Ռազմաբազայի վերջին փաստարկը

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի հարցն այսօր արդեն շատ ավելի լայն իմաստ ունի, քան պարզապես դրա մնալը կամ հեռանալը։ Այն այսօր ցույց է տալիս, թե որքանով է հայ-ռուսական հարաբերությունների նախկին համակարգը դեռ աշխատունակ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնյա Միխայիլ Կալուգինը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Երևանին մեղադրեց Գյումրիի ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա դնելու փորձի մեջ։ Նրա խոսքով՝ Երևանը կարևոր որոշումների պատասխանատվությունը հաճախ թողնում է արտաքին դերակատարների վրա։ Այս ձևակերպմամբ Մոսկվան փորձում է ռազմաբազայի հարցը ներկայացնել արդեն նաև որպես պատասխանատվության խնդիր՝ ով է կայացնում որոշումը և ով է կրում դրա քաղաքական հետևանքը։ Այս մեկնաբանությունն ունի էական բաց։ Ռազմաբազայի թեման հրապարակային բարձր մակարդակում շրջանառության մեջ դրեց Վլադիմիր Պուտինը։ Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում նա ասաց՝ Ռուսաստանը պատրաստ է հեռանալ «թեկուզ վաղը», եթե Հայաստանը բազայի կարիքը չի տեսնում։ Այդ հայտարարությունից հետո քննարկման տրամաբանությունը փոխվեց։ Երևանը մինչ այդ ռազմաբազայի դուրսբերման հարց չէր դրել։ Փաշինյանի պատասխանը ևս այդպիսի պահանջ չէր պարունակում․ նա պարզապես հստակեցրեց Հայաստանի դիրքը՝ ռազմաբազան կենսական անհրաժեշտություն չէ, Ռուսաստանի հեռանալու որոշմանը Հայաստանը չի առարկի, իսկ մնալու ցանկության դեպքում պետք է քննարկվեն դրա պայմանները։ Այս ձևակերպումների մեջ արդեն երևում է հարաբերությունների տրանսֆորմացիան։ Տարիներ շարունակ ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում ընկալվել է որպես անվտանգության համակարգի բնական բաղադրիչ և գրեթե չի պահանջել առանձին հիմնավորում։ Ռուսաստանը պահպանում էր ռազմավարական ներկայությունը Հարավային Կովկասում, իսկ Հայաստանը դրա դիմաց ակնկալում էր անվտանգության երաշխիքներ։ Այդ փոխադարձության հիմքը վերջին տարիներին զգալիորեն թուլացել է։ 2021–2022 թվականների սահմանային ճգնաժամերն ու Հայաստանի տարածքի դեմ ադրբեջանական ռազմական գործողությունները կասկածի տակ դրեցին ռուսական անվտանգության մեխանիզմների գործնական արժեքը։ Հենց այս փորձն է այսօր հիմք տալիս Երևանին պնդելու, որ 102-րդ ռազմաբազան այլևս չի կարող դիտվել որպես Հայաստանի անվտանգության կենսական երաշխիք։ Այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը․ եթե ռազմաբազան այլևս չի կատարում այն անվտանգության գործառույթը, որով տասնամյակներ շարունակ հիմնավորվել է նրա ներկայությունը, ապա ինչո՞վ է այսօր արդարացվում այդ ներկայությունը։ Պատմական կապերը բավարար պատասխան չեն։ Օտարերկրյա ռազմաբազան ինքնիշխան պետության տարածքում պետք է ունենա հստակ նպատակ և չափելի օգտակարություն։ Անվտանգության միջավայրը փոխվել է, հետևաբար բնական է վերանայել նաև այդ ներկայության իմաստն ու պայմանները։ Պուտինն ինքն է հրապարակայնորեն դրել ռազմաբազայի հնարավոր հեռացման հարցը, իսկ Երևանը հասկացնել է տվել, որ ռուսական ռազմական ներկայությունը պատրաստ է գնահատել արդեն ոչ թե նախկին պայմանավորվածությունների, այլ Հայաստանի ներկա անվտանգության շահերի տեսանկյունից։ Այժմ Մոսկվան փորձում է խոսակցությունը տեղափոխել պատասխանատվության դաշտ։ Կալուգինի հայտարարությունն այդ իմաստով բնորոշ է։ Ո՞վ է նախաձեռնում դուրսբերումը։ Ո՞ւմ որոշումն է։ Ո՞վ է պատասխան տալու հետևանքների համար։ Սակայն այս վեճի էությունը ուրիշ տեղ է։ Հայաստանի համար որոշիչը այն չէ, թե ով առաջինը բարձրացրեց դուրսբերման հարցը, այլ այն, թե ինչ գործառույթ ունի ռազմաբազան այսօր։ Եթե այն անհրաժեշտ է Ռուսաստանին՝ տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը պահելու համար, ապա այդ ներկայության պայմանները պետք է վերանայվեն՝ քաղաքական, ռազմական, իրավական և տնտեսական ամբողջ ծավալով։ Եթե Հայաստանը այլևս դրա անհրաժեշտությունը չի տեսնում, ինչպես հարցը դրեց Ռուսաստանի նախագահը, դուրսբերումը դառնում է բնական հաջորդ քայլը։ Այս պայմաններում ռուսական ռազմաբազայի ներկայությունը այլևս չի կարող հիմնավորվել միայն նախկին պայմանավորվածություններով։ Փոխված անվտանգության միջավայրը պահանջում է նոր պատասխաններ։ Գյումրիի դեպքում առանցքային հարցը սա է՝ ի՞նչ իրական դեր ունի ռազմաբազան Հայաստանի անվտանգության ապահովման մեջ այսօր և ի՞նչ պայմաններով կարող է շարունակվել դրա ներկայությունը։ Հայաստանը փոխում է իր անվտանգության քաղաքականության կառուցվածքը՝ խորացնելով կապերը Միացյալ Նահանգների, Եվրոպական միության և այլ գործընկերների հետ։ Զուգահեռաբար տարածաշրջանում ձևավորվում է խաղաղության, հաղորդակցությունների և տնտեսական նոր փոխկապակցվածության համակարգ։ Այս պայմաններում 1990-ականներից ժառանգված անվտանգության մոդելը այլևս չի կարող պահպանվել առանց վերանայման։ 102-րդ ռազմաբազան այդ հին անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է։ Այսօր արդեն պետք է գնահատել դրա իրական նշանակությունը՝ ինչ ներդրում ունի այն Հայաստանի անվտանգության մեջ , ինչ պատասխանատվություն է դրա դիմաց ստանձնում Ռուսաստանը և արդյոք այդ հարաբերակցությունը դեռ համապատասխանում է Հայաստանի շահերին։ Այս հարցերի հստակ պատասխանները դեռ չկան։ Եվ հենց դա է հիմնական խնդիրը։ Ռազմաբազայի շուրջ քննարկումը Հայաստանին հնարավորություն է տալիս անվտանգության հարաբերությունները կառուցել ավելի պարզ սկզբունքով՝ պարտավորությունների, շահերի և արդյունքի վրա։ Պատմական ու մշակութային կապերը կարող են պահպանվել, տնտեսական հարաբերությունները՝ զարգանալ։ Սակայն օտարերկրյա ռազմական ներկայությունը յուրաքանչյուր փուլում պահանջում է առանձին և հստակ հիմնավորում։ Պուտինի հայտարարությունից հետո Գյումրիի ռազմաբազայի հարցը այլևս նախկին ձևով չի կարող մնալ։ Եթե ռուսական ռազմական ներկայությունը շարունակվելու է, դրա նպատակը, պարտավորություններն ու պայմանները պետք է հստակ վերագնահատվեն։ Ուստի հիմնական հարցը դուրսբերման նախաձեռնողը չէ։ Հիմնական հարցն այն է, թե ինչ հիմքով պետք է Ռուսաստանը շարունակի ռազմական ներկայությունը Հայաստանում՝ արդեն փոխված անվտանգության պայմաններում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15789

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով