Իտալիայում դպրոցներում նախատեսում են արգելել նիկաբի և բուրկայի կրումը

Իտալիայի կառավարությունը առաջիկայում նախարարների խորհրդի քննարկմանը կներկայացնի դպրոցներին վերաբերող նոր միջոցառումներ, որոնցով նախատեսվում է սահմանափակել մեկ դասարանում օտարերկրյա աշակերտների թիվը և դպրոցներում արգելել նիկաբի ու բուրկայի կրումը։ Այս մասին Հռոմում՝ իր «Իտալիայի եղբայրներ» կուսակցության երիտասարդական թևի միջոցառման ժամանակ, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։ Իտալական Corriere della Sera-ի հաղորդմամբ՝ այս երկու փոփոխությունները նախատեսվում է ներառել դպրոցների վերաբերյալ դեկրետում, որը կառավարությունը մտադիր է քննարկել նախարարների խորհրդի՝ այս շաբաթվա վերջին կայանալիք նիստում։ Մելոնին հայտարարել է, որ անընդունելի է այն իրավիճակը, երբ իտալական դպրոցներում իտալացի երեխաները կարող են իրենց փոքրամասնություն զգալ։ Նրա խոսքով՝ օտարերկրյա աշակերտների ծնողները, որոնց երեխաները դժվարություններ ունեն Իտալիայում ինտեգրվելու հարցում, նույնպես պետք է սովորեն իտալերեն։ Քննարկվող փոփոխությունների համաձայն՝ մեկ դասարանում օտարերկրյա աշակերտների թիվը կարող է սահմանափակվել 30 տոկոսով։ Սակայն այս սահմանափակումը չի տարածվի Եվրամիության անդամ մյուս երկրների քաղաքացիների վրա, քանի որ ԵՄ կանոնների համաձայն՝ նրանք կրթական համակարգում հավասարեցվում են Իտալիայի քաղաքացիներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13894

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով