Հարգանքի տուրք Կոմիտասին. մեկնարկել է վարդապետի ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը

Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, մեկնարկել է վարդապետի հիշատակին ու ստեղծագործական ժառանգությանը նվիրված «Կոմիտաս» միջազգային փառատոնը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փառատոնի մեկնարկից առաջ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի մասնակիցներ, մտավորականներ, արվեստագետներ և հյուրեր։ Մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Վարդապետի հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին: Այնուհետև տրվել է փառատոն-գիտաժողովի բացման մեկնարկը։ Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է «Կոմիտաս» ամենամյա միջազգային փառատոնի կարևորությունը՝ Կոմիտասի ժառանգությունը հանրահռչակելու և նրա անձն ու գործը միջազգային ասպարեզում ներկայացնելու համատեքստում։ «Մեր հիմնական առաքելությունն է պահպանել և սերունդներին փոխանցել Կոմիտասի ողջ ժառանգությունը: ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, մշտապես աջակցելու է նմանօրինակ ձեռնարկների իրականացմանը՝ քաղաքականության առանցքում ունենալով Կոմիտասի ժառանգության տարածմանն ու հանրահռչակմանը միտված ծրագրերը»,- նշել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և հավելել, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ընդգրկված է Հայաստան այցելող բարձրաստիճան պատվիրակությունների օրակարգում: Փառատոնի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Էդէն» ժամանակավոր ցուցադրությունը՝ Հայաստանի և արտերկրի արվեստագետների մասնակցությամբ։ Ցուցադրությանը Հայաստանից ներկայցված են Գագո Չթչյանը, Մեքսիկայից՝ Հերմինե Դեմիրոն և Ֆրանսիայից՝ Արման Թադևոսյանը։ Փառատոնային ծրագրում համադրված են Կոմիտասի ժառանգության տարբեր շերտերը՝ երաժշտական ստեղծագործությունը, գիտական և գրական ժառանգությունը, կերպարվեստը, թատերական ընթերցումները, ինչպես նաև նրա կյանքի ու գործունեությանն առնչվող նյութերի պահպանումն ու հանրայնացումը։ Առանձնահատուկ կարևորվում է կոմիտասյան նյութերի նվիրատվությունը թանգարանի ֆոնդին. Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանը թանգարանի հավաքածուին նվիրաբերել է Կոմիտասին առնչվող նյութեր։ Փառատոնի եզրափակիչ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին։ Երեկոյի ընթացքում կներկայացվի «Կոմիտաս Վարդապետ․ դաշնամուրային երկեր» գիրքը, իսկ գրքի շնորհանդեսին կհաջորդի դաշնամուրային երաժշտության համերգ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մասնակցությամբ։ Փառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով :

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14502

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով