Անկախության ավանդական պատկերացումը կառուցված է պետականության տեսանելի հենարանների վրա՝ սահման, բանակ, արժույթ, դրոշ և սեփական արտաքին քաղաքականություն։ 21-րդ դարում այդ ցանկին ավելացել է ավելի բարդ հարց՝ պետությունը որքանո՞վ է կարողանում պահպանել որոշումների ազատությունը խոր փոխկախվածության պայմաններում։ Այսօր աշխարհում ինքնաբավ պետություններ գրեթե չկան։ Ամերիկյան ընկերությունները կախված են ասիական մատակարարման շղթաներից, Եվրոպան՝ արտաքին էներգետիկ ու հումքային աղբյուրներից, Չինաստանը՝ համաշխարհային շուկաներից, փոքր պետությունները՝ կապիտալի, տեխնոլոգիայի և առևտրի ազատ հոսքից։ Ժամանակակից տնտեսությունը փոխկախվածությունների հսկայական ցանց է։ Հետևաբար ինքնիշխանության կարևոր չափումը կախվածությունների կառուցվածքն է։ Երբ երկրի տնտեսությունը, էներգետիկան, հաղորդակցություններն ու անվտանգությունը կախված են քիչ թվով արտաքին աղբյուրներից, պետության որոշումների ազատությունն էլ նվազում է։ Հարվարդի տնտեսագետ Դանի Ռոդրիկը ժամանակակից պետության այս դժվարությունը նկարագրել է երեք ընտրության հակասությամբ։ Խոր տնտեսական ինտեգրումը, ազգային ինքնորոշումը և ժողովրդավարական քաղաքականությունը մշտապես պահանջում են հավասարակշռություն։ Ռոդրիկի առանցքային գաղափարն այն է, որ գլոբալ տնտեսական ինտեգրումը չպետք է վերացնի պետությունների քաղաքական ընտրության հնարավորությունը։ Բրետոն-Վուդսի հետպատերազմյան համակարգի ուժը նա հենց այդ հավասարակշռության մեջ էր տեսնում։Եվրոպան ընտրեց մեկ այլ հետաքրքիր ճանապարհ։ Երկու համաշխարհային պատերազմներից հետո Ժան Մոնեն առաջարկեց ածուխն ու պողպատը՝ պատերազմի հիմնական արդյունաբերական ռեսուրսները, կառավարել ընդհանուր կառույցների միջոցով։ Սկզբնական տնտեսական նախագիծը հետագայում դարձավ եվրոպական ինտեգրման քաղաքական հիմք։ Մոնեի տրամաբանությամբ՝ որոշ լիազորությունների համատեղ իրականացումը կարող էր մեծացնել պետությունների իրական ազդեցությունն ու արդյունավետությունը։Այս գաղափարը փոխում է ինքնիշխանության շուրջ սովորական պատկերացումը։ Պետության ուժը միայն սեփական ձեռքում պահված լիազորությունների քանակով չի չափվում։ Կարևոր է նաև դրանց միջոցով ստացվող արդյունքը։ Եվրոպական փոքր պետությունների փորձը դրա լավ օրինակն է։ Էստոնիայի, Դանիայի, Նիդեռլանդների կամ Ֆինլանդիայի միջազգային ազդեցությունը նրանց տարածքի չափից շատ ավելի մեծ է։ Այդ ուժը ձևավորվել է արդյունավետ պետությունից, տեխնոլոգիայից, կրթությունից, առևտրից, դաշինքներից և միջազգային հաստատություններում ակտիվ մասնակցությունից։ Հայաստանի համար այս քննարկումը չափազանց գործնական է։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի աշխարհագրությունը ավելի շատ սահմանափակում էր ստեղծում, քան հնարավորություն։ Փակ սահմանները, խզված երկաթուղային կապերը և տնտեսության ու էներգետիկայի կենտրոնացված կախվածությունները նեղացնում էին երկրի ընտրության հնարավորությունները։ Նոր ճանապարհները, շուկաները, էներգետիկ կապերն ու տեխնոլոգիական գործընկերությունները այսօր կարող են ընդլայնել Հայաստանի տնտեսական և քաղաքական ազատությունը։ Այս պատճառով երկաթուղին կարող է ունենալ նույնքան քաղաքական նշանակություն, որքան միջպետական համաձայնությունը ։ Էլեկտրահաղորդման նոր գիծը կարող է ուժեղացնել ինքնիշխանությունը։ Նոր արտահանման շուկան կարող է նվազեցնել քաղաքական խոցելիությունը։ Համալսարանի միջազգային կապերը կամ տեխնոլոգիական ներդրումը նույնպես պետական կարողության մաս է։ Փոքր պետության համար անկախությունը հատկապես պահանջում է ընտրության լայն հնարավորություն ։ Լավ արտաքին քաղաքականությունը ստեղծում է հնարավորությունների լայն դաշտ՝ մի քանի տնտեսական ուղղություն, մի քանի էներգետիկ աղբյուր, տարբեր անվտանգության գործընկերներ, բազմաթիվ առևտրային կապեր։ Այդ կառուցվածքը պետությանը տալիս է բանակցելու ուժ և ճգնաժամերին դիմանալու հնարավորություն։ 20-րդ դարի փորձը ցույց տվեց՝ արտաքին աշխարհից մեկուսացումը չի ուժեղացնում ինքնիշխանությունը։ Այն հաճախ բերում է տեխնոլոգիական հետընթացի, սահմանափակ շուկայի և թույլ տնտեսության։ Փոքր ու հաջողակ պետությունները ընտրեցին այլ ուղի՝ խոր ինտեգրում համաշխարհային տնտեսությանը և միաժամանակ ամուր պետական համակարգ։ Հայաստանի անկախության հաջորդ փուլը պետք է կառուցվի այս սկզբունքի վրա՝ ավելի լայն միջազգային կապեր, ավելի ուժեղ պետական կարողություններ և ավելի մեծ ազատություն սեփական որոշումների համար։ Ինքնիշխան պետությունը պահպանում է ընտրության ազատությունը՝ գործընկերների, մատակարարների, հաղորդակցությունների և անվտանգության հարցերում, և արտաքին ճնշման պայմաններում կարողանում է առաջնորդվել սեփական պետական շահով։ 21-րդ դարի անկախությունը հենց այդ կարողությունների ամբողջությունն է։ Աշխարհի հետ ավելի լայն կապերը չեն թուլացնում ինքնիշխանությունը։ Խելամիտ կառուցված կապերը մեծացնում են պետության ընտրության ազատությունն ու դիմադրունակությունը։ Գուցե անկախության ամենաժամանակակից իմաստը հենց սա է՝ ունենալ բավարար ուժ, կապեր ու ընտրության ազատություն, որպեսզի երկրի որոշումները իսկապես կայացվեն սեփական կամքով ։



