FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

FlyОne Armenia ավիափոխադրողը Airbus ընկերության հետ վերջնականացրել է Airbus A321neo դասի երկու օդանավերի ձեռքբերման պատվերը։ Այս մասին հայտնում են FlyОne Armenia ընկերությունից։ Համաձայնագրի մասին առաջին անգամ հայտարարվել էր որպես Փոխըմբռնման հուշագիր` 2026 թվականի մայիսի 5-ին, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Երկու Airbus A321neo օդանավերը համալրված կլինեն CFM International-ի LEAP շարժիչներով։ Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ 239 նստատեղով էկոնոմ դասավորությամբ օդանավերը կարևոր դեր կունենան ավիաընկերության ռազմավարական զարգացման գործում և կդառնան երթուղային ցանցի ընդլայնման հավակնոտ ծրագրի առանցքային փուլերից մեկը։ «Մեր առաջին ուղիղ պատվերը Airbus ընկերությունից կարևոր և խորհրդանշական քայլ է FlyОne Armenia-ի զարգացման ճանապարհին։ Համաշխարհային ավիացիոն արդյունաբերության առաջատարի՝ Airbus-ի կողմից հենց մեր ընկերության համար երկու նոր A321neo օդանավերի արտադրությունը փաստում է, որ մենք հետևողականորեն իրականացնում ենք օդային նավատորմի արդիականացման և երկարաժամկետ աճի մեր ռազմավարությունը։ Մենք հպարտ ենք խորացնել համագործակցությունը Airbus-ի հետ և վստահ ենք, որ այս ներդրումը կարևոր դեր կունենա ոչ միայն FlyОne Armenia-ի, այլև հայկական քաղաքացիական ավիացիայի հետագա զարգացման և միջազգային համագործակցության խորացման գործում»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։ FlyОne Armenia-ն այժմ շահագործում է Airbus A320 ընտանիքի 11 օդանավ։ «FlyОne Armenia-ի այս առաջին ուղիղ պատվերը ընդգծում է ավիաընկերության հանձնառությունը գործառնական գերազանցության և ուղևորների հարմարավետության բարձրացման նկատմամբ՝ Airbus A320 ընտանիքի նավատորմի հետագա ընդլայնմանը զուգահեռ։ Մենք շատ ուրախ ենք ողջունել FlyОne Armenia-ին որպես Airbus ընտանիքի նոր անդամ և ակնկալում ենք խորը և արդյունավետ համագործակցություն՝ աջակցելու ընկերության ռազմավարական աճի ծրագրերին»,- նշել է Airbus-ի կոմերցիոն օդանավերի բիզնեսի վաճառքների գծով գործադիր փոխնախագահ Բենուա դը Սենտ-Էքզյուպերին։ Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Airbus A320 ընտանիքն աշխարհում ամենապահանջված նեղ ֆյուզելյաժով օդանավերի ընտանիքն է՝ ունենալով ավելի քան 20,000 պատվեր ամբողջ աշխարհում։ Ընտանիքի ամենամեծ ներկայացուցիչը՝ A321neo-ն, առաջարկում է բացառիկ թռիչքային հեռահարություն և շահագործման բարձր արդյունավետություն։ A320 ընտանիքի օդանավերն ապահովում են առնվազն 20% վառելիքի խնայողություն և CO₂ արտանետումների նվազեցում՝ նախորդ սերնդի նեղ ֆյուզելյաժով օդանավերի համեմատ, միաժամանակ ապահովելով ուղևորների առավելագույն հարմարավետություն՝ շնորհիվ իր դասում ամենալայն սրահներից մեկի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14639

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով