Պերմյակովից Մուսաև. պետության կույր գոտին

Շաքիի դեպքը ցույց տվեց պետական անվտանգության ամենազգայուն խնդիրը՝ վտանգը ժամանակին նկատելու, արագ գնահատելու և մինչև այն քաղաքացուն հասնելը կանխելու կարողությունը։ 2015-ին Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը սպանեց Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին։ Ոճրից հետո անմիջապես առաջացավ նաև Հայաստանի իրավասության և պետական պատասխանատվության հարցը։ Պերմյակովը սկզբում մնաց ռուսական կողմի վերահսկողության տակ, և դրանով գործն անմիջապես ստացավ քաղաքական ու իրավական նշանակություն։ Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման և հետագայում տեղափոխվեց Ռուսաստան՝ պատիժը կրելու։ Սակայն դատավճիռը չփակեց գործի ամենակարևոր հարցը՝ ինչն էր այդ ընտանիքի սպանության շարժառիթը։ Այդ հարցը լիարժեք պատասխան չստացավ։ Տասնմեկ տարի անց Սյունիքի Շաքի գյուղի տներից մեկում հայտնվում է արդեն ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը։ Դեպքերը տարբեր են, բայց երկուսն էլ ցույց են տալիս նույն համակարգային բացը՝ պետությունը վտանգը պետք է կարողանա տեսնել ու կանգնեցնել շատ ավելի վաղ, քան այն հասնի քաղաքացուն։ Շաքիի դեպքում կա առավել ծանր հանգամանք։ Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել էր զինծառայողի անհետացման մասին և չէր բացառել, որ նա անցած լինի Հայաստան։ Երկու օր անց Նասիմի Մուսաևն արդեն Շաքիում էր։ Նա մտել էր բնակելի տուն, կրակել կնոջ վրա, վնասվածքներ էին ստացել նաև երկու երեխաներ։ Միայն դրանից հետո նրան հայտնաբերեցին և ձերբակալեցին։ Այս դեպքում խնդիրը տեղեկության պակասը չէր։ Նախազգուշացումը եղել էր, բայց դրան ժամանակին ու արդյունավետ գործողություն չէր հետևել։ Երևանում տեսախցիկները գրեթե ամենուր են՝ պետական գերատեսչությունների, բանկերի, խանութների, բակերի ու խաչմերուկների մոտ։ Այստեղից առաջանում է ամենակարևոր հարցը՝ ինչու երկրի ամենազգայուն սահմանային հատվածներում դեռ չկա այնպիսի վերահսկողություն, որը վտանգը կնկատի մինչև այն հասնի մարդկանց։ Հայաստանի լեռնային տեղանքը, երկար սահմանը և սահմանափակ մարդկային ռեսուրսը տեխնոլոգիական վերահսկողությունը դարձնում են անհրաժեշտություն։ Ջերմատեսիլ սարքերը, շարժը հայտնաբերող սենսորները, փոքր ռադարներն ու տեսախցիկները կարող են վերահսկել այն հատվածները, որոնք միայն սահմանապահի աչքով մշտապես տեսանելի պահել հնարավոր չէ։ Դրանց մի մասը Հայաստանը կարող է նաև սեփական ուժերով արտադրել։ Խոսրովի արգելոցում տեխնոլոգիան կարողանում է որսալ վայրի կենդանիների շարժը։ Նույն հնարավորությունը սահմանին կարող է շատ ավելի կարևոր նշանակություն ունենալ՝ սահմանախախտին ժամանակին հայտնաբերել և կանգնեցնել մինչև նա հասնի բնակավայր։ Խնդիրը միայն տեսախցիկ տեղադրելը չէ։ Պետք է աշխատի ամբողջ անվտանգության շղթան՝ շարժը ժամանակին նկատելուց մինչև արագ արձագանք։ Ազդանշանը պետք է անմիջապես հասնի սահմանապահին ու ոստիկանությանը, բնակչությունը պետք է արագ տեղեկացվի, իսկ որոնողական խմբերը գործեն անհապաղ և բոլոր ուղղություններով։ Այդ դեպքում տեխնոլոգիան պարզապես դիտող սարք չէ, այլ կանխարգելման գործիք։ Շաքիի դեպքում այդ շղթան ժամանակին չի աշխատել։ Ավելին՝ պետությունն արդեն ուներ նախազգուշացում հնարավոր սահմանախախտի մասին։ Սա հարցը դարձնում է շատ ավելի լուրջ։ Ինչպե՞ս է նման տեղեկությունը հասնում պատասխանատու կառույցներին, ովքե՞ր են գնահատում վտանգը, ինչպե՞ս են գործի դրվում սահմանապահները, ոստիկանությունն ու տեղական իշխանությունը, և երբ է տեղեկացվում բնակչությունը։ Եթե այս մեխանիզմը հստակ չէ, ապա նույնիսկ նախնական տեղեկությունը կարող է մնալ պարզապես տեղեկություն։ Սա քաղաքական մեղադրանքի թեմա չէ, այլ պետական կառավարման հարց։ Հայաստանը տարիներ շարունակ անվտանգությունը կապել է բանակի, դաշինքների, ռազմաբազաների ու սպառազինության հետ։ Բայց ժամանակակից անվտանգությունը նաև փոքր, ճշգրիտ համակարգերի վրա է պահվում։ Երբեմն սահմանին տեղադրված մեկ սարքն ավելի շուտ է տեսնում վտանգը, քան ամբողջ պետական համակարգը։ Պերմյակովի գործը բացեց Հայաստանի սահմանափակ իրավաքաղաքական ինքնուրույնության խնդիրը։ Մուսաևի դեպքն այլ հարց է դնում․ այս անգամ խոսքը Հայաստանի վերահսկողության տակ գտնվող սահմանի մասին է, և տեղի ունեցածի պատասխանատվությունն արդեն ամբողջությամբ հայկական պետական համակարգինն է։ Մուսաևի հետագա ճակատագիրը կորոշեն քննությունն ու դատարանը։ Բայց այս պատմության գլխավոր հարցը նա չէ։ Գլխավոր հարցն այն ճանապարհն է, որով հաջորդ զինված սահմանախախտը կարող է հասնել բնակավայր։ Պետության խնդիրը այդ ճանապարհը շատ ավելի վաղ տեսնելն ու փակելն է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14987

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով