Եվրահանձնաժողովը որոշել է ապասառեցնել Հունգարիայի համար նախատեսված 4.2 մլրդ եվրոյի համախմբման հիմնադրամների միջոցները՝ գնահատելով, որ Բուդապեշտը կատարել է օրենքի գերակայության վերաբերյալ ԵՄ-ի պահանջները։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Հունգարիան կարևոր քայլեր է կատարել օրենքի գերակայությունն ամրապնդելու և ԵՄ ֆինանսական շահերը պաշտպանելու ուղղությամբ։ Բացի այդ, որոշումը հնարավորություն է տալիս Հունգարիային կրկին լիարժեք մասնակցել Erasmus+ ուսանողների փոխանակման ծրագրին և Horizon Europe գիտահետազոտական ծրագրին։ ԵՄ-ն Հունգարիայի ֆինանսավորման մի մասը սառեցրել էր 2022 թվականին՝ կոռուպցիայի դեմ պայքարի, շահերի բախման և պետական գնումների ոլորտում համակարգային խնդիրների պատճառով։ Այդ ժամանակ սառեցված էր ընդհանուր 6.3 մլրդ եվրոյի համախմբման ֆինանսավորում։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի կառավարությունը օգոստոսի վերջին հայտարարել էր, որ կատարել է ԵՄ-ի կողմից սահմանված բոլոր պայմանները, այդ թվում՝ հանրային շահի հիմնադրամների՝ KEKVA-ների հետ կապված հարցերի կարգավորման մասով։ Միաժամանակ Հունգարիան ցանկանում է ստանալ ևս 10 մլրդ եվրոյի վերականգնման հիմնադրամներից, որի վերաբերյալ Եվրահանձնաժողովի գնահատումը դեռ շարունակվում է։ Եվս 2 մլրդ եվրոյի համախմբման ֆինանսավորում շարունակում է մնալ սառեցված՝ ապաստանի համակարգի, երեխաների պաշտպանության օրենքի և ակադեմիական ազատության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։



