Իրաքի ազգային նավագնացային ընկերությունն, ըստ երկրի Տրանսպորտի նախարարության, հոկտեմբերի կեսերին կվերսկսի կանոնավոր առևտրային փոխադրումները Պարսից ծոցի երկրների նավահանգիստների միջև՝ տարածաշրջանում աշխատանքի ավելի քան 50-ամյա դադարից հետո։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Ազգային փոխադրողների գործունեության աշխուժացման և տրանսպորտի ու առևտրի ոլորտներում նրանց դերի ուժեղացման պլաններին համապատասխան՝ Իրաքի նավագնացային ընկերությունը պատրաստ է Պարսից ծոցի գոտում իր առևտրային փոխադրումները վերսկսել ավելի քան կեսդարյա ընդմիջումից հետո», – նշվում է Իրաքի տրանսպորտի նախարարության հատուկ հայտարարության մեջ։ Ըստ գերատեսչության՝ առաջին ուղերթը պլանավորված է հոկտեմբերի 15-ին՝ Ջեբել Ալիի նավահանգստից (Արաբական Միացյալ Էմիրություններ) դեպի Ումմ Քասրի նավահանգիստ (Իրաք)։ Տրանսպորտի նախարարությունում նշել են, որ Պարսից ծոցում փոխադրումների գործունեության վերսկսումն «ազգային նավագնացային գիծ կվերադարձնի տարածաշրջանային առևտրային երթուղիները և կտրամադրի բեռնարկղերի և այլ բեռների փոխադրման լրացուցիչ տարբերակ։ «Ընկերության աշխատանքի վերսկսումը Պարսից ծոցի ջրատարածքում ուղղված է իրաքյան ծովային նավահանգիստներով բեռների փոխադրման բարելավմանը, տարածաշրջանի երկրների հետ առևտրի աջակցմանը և ազգային փոխադրողի ներկայության ուժեղացմանը տարածաշրջանային երթուղիներում», – ընդգծվում է հայտարարության մեջ։



