Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկել է պատերազմի դադարեցման պայմանավորվածության հասնելուց հետո յոթ օրվա ընթացքում վերաբացել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։ Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Թեհրանը չի հրապարակել առաջարկի ամբողջական պայմանները։ Ավելի վաղ Իրանը պահանջել էր ապասառեցնել իր ակտիվները, դադարեցնել ռազմական գործողությունները և վերացնել ամերիկյան շրջափակումը իրանական նավահանգիստների ու նավերի նկատմամբ։ Սպիտակ տունը հաստատել է, որ միջնորդների միջոցով ընթանում են «դրական և կառուցողական բանակցություններ»։ Միևնույն ժամանակ, կողմերը շարունակում են կոշտ հայտարարություններ անել միմյանց հասցեին։ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է ընտրություն կատարի «մեծության» և «ոչնչացման» միջև, իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչության մեջ։



