Մոսկվան և Կիևը հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին: Ժիտոմիրի մարզում ռուսական հարվածի հետևանքով վնասվել են բարձրահարկ շենքի 4-9-րդ հարկերը, հրդեհ է բռնկվել: Տուժածներ մասին տեղեկություններ առայժմ չկան: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Խարկովում ռուսական հարվածներից կա 1 զոհ, 6 վիրավոր: Զանգվածային հարվածների է ենթարկվել Օդեսան: Թիրախավորվել է արդյունաբերական և նավահանգստային ենթակառուցվածքը: Արկերից մեկն ընկել է Մոլդովա-Ուկրաինա սահմանային «Պալանկա – Մայակի-Ուդոբնոյե» անցակետի մոտ՝ մոլդովական կողմում: Ըստ Մոլդովայի սահմանային ոստիկանության՝ հարվածի տակ է հայտնվել երթուղային ավտոբուսներից մեկը: Մեկ սահմանապահ տուժել է, վնասվել են ավտոբուսը և սահմանապահների խցիկը: Իր հերթին, «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտնել է, որ գիշերը ուկրաինական ուժերը հարվածել են Զապորոժիեի ատոմակայանին. ԱԷԿ-ը 2022 թվականից գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ: Կան վնասներ, սակայն միջուկային անվտանգությունը սպառնալիքի տակ չէ: Ռոստովի մարզում էլ թիրախավորվել է բենզատար մեքենա, վարորդը ծանր վիրավորվել է: Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից 5 մարդ վիրավորվել է Կուրսկի մարզում: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտնել է մայրաքաղաքի ուղղությամբ արձակված շուրջ մեկ տասնյակ ԱԹՍ-ների ոչնչացման մասին:



