Սաուդյան Արաբիայի և Իրանի աջակցությունը վայելող հութիների միջև հակամարտությունը սրվել է շաբաթ օրը Էր Ռիադին հասցված հրթիռային հարվածից հետո: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդհատել է իր հանգիստը Քեմփ Դևիդում և շտապ վերադարձել Սպիտակ տուն: ԱՄՆ պետքարտուղարությունը զգուշացրել է իրավիճակի հնարավոր կտրուկ վատթարացման մասին, իսկ փորձագետները խոսում են Իրանի դեմ պատերազմում նոր ճակատ բացվելու մասին: Մամուլում հրապարակված արտահոսքի համաձայն՝ ենթադրվում էր, որ Թրամփը հրաման կտա հարվածներ հասցնել հութիներին, ինչի մասին բազմիցս խնդրել էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգը: Ամերիկյան զինվորականները, իբր, նման հարվածների մանրամասն պլան էին մշակել, ամեն ինչ պատրաստ էր, և մնում էր միայն վերջնական որոշումը, սակայն Թրամփը, ինչպես դա պատահել է ավելի քան մեկ անգամ, վերջին պահին մտափոխվել է ։ Նախօրեին հութիները հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մեծ ալիք են արձակել Էր Ռիադի և Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների ուղղությամբ: Սա Թագավորության և Իրանի կողմից աջակցվող եմենյան խմբավորման միջև վերսկսված պատերազմի զգալի սրացում էր: Հութիների հարվածների պատճառով մայրաքաղաքում բարձր պատրաստվածության վիճակ է հայտարարվել, բնակիչները հայտնել են պայթյունների մասին, իսկ օդանավակայանում լրջորեն խաթարվել է թռիչքների ժամանակացույցը: 2015 թվականից ի վեր Սաուդյան Արաբիան վարում էր ռմբակոծությունների ավերիչ քաղաքականություն՝ փորձելով ճնշել հութիներին։ Սակայն նրանց չհաջողվեց վերջիններիս զրկել իշխանությունից, և Եմենը դարձավ կառավարական ուժերի ու զինյալների միջև բաժանման թիրախ։ 2022 թվականի հուլիսին հրադադարը խախտվեց այն բանից հետո, երբ հութիները Սաուդյան Արաբիային մեղադրեցին Սանայի օդանավակայանը ռմբակոծելու մեջ՝ նպատակ ունենալով թույլ չտալ իրանական ինքնաթիռի վայրէջքը։ Այդ ժամանակ հութիների պատվիրակությունը Սանայից Թեհրան էր մեկնել իրանական Mahan Air ավիաընկերության չվերթով՝ ներկա գտնվելու Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությանը, որը սպանվել էր Իրանում պատերազմի առաջին օրը: Սա հութիների կողմից վերահսկվող Եմենից դեպի Իրան առաջին ուղիղ թռիչքն էր 2015 թվականից ի վեր: Երբ հուլիսի 12-ին պատվիրակությունը փորձեց վերադառնալ, Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարական ուժերը հարվածեցին Սանայի օդանավակայանի թռիչքուղուն՝ ստիպելով ինքնաթիռին վայրէջք կատարել Հոդեյդա նավահանգստային քաղաքում: Ի պատասխան՝ հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ: Նրանք հարվածել են Կարմիր ծովի ռազմական բազաներին, նավահանգիստներին, օդանավակայաններին և նավթային լցանավերին։ Վերջին շաբաթների ընթացքում հութիները գրավել են Եմենի հսկայական տարածքներ։ Չնայած տասնյակ ավիահարվածներին՝ Սաուդյան Արաբիան չի կարողացել կանգնեցնել նրանց առաջխաղացումը։ Խմբավորումը զբաղեցրել է առանցքային դիրքեր, այդ թվում՝ Կարմիր ծովում ռազմավարական նշանակություն ունեցող կղզին և Բաբ էլ-Մանդեբի նեղուցին հարող առափնյա գոտիները։ Հութիները հայտարարում են, որ պատրաստ են պատերազմել մի քանի ճակատով։ Հութիների քաղաքական բյուրոյի անդամ Մոհամեդ ալ-Բուխայտին զգուշացնում է. «Այսօր Եմենը կարող է ռազմական գործողություններ վարել ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային ասպարեզում»: Նրա խոսքով՝ հութիները կհարձակվեն Սաուդյան Արաբիայի վրա, քանի դեռ Էր Ռիադը չի չեղարկել Եմենի՝ ապստամբների կողմից վերահսկվող շրջանների տասնամյա շրջափակումը և թույլ չի տվել նավերին մտնել Կարմիր ծովում հութիների կողմից վերահսկվող նավահանգիստներ: Միայն այդ ժամանակ նրանք պատրաստ կլինեն բանակցությունների, հավելել է նա։ Պարսից ծոցի երկրներում աճում են կասկածները Թագավորության՝ առանց ամերիկյան օգնության հակամարտության սրացումը դադարեցնելու ունակության վերաբերյալ։ Սակայն, չնայած ԱՄՆ-ի կողմից հետախուզական և կրակային աջակցության ուժեղացմանը, Թրամփի վարչակազմն առայժմ հակասական ազդակներ է ուղարկում : Վաշինգտոնը մերժել է հութիներին հարվածներ հասցնելու Էր Ռիադի խնդրանքը։ Իրանի հետ պատերազմով ծանրաբեռնված Վաշինգտոնն այլ ընտրություն չունի, քան նոր պատերազմի մեջ մտնելու փոխարեն՝ հութիների հետ համաձայնության գալը ։ ԱՄՆ պաշտոնյաներն Օմանի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատանը հանդիպել են հութիների ներկայացուցիչների հետ: Թրամփի խոսքով՝ հութիները համաձայնել են հարվածներ չհասցնել ամերիկյան օբյեկտներին։ Վերջին իրադարձությունները մեծացնում են մտավախությունները, որ Եմենը վերածվում է ավելի կարևոր ճակատի՝ Իրանի մասնակցությամբ տարածաշրջանային ավելի մեծ դիմակայության մեջ : Հաշվի առնելով առևտրային նավերի վրա հութիների հարձակումների պատմությունը, Թեհրանի հետ նրանց կապերը և ԱՄՆ-ի նկատմամբ խորը գաղափարական ընդդիմությունը՝ Կարմիր ծովում հութիների կողմից նավերի գնդակոծումը կհանգեցնի Բաբ էլ-Մանդեբի նեղուցում (ինչպես Հորմուզի նեղուցում) նավարկության սահմանափակումների: Դա իրականում երկրորդ տարածաշրջանային նեղ անցումը կդարձնի անհասանելի։ Այժմ, երբ հութիների վերահսկողության տակ են հայտնվել ռազմավարական նշանակություն ունեցող կղզիները և Եմենի Կարմիր ծովի ափամերձ ընդարձակ հատվածները, խմբավորումն ուժեղացրել է վերահսկողությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ, որը համաշխարհային նավագնացության և էներգառեսուրսների մատակարարման կարևորագույն հանգույցն է։ Բանակցությունների ընթացքում հութիները հավաստիացրել են ԱՄՆ ներկայացուցիչներին, որ իրենց սահմանափակումները կտարածվեն միայն Սաուդյան Արաբիայի հետ կապված նավերի վրա: Բայց նույնիսկ այդ դեպքում աշխարհի երկու կարևորագույն բեռնափոխադրման երթուղիները լուրջ խաթարումների կենթարկվեն, քանի որ Հորմուզի նեղուցով երթևեկությունն արդեն սահմանափակվել է վերջին վեց ամիսների ընթացքում: Հետագա ցանկացած ընդհատում կարող է հանգեցնել նավթի համաշխարհային գների և սպառողական ապրանքների արժեքի էլ ավելի բարձրացման, ինչը նախագահ Թրամփի համար ևս մեկ քաղաքական մարտահրավեր կլինի նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Ավելի քան երկու շաբաթ է, ինչ ԱՄՆ-ը չի հայտարարել Իրանին հարվածելու մտադրության մասին: Սակայն Իրանի ռազմական ղեկավարությունը հայտարարել է, որ տեղեկություններ է ստացել Վաշինգտոնի կողմից՝ տարածաշրջանային դաշնակիցների աջակցությամբ նոր ռազմական գործողություն նախապատրաստելու վերաբերյալ: Թեհրանը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած հարձակում կհանգեցնի ամբողջ տարածաշրջանում ամերիկյան բազաներին և օբյեկտներին հասցվող պատասխան երկարատև հարվածների: Իրանը նաև հայտնել է, որ նման գործողություններին աջակցող երկրները կդիտարկվեն որպես հակամարտության կողմ: Նախագահ Թրամփն իր հերթին՝ մեծացրել է լարվածությունը՝ հայտարարելով Իրանի վերաբերյալ կարևոր որոշումների կայացման պահի մոտենալու մասին: Նա տեղեկացրել է, որ գտնվում է որոշումների ընդունման փուլում, և առաջիկայում հնարավոր են նշանակալի իրադարձություններ: Թրամփը նշել է Իրանի համար երեք հնարավոր սցենար՝ Վաշինգտոնի հետ գործարքի կնքում, տնտեսական պատժամիջոցների ուժեղացում կամ ռազմական գործողություններ: Սակայն, ըստ էության, ամերիկյան ղեկավարությունն ի վիճակի չէ որևէ նոր բան ձեռնարկել։ Նախագահ Դոնալդ Թրամփի պահանջների առաջ տեղի տալու փոխարեն՝ Իրանը հաստատակամորեն դիմադրեց։ Թեհրանը տեղայնացրեց հակամարտությունը և զենքի վերածեց Հորմուզի նեղուցը՝ համաշխարհային կարևորագույն էներգետիկ միջանցքը։ Սա ցույց տվեց, որ աշխարհագրական դիրքը կարող է փոխհատուցել ռազմական թուլությունը։ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը համաշխարհային տնտեսության վրա շատ ավելի թանկ կնստի, քան Իրաքի ու Աֆղանստանի պատերազմները։ Նավթի գների աճը հաստատել է, որ Հորմուզի նեղուցի վերահսկողությունն Իրանին ավելի շատ ռազմավարական առավելություններ է տալիս, քան նրա հրթիռային զինանոցը: Զարմանալի չէ, որ Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին նեղուցի նկատմամբ վերահսկողությունն անվանել է «առանցքային ռազմավարական առաջնահերթություն»: Բաբ էլ-Մանդեբի նեղուցում նավագնացության վրա հութիների հարձակումների հետ համատեղ՝ Թեհրանը հզոր լծակ է ստանում աշխարհի երկու կարևորագույն ծովային ուղիների վրա ազդելու համար: Հութիների և Սաուդյան Արաբիայի միջև հակամարտության սրումը դրդում է Պարսից ծոցում նոր կարգի ձևավորմանը։ Ամերիկյան գերիշխանությունը գնալով կասկածի տակ է դրվում, իսկ Իրանն իրեն դրսևորում է՝ որպես տարածաշրջանային առանցքային տերություն։ Ընդհանուր առմամբ, այս իրադարձությունները վկայում են Իրանի և հութիների միջև աճող համակարգման մասին՝ նպատակ ունենալով օգտվել ռազմավարական աշխարհագրական դիրքի առավելություններից, խաթարել այլընտրանքային էներգետիկ միջանցքները և բարձրացնել նավթի համաշխարհային գները։ ՆԻԿՈԼԱՅ ԲՈԲԿԻՆ Քաղաքագետ, Գ. Ա. Արբատովի անվան ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտ infoshos.ru Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի



