Իրկուտսկում ժանտախտի բռնկում դեռ չի հաստատվել։ Բայց տեղի ունեցածն արդեն ցույց է տվել մեկ ուրիշ վտանգ՝ պաշտոնական տեղեկատվության պակասը կարող է ինքնին անվտանգության խնդիր դառնալ։ 28-ամյա Դարյա Շիպիլովան աշխատել է հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտում։ Նա հիվանդացել է ծանր թոքաբորբով և հոկտեմբերի 2-ին մահացել։ Դրանից հետո մոտ 200 մարդ մեկուսացվել է, մի շարք հիվանդանոցներում սահմանափակումներ են մտցվել, հակաժանտախտային ինստիտուտի աշխատակիցները պահվել են կարանտինում, իսկ մահացածի բնակելի շենքը մի քանի անգամ ախտահանվել է։ Միաժամանակ ռուսական պաշտոնական մարմինները հայտարարում են, որ ժանտախտ չի հայտնաբերվել։ Պաշտոնապես խոսվում է թոքաբորբի մասին, բայց կիրառված միջոցները շատ ավելի լուրջ վտանգի մասին են վկայում։ Առաջին օրերին հնարավոր ժանտախտի մասին հրապարակումներ հայտնվեցին ռուսական լրատվամիջոցներում, հետո անհետացան։ Նույն ընթացքում հիվանդանոցները սահմանափակումներ էին մտցնում, իսկ պաշտոնական բացատրությունները շարունակում էին ուշանալ։ Այդ տարբերությունն էլ ավելի խորացրեց անորոշությունը։ Այստեղ խնդիրը վաղուց արդեն միայն բժշկական չէ։ Համաճարակի ժամանակ ճշգրիտ և արագ տեղեկատվությունը անվտանգության գործիք է։ Դրանից է կախված՝ բժիշկը ժամանակին կճանաչի վտանգը, սահմանային ծառայությունը ճիշտ կարձագանքի, իսկ հասարակությունը կխուսափի և՛ անտեղյակությունից, և՛ խուճապից։ Տեղեկատվության պակասը վտանգը չի փոքրացնում․ այն միայն ավելի է դժվարացնում ճիշտ և ժամանակին արձագանքը։ Ռուսաստանի պաշտոնական խոսքի նկատմամբ վստահությունն այնքան է թուլացել, որ նույնիսկ հանգստացնող հայտարարությունն այլևս ինքնին բավարար չէ։ Սա մի օրվա խնդիր չէ։ Տարիներով ձևավորված փակ տեղեկատվական համակարգը, լուրերի սահմանափակումը և պաշտոնական խոսքի նկատմամբ օրավուր նվազող վստահությունը ճգնաժամի պահին արդեն ուղիղ ազդեցություն են ունենում անվտանգության վրա։ Իրկուտսկի դեպքը հենց այս խնդիրը դարձրեց տեսանելի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ չի բավարարվել ռուսական պաշտոնական պարզաբանումներով։ Հոկտեմբերի 7-ին կազմակերպությունը Մոսկվայից լրացուցիչ տվյալներ է պահանջել մահացած աշխատակցի հետազոտությունների, մեկուսացված մարդկանց, կիրառված միջոցների և հնարավոր երկրորդ դեպքի մասին։ Մինչև այդ հարցերը չպարզվեն, վտանգի ամբողջական գնահատական տալ հնարավոր չէ։ Հայաստանի համար այս ամենը արդեն անմիջական անվտանգության հարց է։ Ռուսաստանի հետ Հայաստանի կապը ամենօրյա է և անմիջական։ Այնտեղ ապրում ու աշխատում են բազմաթիվ մեր քաղաքացիներ ու հայրենակիցներ, իսկ երկու երկրների միջև կա մշտական ուղևորահոսք։ Այս պայմաններում Ռուսաստանի որևէ համաճարակային վտանգ շատ արագ կարող է դառնալ նաև Հայաստանի խնդիրը։ Ռուսաստանում առաջացող նման համաճարակային վտանգը Հայաստանից հեռու խնդիր չէ։ Թոքային ժանտախտը վտանգավոր է հատկապես հիվանդության արագ զարգացման պատճառով։ Այն կարող է մարդուց մարդ փոխանցվել սերտ շփման ժամանակ։ Վաղ ախտորոշումն ու հակաբիոտիկային բուժումը մեծապես նվազեցնում են վտանգը, իսկ ուշացումը կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Այդ պատճառով այստեղ ամենակարևոր գործոնը ժամանակին արձագանքն է։ Հայաստանի առողջապահության նախարարության մոնիթորինգը ճիշտ և անհրաժեշտ քայլ է։ Բայց նման իրավիճակներում միայն հետևելը քիչ է․ պետությունը պետք է պատրաստ լինի արագ անցնել գործնական գործողությունների։ Հայաստանը պետք է ունենա ինքնուրույն և լիարժեք գործող կենսաբանական անվտանգության համակարգ։ Լաբորատորիաները պետք է պատրաստ լինեն արագ ախտորոշման, բժիշկները՝ հստակ արձագանքի։ Պետք է լինեն մեկուսացման գործուն մեխանիզմներ, անհրաժեշտ դեղորայքի բավարար պաշար և սահմանային վերահսկողությունը արագ ուժեղացնելու հնարավորություն։ Ռուսաստանից ժամանող ուղևորահոսքը այս փուլում պահանջում է առանձնահատուկ ուշադրություն։ Սահմանային վերահսկողությունը միայն առաջին քայլն է։ Իրական պաշտպանությունը արագ ախտորոշումն է, հստակ արձագանքը և պատրաստ առողջապահական համակարգը։ Հայաստանի կենսաբանական անվտանգությունը չի կարող կախված լինել մի աղբյուրից։ Ռուսաստանից ստացվող տվյալները կարևոր են, բայց դրանք պետք է լրացվեն ԱՀԿ-ի, եվրոպական և ամերիկյան մասնագիտական կառույցների տեղեկություններով ու գնահատականներով։ Սա պետության ապահովագրություն է։ Եթե մի



