Իսպանացի ֆուտբոլիստ Դանի Օլմոն իր տարեկան աշխատավարձի 2%-ը նվիրաբերում է խորվաթական Վուկովար քաղաքին։ Այս մասին հայտնել է նրա գործակալ Էնդի Բարան։ Բարայի խոսքով՝ Օլմոն առանձնահատուկ կապ ունի Խորվաթիայի հետ, որտեղ սկսել է մեծահասակների ֆուտբոլային կարիերան՝ հանդես գալով Զագրեբի «Դինամոյում»։ Նա Վուկովար է այցելել երիտասարդական մրցաշարի ժամանակ, շփվել պատերազմը վերապրած տեղի բնակիչների հետ և որոշել աջակցել նրանց։ Գործակալի խոսքով՝ Օլմոն այդ մասին հրապարակավ չի խոսում, սակայն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը։ Բարան նաև հայտնել է, որ ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան ավարտել «Դինամոյում» և հետագայում հնարավոր է՝ այնտեղ սկսել մարզչական աշխատանքը։



