Տնտեսության առանցքային ճյուղերից մեկում, մասնավորապես՝ արդյունաբերության մեջ, չնայած ստեղծված նպաստավոր պայմաններին ու ընձեռված հնարավորություններին, վերջին տարիներին իշխանություններին չի հաջողվում էական աճեր ապահովել։ Աճեր, իհարկե, լինում են, բայց դրանք շոշափելի չեն։ Եթե հայտնի արտաքին գործոններն էլ չլինեին, այդ մի քանի տոկոս աճերն էլ չէինք ունենա։ Այս տարվա սկզբին արտաքին գործոնները մի տեսակ կարծես թուլացել են, փոխարենը՝ զարմանալիորեն արդյունաբերության աճը կտրուկ ակտիվացել է։ Տպավորություն է, որ արդյունաբերությունը մտել է բարձր ակտիվության փուլ։ Բայց այդ ակտիվությունը զարգացման մասին չէ։ Արդյունաբերության աճի մեջ էապես ավելացել է ընդերքի շահագործման դերը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հիմա ընդերքը «քանդել-ծախելուց» չի խոսում։ Ընդերքի շահագործման ոլորտում տարեսկզբին կտրուկ աճեր են գրանցվել։



