Հեմոֆիլիան համարվում է արյան մակարդելիության հիվանդություններից մեկը։ Ինչո՞ւ են հիմնականում տղամարդիկ ժառանգում այս հիվանդությունը, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել։ Այս մասին զրուցել ենք Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Հեմոֆիլիայի և թրոմբոզի կենտրոնի արյունաբան Լիաննա Համբարձումյանի հետ։ – Ի՞նչ է հեմոֆիլիան։ – Ասեմ, որ ուշադրության կենտրոնում գտնվող հիվանդություն է։ Առհասարակ մեր մակարդելիության համակարգը բավականին խառը և բազմաթիվ գործոններից է կազմված, և մենք հեմոֆիլիա անվանում ենք մակարդման 8-րդ, 9-րդ կամ 11-րդ գործոնի քանակական անբավարարությունները կամ իրենց ֆունկցիոնալ խանգարումները։ Հեմոֆիլիա A-ն 8-րդ գործոնի անբավարարությունն է, B-ն՝ 9-րդ, C-ն՝ 11-րդ։



