Փարիզում ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոյի անձնական իրերի աճուրդը կազմակերպիչներին գրեթե 1 միլիոն եվրո է բերել, ինչը գրեթե 20 անգամ գերազանցել է նախնական գնահատման արժեքը: Այս մասին գրում է The Guardian-ը։ Աճուրդի էին հանվել դերասանուհու՝ Սեն Տրոպեում և Փարիզում գտնվող տներից 285 իր, այդ թվում՝ հագուստ, աքսեսուարներ, կահույք, ինքնադիմանկարներ և երաժշտական գործիքներ։ Կազմակերպիչների տվյալներով՝ վաճառքի նկատմամբ հետաքրքրությունն զգալիորեն գերազանցել է սպասելիքները. իրերի գնահատման արժեքը կազմել է շուրջ 50 000 եվրո։ Առավել թանկ լոտերի թվում էին շան երկու վզակապը, որոնք ռուս գնորդին վաճառվել են 9400 եվրոյով, ինքնադիմանկարը՝ 40 000 եվրոյով, գրամեքենա՝ 4600 եվրոյով և երկու կիթառ, որոնք վաճառվել են համապատասխանաբար 8600 և 1900 եվրոյով։ Հասույթը կուղղվի Բարդոյի հիմնադրած կենդանիների պաշտպանության ֆոնդին, ինչպես նաև նրա որդուն՝ Նիկոլա Ժակ Շարիեին։ «Այս վաճառքը տրամաբանական շարունակությունն է այն բանի, որը նա ինքն էր կազմակերպել 1987 թվականին՝ հիմնադրամը ստեղծելու նպատակով վաճառելով իր ամենաարժեքավոր իրերը, – հայտարարել է Բարդոյի հիմնադրամի կառավարիչ տնօրեն Գիսլեյն Կալմելսը։ – Այսօր նրա պայքարը շարունակվում է այս աճուրդի շնորհիվ»։ Բարդոյի ամուսինը՝ Բեռնար դ’Օրմալը, քննադատել է աճուրդը՝ այն որակելով անհարգալից վերաբերմունք դերասանուհու հիշատակի նկատմամբ։ AFP գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ դերասանուհու անձնական իրերը պետք է պահպանվեին որպես նրա ժառանգության մաս, և հավելել, որ Բարդոն «համաձայն չէր լինի այս վաճառքին»։ Բարդոն վախճանվել է 2025 թ. դեկտեմբերին՝ 91 տարեկանում։



