Ինքնիշխանության նոր սահմանը

Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթի ամենաքաղաքական հատվածներից մեկը վերաբերում էր հունիսի 7-ի ընտրություններին։ Վարչապետը դրանք ներկայացրեց որպես արտաքին միջամտության և ներքին դիմակայության փորձություն՝ խոսելով տեղեկատվական մանիպուլյացիայի, հիբրիդային ազդեցության, ընտրակաշառքի և «պետության զավթման» ծրագրի մասին։ Նրա հիմնական եզրահանգումը վերաբերում էր արդեն պետական համակարգին․ Հայաստանի ինստիտուտները, ըստ վարչապետի, կարողացել են կասեցնել այդ ճնշումը և պահպանել քաղաքացիների քաղաքական կամքի ազատ արտահայտումը։ Այս ձևակերպմամբ ընտրությունները ներկայացվեցին որպես պետական ինքնիշխանության դիմակայունության փորձություն։ ՄԱԿ-ի ամբիոնից այս բառապաշարը ստանում է արդեն պետական ինքնիշխանության մասին հայտարարության կշիռ։ «Պետության զավթում» ձևակերպումը ընտրական մրցակցությունը տեղափոխում է ազգային անվտանգության հարթություն՝ քաղաքական կամքի ձևավորումը դիտարկելով որպես պաշտպանության ենթակա պետական տարածք։ Այս տրամաբանությամբ արտաքին միջամտությունն արդեն ինքնիշխանության դեմ ուղղված ճնշման ձև է՝ անկախ նրանից, անցնում է այն պետական սահմանով, թե ներթափանցում քաղաքական որոշումների ձևավորման միջավայր։ Այդ պատճառով քվեատուփը այստեղ դառնում է ինքնիշխանության գործնական սահմաններից մեկը։ Փաշինյանը Ռուսաստանին անունով չնշեց, սակայն հայտարարությունը հնչեց ընտրություններից երեք ամիս անց՝ մի միջավայրում, որտեղ միջազգային դերակատարներն արդեն խոսել էին Հայաստանի դեմ ճնշումների, առևտրային սահմանափակումների և անվտանգային սպառնալիքների մասին, իսկ ռուսական պաշտոնական ու մերձպետական խոսույթում Հայաստանի ընտրությունը հաճախ կապվում էր եվրոպական միության անդամակցության հեռանկարի հետ։ Այդ համատեքստում «պետության զավթման» ձևակերպումը դժվար էր ընկալել որպես վերացական զգուշացում՝ այն ուներ հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ և Մոսկվայում անխուսափելիորեն ընկալվելու էր նաև որպես քաղաքական ազդակ։ Այստեղ վերաձևակերպվում է հենց ինքնիշխանության հայկական ընկալումը։ 1990-ականներին ինքնիշխանությունը նախևառաջ տարածքի և պետական սահմանների պաշտպանություն էր՝ պատերազմի և անվտանգության արտաքին կախվածության պայմաններում։ Այսօր ինքնիշխանությունը միայն սահմանով չի չափվում։ Պետությունը պետք է պաշտպանի նաև քաղաքական որոշումների ձևավորման ամբողջ միջավայրը՝ ընտրությունները, տեղեկատվական դաշտը, ֆինանսական ազդեցության ուղիները և քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։ Այս իմաստով ինքնիշխանությունն այլևս միայն սահմանների հարց չէ։ Այն նաև պետության կարողությունն է՝ սեփական քաղաքական կամքը ձևավորել առանց արտաքին թելադրանքի։ Ժամանակակից միջամտությունը հաճախ գործում է առանց սահման հատելու։ Այն կարող է փոխանցվել տեղեկատվական հոսքերով, տնտեսական ճնշումներ բանեցնելով, ֆինանսական կախվածություններով, առևտրային սահմանափակումներով կամ անվտանգային սպառնալիքներով։ Փոքր պետությունների խոցելիությունն այսօր մեծապես հենց այս անտեսանելի հարթություններում է։ Հակառակորդի հետ սահմանը պահոում է զինվորը, իսկ քաղաքական ինքնիշխանությունը՝ ինստիտուտները, օրենքի գերակայությունը, թափանցիկ ֆինանսավորումը, ազատ տեղեկատվական միջավայրը և վստահելի ընտրական համակարգը։ Հունիսի 7-ի ընտրություններն այս պատճառով դարձան ոչ միայն ներքաղաքական պայքարի, այլ նաև Հայաստանի ինքնիշխանության և արտաքին ազդեցությունների դիմակայության փորձություն։ ԵԱՀԿ դիտորդների գնահատմամբ՝ ընտրությունները մրցակցային էին և ընդհանուր առմամբ լավ կազմակերպված, սակայն գործընթացը ուղեկցվել է արտաքին ճնշման դրսևորումներով և մի շարք լուրջ մտահոգություններով։ Այս երկակի պատկերը կարևոր է պահել ամբողջությամբ։ Արտաքին միջամտությանը դիմակայելը պետական կայունության միայն մի կողմն է։ Նույնքան կարևոր է, որ այդ դիմակայությունը ուղեկցվի ներքին համակարգի նկատմամբ նույն պահանջկոտությամբ՝ ընտրական արդարության, իրավապահների չեզոքության, ֆինանսական թափանցիկության և քաղաքական մրցակցության պաշտպանության հարցերում։ Պետական դիմակայունությունը ենթադրում է, որ ինքնիշխանությունը պաշտպանվում է նաև սեփական ինստիտուտների նկատմամբ նույնքան բարձր չափանիշներով։ Այստեղ «պետության զավթում» ձևակերպումը ստանում է նաև ներքին սահմանադրական իմաստ։ Արտաքին միջամտությանը դիմակայելը ինքնիշխանության պաշտպանություն է միայն այն ժամանակ, երբ այդ պայքարը մնում է իրավական սահմանների մեջ և նույն պահանջկոտությամբ է վերաբերում նաև երկրի ներքին քաղաքական գործընթացներին։ Այլապես ազգային անվտանգության լեզուն կարող է հեշտությամբ ծառայել ներքաղաքական սահմանափակումների արդարացմանը։ Ժողովրդավարական պետության դիմակայունությունը չափվում է երկու կարողությամբ՝ արտաքին ազդեցությունը զսպելու և սեփական իշխանության սահմանները պահպանելու։ ՄԱԿ-ի ելույթում ընտրական թեման միավորվեց խաղաղության քաղաքականության հետ։ Փաշինյանը հունիսի 7-ի արդյունքը ներկայացրեց որպես խաղաղության ուղեգծի հանրային վավերացում՝ այդպիսով այն բարձրացնելով դիվանագիտական նախաձեռնությունից պետական ռազմավարության մակարդակ։ Այս տրամաբանությամբ արտաքին միջամտությունը արդեն ուղղված է ոչ միայն ընտրական գործընթացի, այլև Հայաստանի հաստատված արտաքին քաղաքական ընտրության դեմ։ Խաղաղությունը այստեղ ստանում է երկակի նշանակություն՝ որպես արտաքին քաղաքական նպատակ և որպես ներքին քաղաքական մանդատ։ Սրա արտաքին քաղաքական կշիռը մեծ է։ Հայաստանը միաժամանակ խորացնում է արևմտյան կապերը, առաջ է մղում Թուրքիայի հետ կարգավորումը, խաղաղության նոր համակարգ է կառուցում Ադրբեջանի հետ և վերաձևավորում հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս ամբողջ փոփոխության կայունությունը կախված է նաև ընտրական ինքնիշխանությունից։ Եթե արտաքին ֆինանսական, տեղեկատվական կամ տնտեսական ճնշումը կարող է ներգործել երկրի ռազմավարական ընտրության վրա, ապա նոր արտաքին քաղաքական կառուցվածքը մնում է խոցելի։ Այդ պատճառով ազատ ընտրությունը այստեղ դառնում է ոչ միայն ժողովրդավարության, այլև արտաքին քաղաքական անկախության հիմնական պաշտպանական մեխանիզմներից մեկը։ Մոսկվայի համար այստեղ նույնպես կա հստակ քաղաքական ազդակ։ Տասնամյակներ շարունակ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում կառուցվել է անվտանգության, էներգետիկայի, տնտեսության, տեղեկատվական դաշտի և քաղաքական կապերի փոխկապակցված համակարգի վրա։ Խորը և բազմաշերտ հարաբերությունը խնդիր չի դառնում այնքան ժամանակ, քանի դեռ այն չի սահմանափակում Հայաստանի քաղաքական ընտրության ազատությունը։ Քննարկման առանցքը հենց ազդեցության սահմանն է՝ որքան հեռու կարող է հասնել գործընկեր պետության տնտեսական, տեղեկատվական կամ քաղաքական ներկայությունը՝ առանց ազդելու Հայաստանի ռազմավարական որոշումների վրա։ Երևանի նոր մոտեցումը փորձում է այդ սահմանը դարձնել ավելի հստակ՝ պահպանել համագործակցությունը, բայց որոշումների վերջնական իրավունքը պահել Հայաստանի ձեռքում։ Այս մոտեցումը նույնքան բարձր պատասխանատվություն է դնում նաև Հայաստանի արևմտյան գործընկերների վրա։ Արտաքին միջամտության դեմ պայքարը համոզիչ է միայն այն դեպքում, երբ այն ուղեկցվում է նույնքան խիստ ներքին չափանիշներով՝ ազատ քաղաքական մրցակցությամբ, անկախ ինստիտուտներով և հավասար իրավական կանոններով։ Ուժեղ պետության հիմքը իշխանության կենտրոնացումը չէ, այլ այնպիսի ինստիտուտների գոյությունը, որոնք օրենքի գերակայությունը պահպանում են նաև իշխանության համար քաղաքականապես անհարմար պահին։ Փաշինյանի ՄԱԿ-ի հայտարարության խորքային իմաստը ինքնիշխանության հասկացության ընդլայնումն է։ Պետական անվտանգությունը այլևս չի սահմանափակվում տարածքով, սահմանով և բանակով։ Դրա կարևոր բաղադրիչ է նաև քաղաքացիների քաղաքական կամքի ազատ ձևավորումն ու արտահայտումը՝ առանց արտաքին ճնշման և միջամտության։ Քսանմեկերորդ դարում փոքր պետության անկախությունը կարող է թուլանալ նաև առանց տարածքային կորստի։ Բավական է, որ արտաքին ուժը կարողանա ազդել նրա սուվերեն որոշումների վրա։ Այս իմաստով քվեատուփը Հայաստանի համար աստիճանաբար դառնում է ռազմավարական սահման՝ նույն պետականության պաշտպանության տրամաբանության մեջ, ինչ ֆիզիկական սահմանագիծը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15385

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով