Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները

Սեպտեմբերի 25-ի առավոտյան Կասպից ծովում որոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում անհետ կորած ևս երկու զինծառայողների մարմինները։ Այս մասին հաղորդում է Kazinform գործակալությունը։ Այսպիսով, զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 3 զինծառայողի հաջողվել է փրկել, նրանցից մեկը հոսպիտալացվել է, նրա վիճակը կայուն է։ Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին Մանգիստաուի շրջանում՝ Կասպից ծովի ափին, մարտական ​​​​ուսումնական վարժանքների ժամանակ։ Եղանակային պայմանների հանկարծակի վատթարացման և քամու ուժգնացման պատճառով ծովի ալիքներն ափից հեռացրել էին 17 զինծառայողի. ավելի վաղ հաղորդվել էր ծովում հայտնված 19 զինծառայողի մասին, սակայն այս թիվն ավելի ուշ ճշգրտվել է։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին և հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ միջադեպի ամբողջական հանգամանքները պարզելու և ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար։ Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Պարզվել են այն պաշտոնատար անձինք, որոնք կասկածվում են ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Սեպտեմբերի 25-ը Ղազախստանում հայտարարվել է ազգային սգո օր։ Տարբեր երկրների ղեկավարներ ցավակցական հեռագրեր են հղել Ղազախստանի նախագահին, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14988

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով