Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Հունաստանի Հանրապետության առաջին մայրաքաղաք պատմական Նավպլիոնում կայացած՝ Խաղաղության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արգոլիդայի մասնաճյուղի, Պելոպոնեսի մարզի և Նավպլիոնի քաղաքապետարանի կողմից՝ «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրի ներքո։ Ինչպես տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, այս տարի Հայաստանը ընտրվել է որպես միջոցառման պատվավոր երկիր։ Իր ողջույնի խոսքում Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ Հայաստանի հանդեպ ցուցաբերված պատվի և ջերմ վերաբերմունքի համար։ Նա ընդգծել է խաղաղության, երկխոսության, մշակույթների փոխադարձ ճանաչման և համամարդկային արժեքների պահպանման կարևորությունը՝ ներկայացնելով Հայաստանի խաղաղության օրակարգը, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ինչպես նաև «ԹՐԻՓՓ» ծրագիրը։ Դեսպանը նաև անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև պատմական բարեկամությանը և բազմոլորտ համագործակցությանը՝ ընդգծելով երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքներն ու փոխադարձ աջակցությունը։ Միջոցառման մշակութային ծրագրի շրջանակում հայկական երգն ու պարը ներկայացվել են որպես հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության, պատմական հիշողության և խաղաղության ձգտման արտահայտություն։ Միջոցառմանը հաջորդել են ավանդական պարային կատարումներ՝ «Ավետիս» հայկական պարային համույթի և Ն. Արգոլիդայի պոնտի համայնքի «Պանագիա Սումելա» միության մասնակցությամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով մշակույթի՝ ժողովուրդներին մերձեցնելու և բարեկամությունն ամրապնդելու բացառիկ դերը։



