Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում իր աշխատանքներն ավարտեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 23-րդ համագումարը, որին մասնակցում էին Հայաստանի և Սփյուռքի գործող կուսակցական կառույցների կողմից լիազորված պատգամավորները։ Ժողովականները գոհունակությամբ արձանագրեցին վերջին տարիներին հայրենիքում խաղաղության հաստատման, տնտեսության ազատականացման, ժողովրդավարության ամրապնդման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և այլ ուղղություններով ձեռնարկված քայլերը։ Համագումարը ողջունեց Հայաստանի Հանրապետության վարած բազմաբևեռ, հավասարակշռված և նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը, որը հիմնված է ինքնիշխանության փոխադարձ հարգանքի և տնտեսական փոխշահավետության վրա։ Այդ ամենի արդյունքում ձևավորված ռազմավարական և տնտեսական գործընկերությունները նպաստում են Հայաստանի պաշտպանական կարողությունների արդիականացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև տնտեսական նոր հնարավորությունների ստեղծմանը՝ Հայաստանը դարձնելով Արևելք-Արևմուտք հաղորդակցության ուղիների անքակտելի մաս։ Ժողովը նաև մտահոգություն հայտնեց որոշ խնդիրների վերաբերյալ, որոնք շարունակում են մնալ հասարակության ուշադրության առարկա։ Դրանց թվում են դատաիրավական համակարգում տիրող առկա իրավիճակը և աշխատավորների իրավունքների ոչ բավարար պաշտպանվածությունը։ Համագումարը դրական գնահատեց Հայաստանի և Թուրքիայի միջև շարունակվող բանակցային գործընթացը և անհրաժեշտ համարեց երկու հարևան ու ինքնիշխան պետությունների միջև բնականոն և կանխատեսելի հարաբերությունների հաստատումը։ Համագումարը վերահաստատեց Կուսակցության այն մոտեցումը, որ անհրաժեշտ է հայ-թուրքական հարաբերությունները տարանջատել Հայաստան-Թուրքիա՝ պետությունից պետություն հարաբերություններից։ Միաժամանակ, բանակցային գործընթացը բնավ չի նշանակում Թուրքիայի նկատմամբ հայ ժողովրդի արդար պահանջներից հրաժարում։ Համագումարը գտավ, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն իր ավարտին հասցնելը և բնականոն հարաբերություններ հաստատելը բխում են երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի ժողովուրդների շահերից։ Իսկ Բաքվի բանտերում արգելափակված հայ գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների հայտնաբերումը, սահմանազատումը և ադրբեջանական զորքերի Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս բերումը շարունակում են մնալ առաջնահերթ հարցեր։ Համագումարը դատապարտեց Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային հուշարձանների ինքնության և պատկանելիության խեղաթյուրման փորձերն ու խաղաղության գործընթացը խաթարող հռետորաբանությունը։ Մյուս կողմից, Համագումարը կարևորեց Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ավելի գործնական դարձնելու և Սփյուռքի ներուժն ավելի արդյունավետ կերպով օգտագործելու անհրաժեշտությունը՝ առաջնահերթություն տալով Հայաստանի պետականության ամրապնդմանն ու հզորացմանը։ Համագումարը գտավ, որ ի տես Սփյուռքի առջև ծառացած ազգային և ընկերային լուրջ մարտահրավերներին, մանավանդ ուծացման վտանգի տակավ ահագնացման՝ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության հատուկ հոգատարությունը՝ օժանդակելու հայապահպանման յույժ կարևոր գործին։ Ս.Դ.Հ.Կ. Կենտրոնական վարչություն 29 սեպտեմբերի, 2026



