Եղիազար Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ ։ Ուղերձում նշված է․ «Սիրելի՛ ճարտարապետներ, հարգելի՛ գործընկերներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ։ Այս օրը լավագույն առիթն է արժևորելու «ժամանակի հետ երկխոսողներին», քանի որ այն, ինչ ստեղծվում է ճարտարապետական մտքի արդյունքում, դառնում է մեր պատմությունը, ձևավորում մեր այսօրվա և վաղվա միջավայրը: Այսօր աշխարհում ճարտարապետական օրակարգի առանցքում են մարդակենտրոնությունը, կանաչ ճարտարապետությունը, թվային տեխնոլոգիաների ինտեգրումը։ Այս միտումներին համահունչ՝ Քաղաքաշինության կոմիտեն նախանշում է առաջնահերթությունների օրակարգ։ Կոմիտեն ստեղծում է քաղաքաշինական կադաստր, որի շնորհիվ հնարավոր կլինի տեղեկատվություն ստանալ ցանկացած տարածքի քաղաքաշինական սահմանափակումների և հնարավորությունների մասին։ Առաջիկայում մշակվելու է ՀՀ տարաբնակեցման և տարածքի կազմակերպման գլխավոր նախագիծը, որում յուրաքանչյուրիդ մասնակցությունը կարևոր է։ Մշակում ենք խրախուսման մեխանիզմներ՝ Հայաստանում կանաչ քաղաքաշինության զարգացումը խթանելու համար։ Կոմիտեի առաջնահերթություններից շարունակելու են լինել քաղաքաշինական գործընթացների թվայնացումը, կատարելագործումը, պարզեցումն ու հստակեցումը։ Այս և այլ ծրագրերն իրագործելու համար անհրաժեշտ են մրցունակ գաղափարներ առաջարկող և արդի թվային տեխնոլոգիաներին տիրապետող ճարտարապետներ։ Ոլորտային քաղաքականության օրակարգը ձևավորելիս մեզ համար կարևոր են մասնագիտական հանրության պատկերացումները և դաշտի զարգացման իրական հնարավորությունները։ Հետևաբար, կոմիտեն մշտապես բաց է ակտիվ, կառուցողական քննարկումների համար՝ ոլորտային խնդիրները վերհանելու, արդյունավետ լուծումներ մշակելու և ընդհանուր տեսլականը համատեղ նախանշելու նպատակով։ Այս համատեքստում արժևորում եմ Հայաստանի ճարտարապետների պալատի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և ոլորտի ներկայացուցիչների հետ արդյունավետ համագործակցությունը՝ ակնկալելով առավել ակտիվ ներգրավվածություն։ Սիրելի՛ ճարտարապետներ, շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ ներդրման համար։ Մաղթում եմ մասնագիտական նոր ձեռքբերումներ և հաջողություններ»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15056

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով