Քաղաքականության բացակայությունը

Շաքիի դեպքը ցույց տվեց, որ սահմանային մի միջադեպը կարող է բացահայտել պետական անվտանգության շատ ավելի խոր խնդիրներ։ Այն միանգամից ցույց տվեց, որ խնդիրը միայն սահմանը հատելը չէ․ հարցը նաև այն է, թե ինչպես է աշխատում պետությունը վտանգի պահին, ինչ պատասխանատվություն է կրում Ադրբեջանը և ինչքան ամուր են խաղաղության հիմքերը։ Պատահական չէ, որ Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունը այդպես էլ չկարողացավ այդ միջադեպից ձևավորել հստակ քաղաքական պահանջ ու օրակարգ։ Փոխարենը կրկնվեց արդեն ծանոթ պատկերը․ քաղաքական քննարկման տեղը զբաղեցրին ֆեյսբուքյան գրառումները, վիրավորանքներն ու փոխադարձ պիտակավորումները։ Քաղաքական ուժերը չձևակերպեցին պահանջներ ու լուծումներ, իսկ հանրային դաշտը արագ լցվեց աղմուկով։ Օրակարգ չձևավորվեց, ձևավորվեց հերթական աղմուկը։ Սա արդեն հաղորդակցության խնդիր չէ։ Սա քաղաքական կարողության խնդիր է։ Շաքիի միջադեպը ընդդիմությանը հնարավորություն էր տալիս ձևակերպել հստակ քաղաքական օրակարգ՝ սկսելով սահմանային անվտանգության համակարգի ամբողջական գնահատումից։ Կարելի էր պարզ հարցեր դնել՝ ինչպես է զինծառայողը հատել պետական սահմանը, որտեղ է եղել անվտանգության բացը, ինչն է աշխատել, ինչն է ձախողվել, և որքան արագ ու համակարգված է արձագանքել պետությունը։ Կարելի էր հարցը բերել խորհրդարան, առաջարկել նման միջադեպերի մշտական քննության մեխանիզմ, միջազգային գործընկերների առաջ բարձրացնել պատասխանատվության թեման և Բաքվից պահանջել բացատրություն։ Սա նաև հնարավորություն էր խոսելու սահմանազատման իրական բովանդակության մասին։ Սահմանը միայն տեղադրված սահմանային սյունը չէ։ Այն պետության մշտական ներկայությունն է՝ իր տարածքը վերահսկելու, վտանգը կանխելու և յուրաքանչյուր խախտման արագ ու հստակ արձագանքելու կարողությամբ։ Շաքիի դեպքը ցույց տվեց, թե որքան իրական ու արդյունավետ է պետության ներկայությունը սահմանին։ Ընդդիմությունը կարող էր այդ խնդիրը վերածել քաղաքական օրակարգի։ Չդարձրեց։ Սա արդեն ընդդիմադիր դաշտի ավելի խորքային թուլությունն է բացահայտում։ Միայն դժգոհելն ու քննադատելը դեռ քաղաքականություն չէ։ Քաղաքականության իմաստը խնդիրը օրակարգի, օրակարգը՝ լուծման, իսկ լուծումը՝ գործնական քայլի վերածելն է։ Հենց այս շղթան է այսօր հաճախ բացակայում ընդդիմադիր դաշտում։ Այս խնդիրը հիմա առավել կարևոր է, որովհետև Հայաստանը գործում է արագ փոխվող տարածաշրջանային միջավայրում։ Խաղաղության գործընթացը դեռ ավարտված չէ, հաղորդակցությունների նոր համակարգ է ձևավորվում, իսկ արտաքին ուժերի դերն ու ազդեցության սահմանները վերադասավորվում են։ Այս պայմաններում քաղաքական ուժի արժեքը չափվում է ոչ միայն իշխանությանը քննադատելու, այլ փոփոխվող միջավայրը հասկանալու և դրա համար հստակ պետական պատասխան ձևակերպելու կարողությամբ։ Այսպիսի պայմաններում սահմանային նույնիսկ փոքր միջադեպը կարող է շատ արագ վերածվել արտաքին քաղաքականության և տարածաշրջանային անվտանգության հարցի։ Երբեմն հենց փոքր միջադեպերն են բացահայտում մեծ համակարգերի խոցելիությունը։ Տարիներ շարունակ սահմանը Հայաստանում ընկալվել է որպես շփման գիծ։ Պետական սահմանը, սակայն, պետականության ամենակոնկրետ դրսևորումն է՝ այնտեղ են չափվում պետության վերահսկողությունը, ներկայությունը և պատասխանատվությունը։ Շաքիի միջադեպը հնարավորություն էր այս հարցը դնելու ամբողջ խորությամբ։ Բայց ընդդիմադիր դաշտի մի մասը տարիներ շարունակ ավելի շատ էներգիա է ծախսում հանրային կարծիքների հետ կռվելու, քան քաղաքական օրակարգ ձևավորելու վրա։ Այդ ձևաչափը արագ արձագանք է տալիս՝ լայքեր, տարածումներ, զայրույթ, բայց հազվադեպ է վերածվում իրական քաղաքական ազդեցության։ Ժողովրդավարական քաղաքականության մեջ ընդդիմության գլխավոր ակտիվը դժգոհությունը չէ։ Դժգոհություն միշտ կա։ Գլխավոր ակտիվը հասարակական խնդիրը քաղաքական պահանջի վերածելու կարողությունն է։ Շաքին դրա փոքր, բայց չափազանց ցուցադրական օրինակն էր։ Այս երևույթի ամենավտանգավոր հետևանքն այն է, որ օրակարգ ու այլընտրանք չձևավորող ընդդիմությունը ժամանակի ընթացքում ակամա ամրացնում է հենց իշխանության դիրքերը։ Եթե իշխանության յուրաքանչյուր սխալից հետո հասարակությունը տեսնում է ոչ թե համոզիչ այլընտրանք, այլ միայն վիրավորանք ու սոցիալական ցանցերի աղմուկ, իշխանության գլխավոր առավելությունը դառնում է ընդդիմության թուլությունը։ Այդ դեպքում իշխանության առավելությունը կարող է լինել ոչ թե լավ կառավարումը, այլ պարզապես այն, որ մրցակիցներից ավելի պատրաստ ու կանխատեսելի է։ Սա արդեն Հայաստանի քաղաքական համակարգի խնդիրն է։ Երկիրը չի կարող անվերջ ընտրություն կատարել իշխանության սխալների և ընդդիմության դատարկության միջև։ Հայաստանին պետք են ուժեր, որոնք սահմանային միջադեպից սահմանային քաղաքականություն կստանան, տնտեսական խնդրից՝ տնտեսական ծրագիր, արտաքին ճնշումից՝ արտաքին քաղաքական դիրքորոշում, պետական ձախողումից՝ ինստիտուցիոնալ լուծում։ Այդպիսի ուժերն են փոխում պետությունները։ Մնացածները պարզապես գրում են Ֆեյսբուքում։ Քաղաքական մասնակցությունը մարդկանց հետևելը կամ բարձր խոսքին արձագանքելը չէ։ Փոփոխությունը սկսվում է այնտեղ, որտեղ խնդիրը դառնում է օրակարգ, օրակարգը՝ կազմակերպված քաղաքական ուժ, իսկ քաղաքական ուժը՝ իրական որոշում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15115

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով