Էջմիածնի լռությունը և Վաշինգտոնի հավատքի դիվանագիտությունը

Փոլա Ուայթ-Քեյնը՝ ամերիկյան ազդեցիկ ավետարանական հոգևորականը, Դոնալդ Թրամփի երկարամյա հոգևոր խորհրդականը և Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականը, Հայաստան էր ժամանել Երևանում անցկացվող Աղոթքի երկրորդ նախաճաշին մասնակցելու համար։ Այցի ընթացքում նա հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ հոկտեմբերի 4-ին այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մասնակցեց պատարագի և հանդիպեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Պաշտոնական հաղորդագրության մեջ շեշտը դրված էր հավատքի, խաղաղության և Հայաստանի քրիստոնեական ժառանգության վրա։ Սակայն հանդիպման քաղաքական նշանակությունը հենց չասվածի մեջ է։ Հայաստանում իշխանության և Հայ առաքելական եկեղեցու դիմակայությունը վերածվել է ինստիտուցիոնալ ճգնաժամի։ Այս հակամարտությունն արդեն միայն ներքին եկեղեցական կամ քաղաքական վեճ չէ։ Այն շոշափում է սահմանադրական կարգի, պետական ինստիտուտների սահմանների և Հայաստանի միջազգային հեղինակության հարցերը։ Այդ պահին Երևանում հայտնվում է Սպիտակ տան պաշտոնյան, որի պաշտոնական պատասխանատվության շրջանակում են կրոնական ազատության հարցերն ու հավատքի համայնքների հետ Սպիտակ տան հարաբերությունները։ Տարածված հաղորդագրություններից պարզ չէ՝ քննարկվե՞լ է արդյոք իշխանություն-եկեղեցի հարաբերությունների հարցը, բայց նման այցերի քաղաքական իմաստը հաճախ հենց չհրապարակված օրակարգում է։ Ուայթ-Քեյնի երևանյան հանդիպումները ավելի լայն գործընթացի մաս են։ Դրա նախորդ կարևոր դրվագը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին Վաշինգտոնում, երբ Դոնալդ Թրամփը Օվալաձև գրասենյակում ընդունեց ԱՄՆ հայ քրիստոնյա առաջնորդներին։ Հանդիպմանը մասնակցեցին Հայ առաքելական եկեղեցու արևելյան և արևմտյան թեմերի առաջնորդները, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչներ, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիների հոգևորականներ, Հայաստանի դեսպանը և Փոլա Ուայթ-Քեյնը։ Այն կազմակերպվել էր Հայաստանի դեսպանության և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի համագործակցությամբ։ Օրակարգում էին հայ-ամերիկյան հարաբերությունները, կրոնական ազատությունը, քրիստոնեական ժառանգությունն ու խաղաղության գործընթացը։ Բայց առավել կարևոր է հենց հանդիպման ձևաչափը։ Սպիտակ տունը հայկական եկեղեցական կառույցները դիտարկում է որպես առանձին գործընկերային ցանց, որի միջոցով կարելի է խոսել ոչ միայն հավատքի, այլև Հայաստանի, սփյուռքի և տարածաշրջանային խաղաղության մասին։ Ուայթ-Քեյնի այցը Երևան այդ կապի շարունակությունն էր։ Պատկերը ինքնին նշանակալի էր։ Հայկական տարբեր եկեղեցական կենտրոնների ներկայացուցիչները Օվալաձև գրասենյակում միասին աղոթում էին Հայաստանի, Միացյալ Նահանգների և խաղաղության համար։ Հանդիպման լուսանկարներն արագ տարածվեցին ԱՄՆ հայկական թեմերի և այլ շրջանակների միջոցով։ Մայր Աթոռի պաշտոնական հարթակներում, սակայն, այդ հանդիպումը լուսաբանման չարժանացավ։ Նույն օրերին Էջմիածնի հաղորդագրություններում կենտրոնական տեղ էր զբաղեցնում իշխանության հետ խորացող հակամարտությունը։ Այս տարբերությունը կարևոր է նաև պատմական իմաստով։ Հայ եկեղեցին դարերով կատարել է ոչ միայն հոգևոր, այլև ազգային ներկայացուցչության դեր։ Պետականության բացակայության տարիներին այն կապ է պահել արտաքին աշխարհի հետ, պաշտպանել հայկական շահերը և հայ ժողովրդի ձայնը հասցրել ազդեցիկ քաղաքական ու հոգևոր կենտրոններին։ Այսօր Հայաստանը անկախ երկիր է, վերագտել է իր պետականությունը, բայց եկեղեցու միջազգային կապերը շարունակում են կարևոր ռեսուրս մնալ։ Դրանք կարող են լրացնել պետության դիվանագիտությունը, Հայաստանի համար բացել նոր կապեր և հայկական հարցերը հասցնել ազդեցիկ կրոնական ու հասարակական շրջանակների։ Թրամփի վարչակազմի համար այս կապերը առանձնահատուկ արժեք ունեն։ Վաշինգտոնում ազդեցիկ հոգևոր շրջանակները հաճախ ուղիղ մուտք ունեն քաղաքական իշխանության մոտ, և նրանց հետ հարաբերությունները կարող են Հայաստանի համար բացել լրացուցիչ դիվանագիտական ու հասարակական հնարավորություններ։ Թրամփի վարչակազմում հավատքի հարցերը ոչ միայն արժեքային շեշտադրում են, այլև պետական քաղաքականության ինքնուրույն բաղադրիչ։ Սպիտակ տունը խղճի ազատությունն ու կրոնական համայնքների հետ հարաբերությունները դարձրել է իր քաղաքական օրակարգի տեսանելի մաս, իսկ Հավատքի գրասենյակը այդ կապերի ձևավորման և համակարգման հիմնական հարթակներից է։ Այս պայմաններում Հայ առաքելական սուրբ եկեղեցու կապը Սպիտակ տան հետ ձեռք է բերում ավելի լայն նշանակություն։ Այն կարող է ապահովել ոչ միայն հոգևոր երկխոսություն, այլև անմիջական հասանելիություն այն շրջանակներին, որոնք մասնակցում են Վաշինգտոնի քաղաքական օրակարգի ձևավորմանը։ Հենց այստեղ է Էջմիածնի դիրքորոշման հիմնական հարցը։ Գարեգին Երկրորդը Փոլա Ուայթ-Քեյնին շնորհակալություն է հայտնել Թրամփի հետ հայ հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպման համար։ Սա նշանակում է, որ Մայր Աթոռը այդ հանդիպումը կարևոր է համարում։ Այդ դեպքում առավել նկատելի է դառնում դրա շուրջ նախորդ լռությունը։ Այդ լռության պատճառների մասին կարելի է միայն ենթադրել։ Դրանք կարող են կապված լինել ներեկեղեցական հարաբերությունների, Հայաստանի կառավարության դերակատարության հետ։ Բայց հարցը դրանից չի վերանում։ Եթե հանդիպումը կարևոր էր, ինչո՞ւ այն ժամանակ Մայր Աթոռը որոշեց առհասարակ չանդրադառնալ այդ իրադարձությանը։ Հայաստանի արտաքին քաղաքական միջավայրը արագ փոխվում է։ Դիվանագիտությունը հիմա ձևավորվում է ոչ միայն կառավարությունների ու դեսպանությունների միջոցով, այլև տրանսպորտային նախագծերի, էներգետիկ կապերի, տեխնոլոգիական համագործակցության, սփյուռքի կառույցների և եկեղեցական ցանցերի մասնակցությամբ։ Վաշինգտոնում այս բազմաշերտ մոտեցումը վաղուց քաղաքական գործիք է։ Այդ պայմաններում Հայաստանի իշխանության և Մայր Աթոռի խոր հակամարտությունը կարող է նաև արտաքին հետևանքներ ունենալ։ Միացյալ Նահանգները հարաբերություն է պահում թե՛ Հայաստանի կառավարության, թե՛ հայ եկեղեցական կառույցների հետ, և ներքին դիմակայությունը աստիճանաբար մտնում է նաև այդ կապերի միջավայր։ Փոլա Ուայթ-Քեյնի այցի քաղաքական նշանակությունը հենց այստեղ է։ Ուայթ-Քեյնը հանդիպեց և՛ Հայաստանի իշխանությանը, և՛ Մայր Աթոռին։ Հայտնի չէ՝ քննարկվե՞լ է արդյոք իշխանություն-եկեղեցի հակամարտությունը, բայց այցի ամբողջ պատկերը կարևոր է՝ կառավարություն, Աղոթքի նախաճաշ, Էջմիածին։ Դիվանագիտության մեջ երբեմն նույնքան խոսուն են հանդիպումների հաջորդականությունն ու չհրապարակված օրակարգերը, որքան պաշտոնական հայտարարությունները։ Հայաստանի համար այստեղ ավելի կարևոր հարց կա։ Պետությունն ու եկեղեցին արտաքին աշխարհում ներկայացնում են նույն երկրի տարբեր, բայց ազդեցիկ շերտերը։ Նրանց միջև երկարատև հակամարտությունը այդ ներուժը մասնատում է։ Այն պահին, երբ Հայաստանը փորձում է Վաշինգտոնում ընդլայնել իր քաղաքական կապերը, իսկ Հայ եկեղեցին ունի սեփական պատմական ու համայնքային ազդեցության ցանցը, այդ երկու հնարավորությունների համադրումը կարող էր ուժեղացնել Հայաստանի դիրքերը։ Փոխարենը ներքին հակասությունը դրանք պահում է առանձին հարթությունների վրա։ Ուայթ-Քեյնի այցն այս առումով հետաքրքիր պատկեր է տալիս։ Սպիտակ տունը կարողանում է միաժամանակ խոսել Հայաստանի կառավարության և Հայ եկեղեցու հետ։ Հայաստանի խնդիրն այն է, որ այդ երկու կապերը երկրի համար աշխատեն նույն ուղղությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15008

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով