Ռուսաստանն ուշադիր հետևում է Եվրոպայի ռազմականացման շուրջ զարգացումներին. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից նոր ռազմավարական բալիստիկ հրթիռի փորձարկումը: Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակել էր M51.3 բալիստիկ հրթիռի փորձնական արձակման տեսանյութը՝ ընդգծելով, որ Փարիզն այս փորձարկմամբ «հնչեղ և հստակ ուղերձ» է հղել: Անդրադառնալով Մակրոնի հայտարարությանը՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Եվրոպան տարված է Եվրամիությունը ռազմաքաղաքական բլոկի վերածելու գաղափարով, որը հիմնված է Մոսկվայի հետ հակադրության վրա: «Եվրոպական երկրները պաշտպանության և անվտանգության ոլորտում իրենց ինքնությունը կառուցում են Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման հենքի վրա: Դա փակուղային ուղի է, ինչպես ցույց է տալիս պատմությունը, և որևէ լավ տեղ չի տանի: Նման ագրեսիվ գործողությունների և ծրագրերի ֆոնին Ռուսաստանը մշտապես զգոն է և ուշադիր հետևում է իրադարձությունների ընթացքին»,- ընդգծել է Պեսկովը:



