Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Շատջրեք բնակավայրի նորակառույց միջն. դպրոցի պայմաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին դպրոցի շահագործման հանձնելու առիթով։ Վարչապետն ընդգծել է, որ նորակառույց դպրոց կարող են այցելել նաև մոտակա գյուղերի աշակերտները նույնպես: «Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է աշակերտներին սովորել, և այո՛, մենք հիմա ունենք այդպիսի դպրոց, որտեղ երեխաները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել և որտեղ ուղղակի կարող են ապրել: Մեր ընկալումն այն է, որ դասերից հետո երեխաները չպետք է պարզապես տուն գնան, այլ պետք է ժամանակ անցկացնեն դպրոցում»,-ասել է երկրի ղեկավարը: Վարչապետը հավելել է՝ այս ենթակառուցվածքը նաև բնակավայրի համար է շատ կարևոր, քանի որ մշակվում են տարբեր ծրագրեր, որպեսզի մեծահասակները նույնպես այս տարածքներն օգտագործեն իրենց կյանքի որակը բարելավելու, սոցիալական շփման նոր ձևեր և նոր բովանդակություն ստանալու համար: Անդրադառնալով PISA հետազոտության արդյունքներին, որոնց համաձայն Հայաստանի աշակերտները վատ ցուցանիշներ են արձանագրել, վարչապետը նշել է. «Այդ հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում տասնամյակներով դպրոցի բացակայության մասին է: Եվ այո՛, մենք հիմա պետք է, ըստ էության, ստեղծենք Հայաստանի Հանրապետության դպրոցը, Չորրորդ Հանրապետության դպրոցը»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունն անում է հնարավորը երկրում կրթություն ստանալու լավ պայմաններ և հնարավորություններ ստեղծելու համար: Վարչապետը որակյալ կրթություն ապահովելու կարևոր պայմաններից է համարել ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը և նշել, որ այն լինելու է շարունակական: Ամփոփելով խոսքը՝ վարչապետը նշել է. «Դպրոցը կյանքով պետք է լիքը լինի, որովհետև ի վերջո այն կյանքը, որը մենք ուզում ենք, նախ պետք է դպրոցում կառուցենք: Դպրոցում կառուցած կյանքն է հետո արտահայտվում դրսում, այն կյանքը, որ մենք հիմա ունենք, արտահայտությունն է նրա, ինչպիսի կյանք ենք մենք կառուցել դպրոցներում, դասասենյակներում, ֆիզկուլտուրայի դահլիճներում, հանդիսությունների կամ դպրոցական բեմերում և այլն: Սովորելու անբաժանելի մաս է ստեղծագործելը։ Հնարավոր չէ սովորել առանց ստեղծագործելու: Ստեղծագործությունը, ստեղծարար միտքն առաջնային է, և իմ կարծիքով՝ նույնը վերաբերում է նաև ուսուցչին։ Ուսուցիչն էլ պետք է ստեղծագործի և ստեղծագործելով սովորի, և մեր բոլոր որոշումներն ու քաղաքականություններն ուղղված են դրան՝ խթանել, խրախուսել ստեղծագործող ուսուցչին: Ուսուցիչը պետք է իմանա, որ իր ստեղծագործական և արդյունավետ աշխատանքը գնահատվում է պետության, Հայաստանի Հանրապետության կողմից: Վաղը Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձն է, ուզում եմ առիթից օգտվել և բոլորիդ անձամբ շնորհավորել մեզ համար այդ կարևոր տոնի առիթով: Անկախությունն այնպիսին է, ինչպիսին մենք այն կերտում ենք։ Եվ հետևաբար, մեր խնդիրն է ամեն տարվա հետ մեր անկախությունը, մեր պետությունը, մեր համայնքը, մարզը, միջավայրը, դպրոցը դարձնել ավելի լավը, ավելի մրցունակ, ավելի գրավիչ: Եվ այդ գրավչությունը և մրցունակությունը պետք է մեծ ուժ տա մեր երեխաներին, որպեսզի նրանք լավ սովորեն, որպեսզի նրանք լավ ապրեն»: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Շատջրեք բնակավայրում այցելել է նաև «Փռի» փառատոն: Այն կազմակերպել են «Կենարար» հիմնադրամը և Վարդենիս համայնքի գյուղաբնակ երեխաները` մարզային և համայնքային իշխանությունների աջակցությամբ: Փառատոնը կազմակերպվել է հիմնադրամի «Առաջնորդների դպրոց» ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է բացահայտել և զարգացնել պատանիների առաջնորդական հմտությունները:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13820

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով