցություն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մշակութային ժառանգության կառույցների հետևողական ներգրավում, բարձրորակ օտարալեզու հրատարակություններ և ակտիվ դիվանագիտություն։ Բաքուն այս թեման վաղուց վերածել է պետական քաղաքականության։ Հայաստանի պատասխանը պետք է նույնքան համակարգված լինի՝ Գանձասարի պատմությունը միջազգային հարթակներում ներկայացնելով փաստերով, հեղինակավոր գիտությամբ և հետևողական դիվանագիտական աշխատանքով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13819

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով