ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի տնտեսությունը գտնվում է ֆինանսական փլուզման շեմին, իսկ Կուբայի տնտեսությունը, իր խոսքով, «արդեն փլուզվել է»։ Ռուբիոն այս մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։ Իրանի վերաբերյալ Ռուբիոն պնդել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը թույլ չի տվել Թեհրանին մեծ ծավալով սովորական սպառազինություն արտադրել և դրանով տարածաշրջանում սպառնալիք ստեղծել։ Նրա խոսքով՝ Իրանի խնդիրը կապված է նաև 1979 թվականի հեղափոխությունից հետո ձևավորված քաղաքական համակարգի հետ։ Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի ղեկավարության կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ փոփոխության՝ այն համեմատելով Հյուսիսային Կորեայի հետ։ Կուբայի մասին խոսելիս ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ երկրում «գործող տնտեսություն չկա» և ասել է, որ Կուբան «արդեն փլուզվել է»։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում թույլ տալ Կուբայի վերածվել ամերիկյան շահերի դեմ գործողությունների հենակետի կամ ազգային անվտանգության համար սպառնալիքի։ Ռուբիոն անդրադարձել է նաև Վենեսուելային՝ նշելով, որ ԱՄՆ-ը երկրի խորհրդարանի հետ աշխատում է հնարավորինս արագ ազատ և արդար ընտրությունների անցկացման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։



