Երրորդ ուժի պատրանքը

2020-ի պատերազմի շուրջ ներքաղաքական բանավեճում հաճախ շրջանառվում է մի գայթակղիչ վարկած․ խաղաղության հասանելի տարբերակ կար, իշխանությունը մերժեց այն, և պատերազմը դարձավ այդ ընտրության հետևանքը։ Այդ վարկածը քաղաքականապես շահեկան է, սակայն պատմական պատճառահետևանքային ամբողջ շղթան չի ընդգրկում։ Պատերազմը հասունացել էր տարիներով խորացած ուժային անհավասարակշռության, փակուղի մտած դիվանագիտության և տարածաշրջանային միջավայրի փոփոխության հետևանքով։ 2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռ փորձում էին պահպանել բանակցային գործընթացի կենսունակությունը՝ շեշտելով փոխզիջման, խաղաղության նախապատրաստման և ռազմատենչ հռետորաբանության զսպման անհրաժեշտությունը։ Կարգավորման հիմնական շրջանակը շարունակում էր մնալ նույնը՝ հարակից տարածքների վերադարձ, Արցախի ժամանակավոր կարգավիճակ և անվտանգության երաշխիքներ, Լաչինի միջանցքի պահպանում, ապագա կարգավիճակի շուրջ անորոշություն, փախստականների վերադարձ և խաղաղապահ ներկայություն։ 2020-ի հունվարին բանակցությունները դեռ ընթացքի մեջ էին, սակայն վերջնական համաձայնություն գոյություն չուներ։ Ուստի այն պնդումը, որ 2019-ին Ալիևը պատրաստ էր ընդունել առաջարկված կարգավորումը և հրաժարվել ռազմական ճանապարհից, մնում է ընդամենը հետադարձ քաղաքական մեկնաբանություն։ Ավելին՝ Ալիևի մինչ այդ արտահայտած դիրքորոշումներն ու վարած քաղաքականությունը նման վստահության համար բավարար հիմք չէին տալիս։ 2011-ի Կազանը բանակցային գործընթացի ամենահասուն պահերից մեկն էր։ Մեդվեդևը անձամբ էր վարում բանակցությունները, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան աջակցում էին ձևավորված շրջանակին, իսկ հիմնական սկզբունքները վաղուց էին մշակված։ Սակայն վերջնական համաձայնություն չկայացավ։ Թոմաս դե Վաալի վկայակոչած աղբյուրների համաձայն՝ վճռական փուլում Բաքուն ներկայացրեց նոր պահանջներ, և համաձայնության հասնելու հնարավորությունը փակվեց։ Ալիևի հետպատերազմյան հայտարարություններն այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն։ 2021-ին նա բաց տեքստով ասաց, որ Ադրբեջանը դեռ 2003-ից պատրաստվում էր նաև ռազմական լուծման տարբերակին և երբեք ամբողջությամբ չէր փակել ուժի կիրառման ճանապարհը։ 2018–20-ի բանակցային գործընթացի, հանրային հռետորաբանությունը, ռազմական պատրաստվածությունն ու պատերազմի ընթացքում ընդունված որոշումները ենթակա են խիստ ու անաչառ գնահատման։ Ազգային աղետի պատճառների գնահատումը չի կարող ենթարկվել քաղաքական շահի տրամաբանությանը։ Նույն չափանիշը պետք է գործի նաև հակառակ պնդման դեպքում։ Եթե այսօր Ալիևի խոսքը բավարար հիմք չէ վստահության համար, ապա 2019-ի նրա ենթադրյալ համաձայնությունն էլ չի կարող դիտվել որպես պատերազմի կանխման երաշխիք։ Ռազմական հզորացման և ուժի կիրառման շարունակական սպառնալիքի պայմաններում ցանկացած խաղաղության պայմանավորվածություն պետք է ամրապնդվեր զսպման մեխանիզմներով, արտաքին երաշխիքներով և կայուն ուժային հավասարակշռությամբ։ Հենց այստեղ է հայկական քաղաքական մտքի հին խնդիրը։ Տասնամյակներ շարունակ անվտանգության վերաբերյալ մեր պատկերացումների զգալի մասը կառուցվել է արտաքին հենարանի շուրջ։ Ռուսական ռազմաբազան, ՀԱՊԿ-ը, Մինսկի խմբի համանախագահությունը, Մոսկվայի միջնորդությունը հաճախ ընկալվել են որպես համակարգի ամրության ինքնաբավ երաշխիքներ։ Այդ ընկալումը թուլացրել է ավելի դժվար հարցերի հրատապությունը՝ սեփական ռազմական կարողություն, տնտեսական դիմադրողականություն, դիվանագիտական բազմազանություն, տարածաշրջանային հարաբերությունների կառավարում, գործընկերների շահերի սթափ գնահատում։ Հենց այստեղ է հայ քաղաքական մտածողության խորքային խնդիրներից մեկը։ Հայաստանի անվտանգության պատկերացումը երկար ժամանակ կառուցվել է արտաքին հենարանների վրա՝ ռուսական ռազմաբազայի, ՀԱՊԿ-ի, Մինսկի խմբի համանախագահության և Մոսկվայի միջնորդական դերի։ Այդ վստահությունը հաճախ ստվերում է թողել սեփական ռազմական կարողության, տնտեսական դիմադրողականության, բազմավեկտոր դիվանագիտության և գործընկերների շահերի սթափ հաշվարկի անհրաժեշտությունը։ Արդյունքում երրորդ ուժը տարիներ շարունակ դիտվել է ոչ որպես գործիք, այլ որպես սեփական ռազմավարական պատասխանատվության փոխարինող։ 2020-ը բացահայտեց այդ մոտեցման սնանկությունը։ Հայ քաղաքական միտքը հիմա պետք է կառուցվի ավելի հասուն հաշվարկի վրա․ խաղաղությունը պահանջում է ուժ, զսպում և պայմանավորվածությունների պաշտպանություն, իսկ պատերազմի վտանգը՝ դիվանագիտական ելքերը բաց պահելու կարողություն։ Պետականությունը հենց այս երկու պահանջների միաժամանակյա կառավարման արվեստն է։ Հենց այդ պատճառով խաղաղության քաղաքականության հիմքը չի կարող լինել անձնական վստահությունը Ալիևի նկատմամբ։ Այն պետք է հենվի իրավական պարտավորությունների, միջազգային ներգրավվածության, տնտեսական փոխկապակցվածության, սահմանային վերահսկելի մեխանիզմների, ռազմական ուժի զսպման և Հայաստանի սեփական կարողությունների համադրության վրա։ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, Իրանը և Ֆրանսիան կարող են լինել գործընկերներ, միջնորդներ ու անվտանգության ճարտարապետության կարևոր բաղադրիչներ։ Բայց Հայաստանի ռազմավարական պատասխանատվությունը չի կարող պատվիրակվել որևէ արտաքին կենտրոնի։ 2020-ի ամենածանր դասը հենց սա է․ արտաքին ուժը կարող է ընդլայնել Հայաստանի հնարավորությունները, բայց չի կարող փոխարինել հայկական պետական կարողությանը։ Հենման կետը պետք է լինի սեփական պետությունը, այլապես յուրաքանչյուր աշխարհաքաղաքական ճգնաժամից հետո նույն հարցը կրկին կվերադառնա՝ ինչու ուրիշները չարեցին այն, ինչ նախ պետք է կարողանար անել Հայաստանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14679

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով