«ՊՍԺ»-ի վինգեր Ուսման Դեմբելեն պատմել է, թե ինչպես է տարիների ընթացքում փոխվել իր խաղաոճը՝ նշելով, որ մեծ ազդեցություն է ունեցել Լիոնել Մեսսիի հետ «Բարսելոնայում» խաղալը։ Դեմբելեի խոսքով՝ երիտասարդ տարիներին ինքը հաճախ փորձում էր տպավորիչ հնարքներ անել և հաճույք պատճառել երկրպագուներին։ «Երբ 18-20 տարեկան ես, դա նորմալ է։ Երբ 20 տարեկան էի, ցանկանում էի երկու-երեք անգամ գնդակը անցկացնել մրցակցի ոտքերի արանքով, տարբեր ֆինտեր ու հնարքներ անել՝ հանդիսատեսի արձագանքը լսելու համար»,– ասել է նա։ Ֆուտբոլիստը նշել է, որ հետագայում սկսել է ավելի արդյունավետ և հանգիստ խաղալ։ Նրա խոսքով՝ այդ փոփոխության հարցում մեծ դեր է ունեցել «Բարսելոնայում» աշխարհի լավագույն ֆուտբոլիստների կողքին խաղալը, հատկապես՝ Մեսսիի հետ։ «Ես տեսնում էի, թե ինչպես էր խաղում Լիոնելը։ Նա ամեն ինչ անում էր արդյունավետության համար՝ յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր շարժում։ Ես նրանից շատ բան սովորեցի»,– ասել է Դեմբելեն։



