Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել ուղեղային կենտրոնների դերը Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ փորձագիտական քննարկումների և համագործակցության զարգացման գործում։ Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի նկատմամբ իր ջերմ վերաբերմունքը՝ կապված նաև Հայաստանում իր դիվանագիտական առաքելության տարիների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի ներքին, արտաքին և տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր։



