Հայաստանի անկախության 35-ամյակի օրը The National Interest -ը հրապարակել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի ծավալուն հարցազրույցը։ Զրույցը վարել է Center for the National Interest-ի ավագ գիտաշխատող Էնդրյու Քուչինսը։ Հրապարակման արժեքը պաշտոնական շնորհավորանքներից շատ ավելի լայն է։ Այն ներկայացնում է Վաշինգտոնում ձևավորվող հայկական նոր պատմությունը՝ խաղաղություն, տարանցում, ամերիկյան կապիտալ, AI, կիսահաղորդիչներ, էներգետիկա և կրիտիկական հանքանյութեր՝ մեկ աշխարհատնտեսական փաթեթում։ Մկրտչյանը անցած տարին անվանում է հայ-ամերիկյան հարաբերությունների «արտակարգ փոփոխության տարի»։ Նրա նկարագրությամբ՝ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրից հետո հարաբերությունների կենտրոնը տեղափոխվել և առավելապես կենտրոնացել է գործնական տնտեսական համագործակցության դաշտ։ Արդեն ձևավորված օրակարգում կան AI և կիսահաղորդիչներ, էներգետիկ անվտանգություն, տարանցիկ ենթակառուցվածքներ, կրիտիկական հանքանյութեր, հազվագյուտ մետաղներ և պաշտպանական տեխնոլոգիաներ։ Սեպտեմբերին հրապարակված Համապարփակ ռազմավարական գործընկերության խարտիան այդ ուղղությունները արդեն ամրագրում է որպես երկկողմ համագործակցության պաշտոնական շրջանակ։ Ամենաուշագրավ փոփոխությունը տնտեսական մտածողության մեջ է։ Դեսպանը դա ամփոփում է trade, not aid՝ առևտուր, ոչ թե օգնություն բանաձևով։ Տասնամյակներ շարունակ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններում մեծ տեղ են զբաղեցրել օգնության ծրագրերն ու սփյուռքի աջակցությունը։ Նոր օրակարգը շեշտը տեղափոխում է ներդրումների, տեխնոլոգիաների և փոխադարձ տնտեսական շահի վրա։ Փոխվում է նաև սփյուռքի դերը․ բարեգործական աջակցության ավանդական մոդելին ավելանում է ներդրողի, ձեռնարկատիրոջ և երկարաժամկետ տնտեսական գործընկերոջ դերակատարությունը։ Մկրտչյանի ուղերձը պարզ է․ Հայաստանն ուզում է ներկայանալ ԱՄՆ-ին որպես երկիր, որը կարող է կապիտալ ներգրավել, նոր արժեք ստեղծել և ամերիկյան բիզնեսի համար իրական տնտեսական հետաքրքրություն ներկայացնել։ Այս փոփոխության տեխնոլոգիական խորհրդանիշը Firebird-Nvidia ծրագիրն է։ Դեսպանը խոսում է շուրջ 4 միլիարդ դոլարի նախագծի մասին, որը Հայաստանը կարող է դարձնել տարածաշրջանային բարձր հաշվարկային հզորությունների կարևոր կենտրոն։ Նրա գնահատմամբ՝ ծրագրի ամբողջական իրականացումը Հայաստանը մեկ շնչի հաշվով հաշվարկային հզորությամբ կարող է հասցնել աշխարհի առաջատար հնգյակ։ Հարցազրույցում հիշատակվում է նաև անօդաչուների արտադրության և ռազմական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը։ Այս երկու ուղղությունների միավորումը կարևոր է․ ժամանակակից աշխարհում AI-ը, չիպերը, էներգիան և պաշտպանական արդյունաբերությունը արդեն նույն ռազմավարական տնտեսության մասերն են։ TRIPP-ը այս ամբողջ կառուցվածքի ֆիզիկական ողնաշարն է։ Հարցազրույցում հնչում են նաև իրականացման կոնկրետ ժամկետներ։ Հայաստանն ակնկալում է տեխնիկատնտեսական ուսումնասիրության հաստատում հոկտեմբերին, իսկ շինարարական աշխատանքների մեկնարկ՝ 2027-ի հունվար–փետրվարին։ TRIPP Development Company-ում ԱՄՆ-ի բաժնեմասը նախատեսված է 74 տոկոս, Հայաստանինը՝ 26 տոկոս։ Մաքսային հսկողությունը, անվտանգությունը, արտակարգ իրավիճակների կառավարումը և պետական մյուս գործառույթները մնալու են հայկական հաստատությունների իրավասության ներքո։ Դեսպանը նաև նշում է DFC-ի հետ ֆինանսական բանակցությունները և արդեն գրանցված համատեղ ընկերությունը։ Կա նաև ավելի լայն ֆինանսական գաղափար։ Մկրտչյանը խոսում է 200 միլիոն դոլարից ավելի ամերիկյան ներդրումային գործիքի մասին, որը պետք է ֆինանսավորի TRIPP-ի հետ կապված նախագծեր Հայաստանից դեպի Կենտրոնական Ասիա և Եվրոպա։ Նրա պատկերացմամբ՝ հարավկովկասյան հատվածը պետք է ամրացնի Միջին միջանցքի արևմտյան եզրը։ Սա արդեն պարզապես ճանապարհի կառուցման ծրագիր չէ։ Հայաստանը փորձում է իր տարածքը կապել Ասիա-Եվրոպա մատակարարման շղթաների, հանքանյութերի, թվային ենթակառուցվածքների և ներդրումային հոսքերի հետ։ Կրիտիկական հանքանյութերի շուրջ վերջերս հրապարակված հայ-ամերիկյան շրջանակն այս տրամաբանությունը ավելի է խորացնում։ Փաստաթուղթը TRIPP-ը կապում է Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից հանքանյութերի տարանցման հետ և նախատեսում է ամերիկյան կապիտալ, տեխնոլոգիաների փոխանցում, Հայաստանում վերամշակման կարողություններ և ազգային երկրաբանական ծառայության զարգացում։ Այսպիսով, տարանցիկ ճանապարհը միանում է ԱՄՆ-ի տեխնոլոգիական և արդյունաբերական մատակարարման շղթաների քաղաքականությանը։ Ռուսաստանի վերաբերյալ հարցազրույցի շեշտադրումն առանձնապես ուշագրավ է։ Երևանը TRIPP-ը չի ներկայացնում որպես Ռուսաստանին տարածաշրջանից տնտեսական իմաստով դուրս մղելու նախագիծ։ Մկրտչյանի խոսքով՝ ռուս գործընկերներին «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը պարբերաբար ներկայացվում է, և ապագա նախագծերին մասնակցելու հնարավորությունը բաց է։ Գործում են հստակ կանոններ՝ Հայաստանի ինքնիշխանության և ազգային շահերի պաշտպանություն։ Նույն տրամաբանությունը վերաբերում է Իրանին։ Հարաբերությունների բազմազանեցումն ընդգրկում է անվտանգությունը, սպառազինության գնումները, առևտուրը և մատակարարման շղթաները։ Այստեղ է երևում նոր քաղաքական հաշվարկի էությունը։ Հայաստանը փորձում է փոխել կախվածության կառուցվածքը՝ առանց տարածաշրջանը հերթական բաժանարար գծի վերածելու։ Մկրտչյանը հիշեցնում է նաև մի թիվ՝ Հայաստանի սահմանների շուրջ 80 տոկոսը երկար ժամանակ փակ է եղել։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սկսված երկխոսությունը ներկայացվում է այդ աշխարհագրական փակուղին վերացնելու քաղաքականություն։ Նպատակը Հարավային Կովկասը Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հետ կապելն է՝ արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ ուղղություններով։ Սեպտեմբերի 21-ի ամերիկյան ուղերձները լրացնում են նույն պատկերը ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստանի Անկախության օրվա ուղերձում հատուկ առանձնացրել է TRIPP-ի առաջմղումը, տնտեսական կապակցվածությունը և ամերիկյան ներդրումների խթանումը։ Նույն օրը Atlantic Council-ը Հարավային Կովկասը ներկայացրել է որպես Եվրոպա-Ասիա նոր առևտրային երթուղիների կարևոր տարածք՝ TRIPP-ը կապելով արևմտյան ներդրումների և Տրանսկասպյան հաղորդակցության ընդլայնման հետ։ Այս ամբողջ պատկերի ամենակարևոր իմաստը Հայաստանի աշխարհագրության նոր մեկնաբանությունն է։ Երեսուն տարի երկրի աշխարհագրությունը հիմնականում նկարագրվում էր փակ սահմաններով, պատերազմով, մեկ շուկայից կախվածությամբ և արտաքին անվտանգության հովանավորով։ Նոր պատմությունը կառուցվում է ճանապարհների, չիպերի, տվյալների, հանքանյութերի, ներդրումների և բաց սահմանների շուրջ։ Անկախության 35-րդ տարում սա Հայաստանի առաջ կանգնած նոր քննություն է։ Աշխարհաքաղաքական դիրքն արժեք է դառնում միայն այն ժամանակ, երբ այն վերածվում է ենթակառուցվածքի, կապիտալի, տեխնոլոգիայի և պետության կարողության։ The National Interest -ի հարցազրույցում հենց այդ Հայաստանի ուրվագիծն է երևում։



