Խաղաղության շուրջ վտանգավոր օղակը

Հայաստանի շուրջ նոր իրավիճակ է ձևավորվում։ Պատերազմի անմիջական վտանգը նվազել է, բայց տարածաշրջանում շարունակվում է շահերի, ազդեցության և դիրքերի համար պայքարը։ Խաղաղության գործընթացը, ճանապարհների ապաշրջափակումը և արևմտյան ներգրավվածության ընդլայնումը փոխում են ուժերի նախկին հարաբերակցությունը և բացում նոր մրցակցություն՝ ազդեցության, հաղորդակցությունների և տարածաշրջանային դերերի շուրջ։ Այս փոփոխությունները փոխում են նաև շահերի հավասարակշռությունը և ուժեղացնում մրցակցությունը տարածաշրջանի ապագա կառուցվածքի շուրջ։ Հայաստանի գլխավոր խնդիրը խաղաղությունն առաջ տանելն է՝ պահպանելով սեփական ինքնուրույնությունը, անվտանգությունը և որոշումներ կայացնելու ազատությունը։ Այս վտանգի նշաններն արդեն երևում են միաժամանակ մի քանի ուղղությամբ։ Բաքուն շարունակում է ռազմական առավելությունը օգտագործել որպես քաղաքական ազդեցության և բանակցային ճնշման միջոց։ Ռուսաստանը Հայաստանի արևմտյան ընտրությանը պատասխանում է ավելի կոշտ քաղաքականությամբ։ Իրանը փորձում է գնահատել նոր ճանապարհների ու հաղորդակցությունների ազդեցությունը իր անվտանգության վրա։ Թուրքիան շահագրգռված է Հայաստանով դեպի Ադրբեջան և Կենտրոնական Ասիա բացվող ուղիներով, բայց Անկարայի ու Բաքվի շահերը միշտ չէ, որ ամբողջությամբ համընկնում են։ ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներկայությունը փոխում է տարածաշրջանի նախկին հաշվարկները և ստիպում բոլոր դերակատարներին վերանայել իրենց դիրքերն ու ազդեցության սահմանները։ Այս համակարգի ամենախոցելի կետը Հայաստանն է։ Գանձասարում Հիքմեթ Հաջիևի ցուցադրական ներկայացումը այս համատեքստում արդեն դժվար է համարել պատահական դրվագ։ Սեպտեմբերի 12-ին նա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ներկայությամբ Գանձասարն ու Դադիվանքը ներկայացրեց որպես «Կովկասյան Ալբանիայի» ժառանգություն և փորձեց կասկածի տակ դնել այդ հուշարձանների հայկական պատմական պատկանելությունը։ Սա արդեն միջազգային լսարանին ուղղված հաշվարկված պետական դիրքավորում էր։ Այսպիսով Բաքուն նաև ստուգում է, թե միջազգային միջավայրը որքան է պատրաստ հանդուրժել իր նոր պահանջներն ու ձևակերպումները։ Թույլ հակազդեցությունը կարող է խրախուսել հաջորդ, ավելի հեռուն գնացող քայլը։ Հաջիևի երկրորդեց Ալիևը։ Հոկտեմբերի 2-ին «Նոր Ադրբեջան» կուսակցության համագումարում Ալիևը հետպատերազմյան հարաբերությունները կրկին ներկայացրեց ռազմական հաղթանակից բխող քաղաքական առավելության դիրքից։ Նա հայտարարեց, որ Ադրբեջանը կարողացել է «միանձնյա հաղթել թշնամուն», «թելադրել իր պայմանները» և ստիպել նրան ստորագրել կապիտուլյացիայի ակտ։ Հոկտեմբերի 4-ին Ալիևի պաշտոնական սոցիալական էջերում հրապարակվեց հետևյալ ձևակերպումը․ «Քաղաքականության մեջ զգացմունքների համար տեղ չկա։ Եթե մենք տրվեինք զգացմունքներին, ապա այսօր, հավանաբար, երրորդ Հաղթանակի կամարը կկանգնեցվեր Երևանի կենտրոնում»։ Այս հայտարարության հիմնական իմաստը ռազմական ուժի մասին հիշեցումն է։ Ալիևը ցույց է տալիս, որ ուժի կիրառումը Բաքվի համար մնում է հնարավոր տարբերակ, իսկ դրանից հրաժարումը ներկայացվում է որպես քաղաքական ընտրություն։ Խաղաղության գործընթացը, այսպիսով, ուղեկցվում է ռազմական առավելության մասին հիշեցմամբ, որը Բաքուն շարունակում է օգտագործել Հայաստանի նկատմամբ քաղաքական առավելություն պահպանելու համար։ Բաքվի ընկալմամբ խաղաղությունը կարող է դառնալ պատերազմի ընթացքում ձեռք բերած առավելությունը քաղաքական դաշտում պահպանելու միջոց։ Այդ դեպքում խաղաղության պայմանագիրը կարող է փակել պատերազմի էջը, բայց չվերացնի ուժերի անհավասար հարաբերակցությունը։ Այդ պայմաններում ռազմական առավելությունը կարող է շարունակել ազդել բանակցությունների բովանդակության ու հիմնական դրույթների վրա։ Հենց այս պատճառով Գանձասարի դրվագը ստանում է ավելի լայն քաղաքական նշանակություն։ «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը և հայկական մշակութային ժառանգության վերագրումները նույն քաղաքական գծի մաս են։ Սկզբում փոխվում է պատմության լեզուն, հետո այդ նոր ձևակերպումները տեղափոխվում են դիվանագիտական խոսույթ, միջազգային հարթակներ և վերջապես դառնում քաղաքական պահանջ։ Տարածքային պահանջները հաճախ նախ ձևակերպվում են քաղաքական խոսույթում, հետո դառնում պաշտոնական օրակարգ։ Մյուս ռիսկը Մոսկվայի և Բաքվի շահերի հնարավոր համընկնումն է։ Դրա համար պարտադիր չէ հատուկ պայմանավորվածություն լինի։ Բավական է, որ երկու կողմերն էլ նույն փոփոխությունից վնաս կամ հնարավորություն տեսնեն։ ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներկայությունը, TRIPP-ը, հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը և դեպի Եվրոպա ու Կենտրոնական Ասիա նոր ուղիները թուլացնում են Ռուսաստանի նախկին ազդեցությունը տարածաշրջանում։ Բաքուն մինչդե կարող է այդ նույն փոփոխությունը օգտագործել Հայաստանի նկատմամբ նոր տնտեսական և հաղորդակցային պահանջներ առաջ մղելու համար։ Այս հաշվարկները որոշ փուլերում կարող են աշխատել նույն ուղղությամբ։ Մոսկվան փորձում է ցույց տալ, որ Հայաստանի արևմտյան շրջադարձը մեծացնում է նրա ռիսկերը։ Բաքուն մինչդեռ ձգտում է պահպանել ռազմական առավելությունից բխող քաղաքական ազդեցությունը։ Այս շահերը որոշ փուլերում կարող են համընկնել առանց որևէ պաշտոնական դաշինքի։ Երբ տարբեր նպատակներ նույն ճնշումն են ստեղծում Հայաստանի վրա, մարտավարական քայլերը կարող են համընկնել նույնիսկ առանց նախնական պայմանավորվածության։ Երրորդ կարևոր գործոնը Թուրքիան է։ Անկարան շահագրգռված է Հայաստանով դեպի Ադրբեջան և Կենտրոնական Ասիա բացվող ուղիներով, քանի որ դրանք անմիջապես կապվում են Միջին միջանցքի իր երկարաժամկետ հաշվարկների հետ։ Այդ պատճառով Հայաստանի ապաշրջափակումը Թուրքիայի համար միայն հայ-թուրքական հարաբերությունների հարց չէ, այլ ավելի լայն աշխարհատնտեսական ծրագրի մաս։ Այս տարբերությունները կարող են նաև լարվածություն առաջացնել Անկարայի և Բաքվի միջև։ Ալիևը 2020 թվականի հաղթանակը վերջին ելույթում ներկայացրեց որպես Ադրբեջանի ինքնուրույն ձեռքբերում՝ գրեթե չընդգծելով Թուրքիայի աջակցությունը։ Այդ շեշտադրումը կարելի է ընկալել որպես Բաքվի փորձ՝ ավելի ընդգծելու Բաքվի ինքնուրույնությունը և ցույց տալու, որ Ադրբեջանի շահերը միշտ չէ, որ ամբողջությամբ համընկնում են Անկարայի քաղաքականության հետ։ Այս պատկերին ավելանում է Թուրքիայի և Իսրայելի աճող մրցակցությունը։ Երկու երկրներն էլ ձգտում են մեծացնել իրենց դերը տարածաշրջանային հաղորդակցությունների և առևտրային ուղիների ձևավորման մեջ։ Իսրայելի մասնակցությամբ Հնդկաստան–Մերձավոր Արևելք–Եվրոպա միջանցքը և Թուրքիայի համար կարևոր Միջին միջանցքը տարբեր աշխարհագրական ուղղություններ են առաջարկում։ Դրանց միջև մրցակցությունը ինքնին չի նշանակում TRIPP-ը խափանելու իսրայելական ծրագիր, բայց ցույց է տալիս, որ Հարավային Կովկասի ճանապարհներն արդեն դարձել են ավելի լայն աշխարհատնտեսական պայքարի մաս։ Չորրորդ կարևոր գործոնը Իրանի արձագանքն է։ Թեհրանը Սյունիքի հաղորդակցային փոփոխությունները գնահատում է առաջին հերթին անվտանգության և տարածաշրջանային հավասարակշռության տեսանկյունից։ Իրանի համար առանցքային են Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, հայ-իրանական սահմանի անխախտությունը և արտաքին անվտանգության դերակատարների հնարավոր ներգրավվածությունը։ Այս պատճառով Հայաստանի արտգործնախարարի այցը Թեհրան կարևոր փորձ է՝ կանխելու նոր հաղորդակցային նախագծերի շուրջ անվստահության խորացումը։ Երևանի համար կարևոր է փարատել Իրանի մտահոգությունները։ Թեհրանը պետք է համոզված լինի, որ TRIPP-ը չի սահմանափակում Հայաստանի ինքնիշխանությունը, չի թուլացնում նրա վերահսկողությունը սեփական սահմանների նկատմամբ և չի խաթարում հայ-իրանական սահմանի գործող կարգավիճակը։ Հակառակ դեպքում անորոշությունը կարող է խորացնել Թեհրանի կասկածները և լրացուցիչ հնարավորություն տալ այն ուժերին, որոնք շահագրգռված են տապալել TRIPP-ի նախագիծը։ Այս համապատկերում Շաքիի միջադեպը այլևս սովորական սահմանային միջադեպ չէ։ Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը Հայաստանի ԱԱԾ-ին տեղեկացրել էր ծառայության վայրը լքած զինծառայողի մասին՝ չբացառելով նրա մուտքը Հայաստան։ Հոկտեմբերի 1-ին Նասիմի Մուսաևը հայտնվեց Սյունիքի Շաքի բնակավայրում։ Հետագայում ԱԱԾ-ն հայտարարեց, որ սահմանը հատել է միայն Մուսաևը և դիվերսիոն խմբի մասին տեղեկությունները չեն հաստատվել։ Բաքվի կողմից Մուսաևի նախապես կազմակերպված կամ ուղղորդված գործողության մասին հաստատված ապացույց այս պահին չկա, սակայն միջադեպի քաղաքական ազդեցությունն արդեն զգալի է։ Այն տեղի ունեցավ այն պահին, երբ Հայաստանում քննարկվում են սահմանների ապաշրջափակումը, ադրբեջանական տարանցումը և նոր հաղորդակցային ուղիները։ Այսպիսի միջադեպերը շատ արագ փոխում են հանրային ընկալումը։ Սահմանային հաղորդակցությունների մասին տնտեսական ու քաղաքական քննարկումը կարող է միանգամից տեղափոխվել անվտանգության հարթություն։ Նույնիսկ մեկ նման դեպքը կարող է թուլացնել խաղաղության գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը։ Հայաստանի խնդիրը այդ վախը կառավարելն է, որպեսզի առանձին միջադեպերը չվերածվեն ամբողջ ապաշրջափակման օրակարգը կասկածի տակ դնող գործոնի։ TRIPP-ը խափանելու համար պարտադիր չէ պայթեցնել ենթակառուցվածքը։ Բավական է հասարակության մեջ արմատավորել այն մտավախությունը, որ նոր ճանապարհները թուլացնում են սահմանային վերահսկողությունը, մեծացնում անվտանգության ռիսկերը և պետության համար դժվարացնում իրավիճակի կառավարումը։ Այս մտավախության տարածմամբ կարող են շահագրգռված լինել տարբեր մայրաքաղաքներ՝ տարբեր պատճառներով։ Բայց Հայաստանի համար հետևանքը նույնն է՝ եթե հասարակությունը կորցնի վստահությունը պետության՝ սահմանը վերահսկելու և անվտանգությունը ապահովելու կարողության նկատմամբ, արտաքին տնտեսական նախագիծը շատ արագ կարող է վերածվել ներքաղաքական ճգնաժամի։ Այս պատճառով խաղաղության հաջորդ փուլը Հայաստանից շատ ավելի բարդ քաղաքականություն է պահանջում, քան համաձայնագիր ստորագրելը։ Երևանին անհրաժեշտ է միաժամանակ աշխատել Վաշինգտոնի, Բրյուսելի, Անկարայի և Թեհրանի հետ։ Պետք է կանխել խաղաղությունը ուժային հիերարխիայի վերածելու ուղղությամբ Բաքվի փորձերը։ Անհրաժեշտ է նաև պաշտպանել հասարակությունը վախի քաղաքական շահագործումից։ TRIPP-ի շուրջ պայքարը վերջնական հաշվով 43 կիլոմետր ճանապարհի մասին չէ։ Խոսքը նոր Հարավային Կովկասի կառուցվածքի մասին է։ Ճանապարհների վերահսկողությունը նշանակում է նաև ազդեցություն առևտրի, կապերի և քաղաքական որոշումների վրա։ Բայց նույնքան կարևոր է հասարակության վստահությունը։ Եթե այդ ճանապարհները հանրային ընկալման մեջ կապվեն վտանգի, վախի, նոր սպառնալիքների հավանականության հետ, նույնիսկ մեծ աշխարհատնտեսական նախագիծը կարող է խափանվել։ Հայաստանի հիմնական ռիսկն այսօր հենց սա է։ Խաղաղության հնարավորությունը մեծացել է, բայց դրա հետ միասին ուժեղացել է պայքարը նոր տարածաշրջանային կարգի ձևավորման շուրջ։ Այդ պայքարը կարող է ընթանալ առանց պատերազմի, սակայն դրա արդյունքը կարող է ոչ պակաս կարևոր լինել Հայաստանի ինքնիշխանության և տարածաշրջանային դերի համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15023

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով