Քրեական ոստիկանները ձերբակալել են Գեղարքունիքի մարզի երեք բնակչի՝ Հովք գյուղում հողի շերտը հեռացնելով երկաթե խողովակներ գողանալիս։ Ոստիկանությունից հայտնում են, որ տարածքը, որտեղ աշխատում էր երկու տրակտոր, վերցվել է հսկողության տակ։ Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տվյալների՝ հատուկ տեխնիկայով հեռացվել է մոտ 450 մետր հողի շերտ և զոդման միջոցով հանվել 70 սմ տրամագծով ավելի քան 300 մետր երկաթե խողովակ։ Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։Հանգամանքները պարզվում են։



