Սպիտակ տան ազգային անվտանգության պաշտոնական էջի առաջին կետը արտաքուստ վարչակազմային հաշվետվության սովորական տող է։ Դոնալդ Թրամփը, ըստ այդ էջի, «ավարտել է ութ խոշոր պատերազմ»։ Ցանկում Կամբոջիա-Թաիլանդի, Հնդկաստան-Պակիստանի, Իսրայել-Իրանի և մյուս հակամարտությունների կողքին առանձին գրված է՝ Հայաստան և Ադրբեջան ։ Սպիտակ տան՝ օրերս հրապարակված Թրամփի ձեռքբերումների ամփոփագրում նույն ձևակերպումը կրկնվում է։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվեց եռակողմ համատեղ հռչակագիր, իսկ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրեցին խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը։ Հռչակագրի առաջին կետը նաև արձանագրում է հաջորդ փուլը՝ համաձայնագրի ստորագրում և վերջնական վավերացում։ Այսինքն՝ «պատերազմն ավարտված է» ձևակերպումը Սպիտակ տան քաղաքական գնահատականն է։ Խաղաղության իրավական ամբողջացումը դեռ առանձին ընթացակարգ ունի։ Հենց այդ տարբերությունն է ներկայիս ձևակերպումը դարձնում նշանակալի։ Հայաստան–Ադրբեջան խաղաղությունը Վաշինգտոնի համար այլևս միայն կովկասյան դիվանագիտական գործ չէ՝ այն մտել է ամերիկյան նախագահի արտաքին քաղաքական հաշվեկշիռ։ Թրամփի վարչակազմը հրապարակայնորեն իր անունը կապել է այս գործընթացի արդյունքի հետ։ Դիվանագիտության մեջ հեղինակությունը նույնպես կապիտալ է։ Նախագահի անձնական քաղաքական հաշվեկշռում հայտնված համաձայնությունը ձեռք է բերում հավելյալ կշիռ։ Ռազմական նոր բախումը հարված կհասցնի նաև Վաշինգտոնի հրապարակային պնդմանը՝ իր ավարտած պատերազմներից մեկի մասին։ Սա խաղաղության երաշխիք չէ։ Սա քաղաքական նոր հանգամանք է։ Պատմությունը նման դրվագներ ունի։ 1978 թվականի Քեմփ Դեյվիդի համաձայնությունները նույնպես վերջնական խաղաղության պայմանագիր չէին։ Դրանք ստեղծեցին շրջանակը։ Եգիպտոս–Իսրայել խաղաղության պայմանագիրը ստորագրվեց միայն 1979 թվականի մարտին՝ ամիսներ տևած բարդ բանակցություններից և Ջիմի Քարթերի վարչակազմի շարունակական ներգրավումից հետո։ Ամերիկյան քաղաքական հեղինակությունն արդեն ներդրված էր այդ գործընթացում, և Վաշինգտոնը մասնակցեց այն համաձայնագրից պայմանագիր հասցնելու աշխատանքին։ Հարավային Կովկասում այժմ ձևավորվում է սեփական տրամաբանությունը։ Օգոստոսի 8-ի փաթեթը խաղաղության փաստաթղթերով չէր սահմանափակվում։ Սպիտակ տունը այն կապեց առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիական համագործակցության հետ։ Խաղաղությունը մտցվեց տնտեսական քարտեզի մեջ։ Սա արդեն աշխարհատնտեսություն է։ Փակ սահմանն ու պատերազմի մշտական վտանգը տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը պահել են մասնատված տարածքի վիճակում։ Նոր հաղորդակցությունները տարածաշրջանը կարող են կապել Կասպից ծովի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և եվրոպական շուկաների հետ։ Այդ նախագծերի արժեքը կախված է քաղաքական կայունությունից։ Նոր պատերազմը հարվածում է նաև ճանապարհներին, ներդրումային ծրագրերին և տարածաշրջանի նոր տնտեսական դերակատարությանը։ Ուստի Սպիտակ տան կայքում հայտնված մեկ նախադասությունը սովորական քարոզչական տող համարելը սխալ կլինի։ Այն ցույց է տալիս ամերիկյան վարչակազմի սեփական ընկալումը։ Վաշինգտոնը Հայաստան-Ադրբեջան կարգավորումն արդեն ներկայացնում է որպես իր արտաքին քաղաքական արդյունք։ Սրա մեջ Հայաստանի համար կարևոր քաղաքական փաստ կա։ Խաղաղության գործընթացի շուրջ առաջացել է ամերիկյան հեղինակային շահ։ Անշուշտ, սա ինքնին չի ամբողջացնում խաղաղությունը․ դեռ առջևում են պայմանագրի ստորագրումը, սահմանների իրավական ամրագրումը, անվտանգության գործիքակազմը և ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացումը, իջազգային հարաբերություններում, սակայն, մեծ տերության հեղինակության կապը որևէ գործընթացի հետ ինքնին դառնում է դրա պահպանման կարևոր քաղաքական գործոն։ Օգոստոսի 8-ից հետո Վաշինգտոնը պարզապես ներկա չէ հայ-ադրբեջանական գործընթացում։ Այն արդեն ներառել է այդ գործընթացի արդյունքը սեփական հաջողությունների պատմության մեջ, իսկ պետությունները սովորաբար ուշադիր են իրենց անունով գրված պատմությունների ճակատագրի նկատմամբ։



