Արցախի թեման կրկին վերադարձել է Հայաստանի ներքաղաքական օրակարգ՝ արդեն որպես ապագա քաղաքականության հարց։ Սեպտեմբերի 2-ին ընդդիմադիր գործիչները փորձեցին ցույց տալ, որ վերադարձի թեման իրենց համար ավարտված չէ։ Իշխան Սաղաթելյանը վերադարձի հարցը ներկայացրեց որպես միջազգային օրակարգում պահպանվող քաղաքական պահանջ։ Գառնիկ Դանիելյանը վերադարձի հարցը արդեն կապեց ուժի կիրառման հեռանկարի հետ։ Այս հայտարարությունները արագ մտնում են նաև արտաքին քաղաքական շրջանառության մեջ։ Բաքուն դրանք ներկայացնում է որպես Հայաստանում ռևանշիստական օրակարգի շարունակության ապացույց և օգտագործում միջազգային ասպարեզում սեփական դիրքերը առավել կոշտացնելու համար։ Ներքին հռետորաբանությունն այսպիսով ստանում է արտաքին քաղաքական կշիռ և Բաքվին տալիս Հայաստանի նկատմամբ նոր պահանջներն ու ճնշումները հիմնավորելու լեգիտիմ առիթ։ Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մի շարք հարցեր ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ առաջ քաշելով հիմնական մի թեզ․ Հայաստանում ռևանշիստական օրակարգը չի վերացել, իսկ խաղաղության մասին պաշտոնական խոսքը հակասում է ներքին քաղաքական ազդակներին։ Որպես հիմնավորում նա նույն շղթայի մեջ դրեց Երևանի ռազմական շքերթը, Արցախի մշակութային ժառանգության շուրջ արձագանքները, սահմանազատման հարցերը և նույնիսկ Սևանի թեման։ Տարբեր դրվագները միացնելով՝ Զուլֆուգարովը փորձում է ստեղծել ամբողջական պատկեր՝ ներկայացնելով դրանք որպես Փաշինյանի հայտարարած խաղաղության քաղաքականության ներքին հակասություններ։ Զուլֆուգարովը միակը չէ։ Նույն գիծն է առաջ տանում նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Էլդար Նամազովը։ Նա հայկական արձագանքները ներկայացնում է որպես «հակաադրբեջանական հիստերիա»՝ վերջում արդեն տարածքային հավակնություն ձևակերպելով Երևանի նկատմամբ։ Այս լեզուն Բաքվին տալիս է ավելի լայն հնարավորություն․ «Հայկական ռևանշիզմի» թեզը Բաքվին հնարավորություն է տալիս սեփական տարածքային հավակնությունները ներկայացնել որպես նախազգուշական հակազդեցություն։ Այստեղ ձևավորվում է փոխադարձ սնուցման պարզ մեխանիզմ։ Երևանից հնչած կոշտ խոսքը Բաքվում ներկայացվում է որպես ռևանշիզմի ապացույց։ Բաքվի պատասխանը վերադառնում է Հայաստան և օգտագործվում խաղաղության քաղաքականության դեմ։ Այսպես երկու կողմի կոշտ հռետորաբանությունը հերթով ուժեղացնում է մյուսի կոշտ գիծը։ Այս շղթայի համար համաձայնեցված կապ պետք չէ։ Բավական է, որ յուրաքանչյուր կողմ մյուսի կոշտ խոսքը օգտագործի սեփական դիրքորոշումը ուժեղացնելու համար։ Քաղաքական հակառակորդները երբեմն առանց որևէ համագործակցության դառնում են միմյանց ամենահարմար փաստարկը։ Միջազգային հարաբերությունների տեսության մեջ նման երևույթը հայտնի է որպես անվտանգության դիլեմա։ Կողմերից յուրաքանչյուրի ինքնապաշտպանական քայլը մյուսի աչքում կարող է դառնալ սպառնալիքի ապացույց։ Քաղաքական խոսքում այս շրջապտույտը շատ արագ է ձևավորվում։ Երևանում հնչած միտքը Բաքվում վերածվում է մեղադրանքի, իսկ այդ մեղադրանքը վերադառնում է Հայաստան՝ արդեն ներքին քաղաքական պայքարում օգտագործվող նոր փաստարկի տեսքով։ Երեք տասնամյակ շարունակ Երևանի և Բաքվի ծայրահեղական շրջանակները միմյանց խոսքից ստացել են սեփական օրակարգը սնուցող ամենահարմար փաստարկները։ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները Հայաստանում ամրացրել են վտանգի զգացումը, իսկ հայկական առավելապաշտական ձևակերպումները Բաքվում ծառայել են ուժի կիրառման քաղաքականությունը հիմնավորելուն։ Այս փոխադարձ սնուցումն աստիճանաբար դարձել է հակամարտությունը երկարաձգող քաղաքական համակարգ։ Այսօր պատկերը ավելի բարդ է։ Հայաստանի կառավարությունը արտաքին քաղաքականության հիմքում դնում է միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու 29,743 քառակուսի կիլոմետր տարածքը։ Սեպտեմբերի 17-ին Փաշինյանը հրապարակայնորեն խոսեց այն ներքին օրակարգերի մասին, որոնք Արցախի «ազատագրումը» պահում են որպես ապագա քաղաքական նպատակ։ Նույն ելույթում նա «Արևմտյան Ադրբեջանի» թեզը ներկայացրեց որպես Հայաստանի անվտանգության սպառնալիք։ Այստեղ միանում են երկու խնդիր՝ ներսում ռևանշիստական օրակարգը սահմանափակելը և դրսում Բաքվի տարածքային հավակնություններին հակադարձելը՝ թույլ չտալով, որ դրանք ներկայացվեն որպես պատասխան հայկական վտանգին։ Այստեղ ձևավորվում է փոխադարձ ազդեցության եռակողմ շղթա։ Ընդդիմության մի հատված Արցախը պահում է գործող քաղաքական օրակարգում։ Բաքվի նախկին պաշտոնյաներն այդ խոսքը ներկայացնում են որպես հայկական ռևանշիզմի ապացույց և դրանով կասկածի տակ դնում Փաշինյանի խաղաղության քաղաքականությունը։ Փաշինյանն իր հերթին ներքին կոշտ հռետորաբանությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության վրա ազդող գործոն։ Արդյունքում նույն թեման միաժամանակ աշխատում է երեք ուղղությամբ՝ ներքին պայքարում, ադրբեջանական քարոզչության մեջ և իշխանության՝ անվտանգության մասին հիմնավորումներում։ Յուրաքանչյուր կողմ մյուսից վերցնում է սեփական օրակարգը սնուցող փաստարկը։ Դրա հետևանքն արդեն զգացվում է Հայաստանի ներքին բանավեճում։ Արցախի մասին հնչած կոշտ խոսքը արագ մտնում է Բաքվի քաղաքական ու դիվանագիտական շրջանառության մեջ։ Նույն կերպ Նամազովի՝ Երևանի մասին տարածքային հայտարարությունները Հայաստանում ուժեղացնում են համոզումը, որ Ադրբեջանի հավակնությունները Արցախով չեն ավարտվում։ Այսպես երկու կողմի կոշտ խոսքը փոխադարձաբար ամրացնում է մյուսի ամենավտանգավոր պնդումները։ Հետպատերազմյան փուլում պետությունները փորձում են հակառակորդին հնարավորինս քիչ նյութ առիթ իրենց դեմ օգտագործելու համար։ Այդ իմաստով դիվանագիտական լեզվի ճշգրտությունը պարզապես ոճ չէ, այլ անվտանգության գործիք։ Այսօր հնչած կոշտ ձևակերպումը վաղը կարող է դառնալ բանակցային փաստաթղթի հղում, միջազգային զեկույցի արձանագրում կամ նոր պահանջի քաղաքական հիմնավորում։ Բալկանների փորձը ցույց տվեց, որ պատերազմից հետո ավելի դժվար է փոխել մտածողությունը, քան գծել սահմանները։ Երկար հակամարտությունը հասարակություններին սովորեցնում է ապրել փոխադարձ վախի մեջ։ Հակառակ կողմի ամենակոշտ խոսքը դառնում է այդ վախերի նոր հաստատումը, և հակամարտությունը շարունակում է վերարտադրվել արդեն քաղաքական լեզվի ու հանրային ընկալումների մեջ։ ՀայաստանժԱդրբեջան հարաբերություններում այս փոխադարձ սնուցումը շարունակվում է։ Զուլֆուգարովն ու Նամազովը պետական պաշտոն չեն զբաղեցնում, բայց նրանք պատահական մարդիկ չեն։ Երկուսն էլ երկար տարիներ եղել են Ադրբեջանի իշխանական համակարգի վերին օղակներում և այսօր ձևակերպում են Բաքվում շրջանառվող հիմնական մեղադրանքներից մեկը՝ Փաշինյանի խաղաղության քաղաքականությունը չի կարող վստահություն ներշնչել, քանի դեռ Հայաստանում պահպանվում է ռևանշիստական հռետորաբանությունը։ Հայաստանյան ընդդիմության կոշտ հայտարարությունները այդ մեղադրանքին նոր հիմք են տալիս։ Ադրբեջանի տարածքային հավակնություններն էլ Հայաստանում ուժեղացնում են հակառակ պնդումը՝ խաղաղության քաղաքականությունը չի վերացնում վտանգը։ Առանձին դրվագը կարող է պատահական լինել։ Նույն շղթայի կրկնությունը արդեն օրինաչափություն է։ Երկու կողմի կոշտ շրջանակները, առանց որևէ համաձայնության, կարող են միմյանց տալ սեփական օրակարգը հիմնավորելու ամենահարմար փաստարկները։ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների ամենակայուն փակուղիներից մեկն էլ սա է․ հակառակորդի դեմ ուղղված կոշտ խոսքը հաճախ վերադառնում է որպես նրա ավելի կոշտ քաղաքականության արդարացում։



