ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ ինքը գոհ չէ Իրանի պատերազմի շուրջ բանակցությունների վերաբերյալ վերջին առաջարկից, մինչդեռ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների, եթե Միացյալ Նահանգները փոխի իր մոտեցումը։ Երեկ հաղորդվեց, որ Իրանը նոր առաջարկ է պակիստացնի միջնորդների միջոցով փոխանցել: Պարզ չէ, սակայն, թե իրանցիներն ինչ էին ներկայացրել իրենց նոր առաջարկով։ «Նրանք ուզում են գործարք կնքել, բայց… ես դրանից գոհ չեմ», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ Իրանի ղեկավարությունը «շատ անհամաձայնեցված» է և բաժանված է երկու կամ երեք խմբի։ «Նրանք խնդրում են բաներ, որոնց հետ ես չեմ կարող համաձայնվել», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ հեռախոսով բանակցությունները շարունակվում են։ Նախօրեին Ֆլորիդայում ունեցած ելույթի ժամանակ, Թրամփն ասել է նաև, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ առճակատումը վաղաժամկետ չի դադարեցնի, որպեսզի «երեք տարի անց խնդիրը կրկին առաջանա»: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանին թույլ չի տրվի ունենալ միջուկային զենք։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե Միացյալ Նահանգները փոխի իր «չափազանցված մոտեցումը, սպառնալից հռետորաբանությունը և սադրիչ գործողությունները»։ Միևնույն ժամանակ Արաղչին ասել է, որ «Իրանի զինված ուժերը շարունակում են պատրաստ լինել պաշտպանել երկիրը ցանկացած սպառնալիքից»։



