Խաղաղության սահմանը պետք է փոխի իր պահակներին

Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի հաջորդ կարևոր քայլը կարող է լինել սահմանի աստիճանական ապառազմականացումը։ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ հակամարտությունը լուծված է։ Այդ հայտարարությունը տրամաբանական շարունակություն է պահանջում։ Երկու պետությունները պետք է պատրաստ լինեն փոխադարձաբար հեռացնելու սահմանին կենտրոնացված ռազմական ուժերը և սահմանի հսկողությունը փուլ առ փուլ փոխանցելու սահմանապահ ծառայություններին։ Սա խաղաղության նկատմամբ կողմերի հանձնառության գործնական ստուգում կլինի։ Սահմանի անվտանգության նոր կարգի շուրջ համաձայնությունը ցույց կտա, թե որքանով են Երևանն ու Բաքուն պատրաստ հրաժարվելու ռազմական դիմակայության տրամաբանությունից և կառուցելու փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություններ։ Արդյո՞ք Երևանն ու Բաքուն քննարկել են սահմանի փոխադարձ ապառազմականացման հնարավորությունը։ Եթե նման քննարկումներ եղել են, ի՞նչն է խանգարում դրանք վերածել գործնական և փոխադարձ պարտավորությունների։ Իսկ եթե չեն եղել, ինչո՞ւ Երևանն ու Բաքուն դեռ չեն նախաձեռնել սահմանին ռազմական ներկայության փոխադարձ կրճատման և դրա վերահսկողությունը սահմանապահ ծառայություններին փուլային կարգով փոխանցելու գործընթաց։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի յոթերորդ հոդվածն արդեն որոշակի հիմք է ստեղծում սահմանային անվտանգության նոր համակարգի համար։ Այն նախատեսում է բացառել երրորդ երկրների ուժերի տեղակայումը ընդհանուր սահմանին և իրականացնել փոխադարձ վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Սակայն բաց է մնում սկզբունքային հարցը. պատրա՞ստ են Երևանն ու Բաքուն հաջորդ քայլով պայմանավորվել զինված ուժերի աստիճանական հեռացման և սահմանի վերահսկողությունը սահմանապահ ծառայություններին փոխանցելու շուրջ։ Սա խաղաղության համաձայնագրի դրույթներին գործնական բովանդակություն հաղորդելու հնարավորություն է։ Այս ուղղությամբ որոշակի փորձ արդեն կա։ Տավուշի սահմանազատված 12 կիլոմետրանոց հատվածում ծառայությունն իրականացնում են Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը։ 2026 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության նպատակն է սահմանապահների պատասխանատվության ընդլայնումը մինչև Հայաստանի ամբողջ պետական սահմանը։ Այս փորձն արդեն հիմք է ստեղծել հաջորդ քայլի համար։ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սահմանապահ ծառայություններին սահմանի վերահսկողությունը փոխանցելու հարցը դարձնել խաղաղության բանակցությունների առանձին օրակարգ։ Հայաստանը կարող է Ադրբեջանին առաջարկել սահմանային անվտանգության առանձին համաձայնագիր՝ գործողությունների համաձայնեցված հերթականությամբ, ժամկետներով և փոխադարձ վերահսկողությամբ։ Սահմանազատված հատվածներից զինված ուժերի ստորաբաժանումները պետք է աստիճանաբար հեռացվեն՝ սահմանի հսկողությունը փոխանցելով երկու երկրների սահմանապահ ծառայություններին։ Միաժամանակ անհրաժեշտ է համաձայնեցնել ծանր սպառազինության հետքաշման պայմանները, ապահովել սահմանապահ կառույցների ուղիղ կապը և սահմանել միջադեպերին արագ արձագանքելու ու դրանց հանգամանքները համատեղ պարզելու կարգը։ Այսպիսի մեխանիզմները թույլ կտան նվազեցնել պատահական բախումների վտանգը և յուրաքանչյուր կողմի համար ստուգելի դարձնել մյուսի ստանձնած պարտավորությունների կատարումը։ Այս գործընթացի հիմնական պատասխանատվությունը պետք է ստանձնեն Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը և Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը։ Երկու կառույցներն էլ մասնագիտացած են պետական սահմանի պահպանության, սահմանային միջադեպերի կանխարգելման և դրանց արագ արձագանքելու գործում։ Նրանց միջև անմիջական համագործակցությունը՝ ազգային անվտանգության և պաշտպանության գերատեսչությունների մասնակցությամբ, կարող է ձևավորել սահմանային անվտանգության ավելի կանխատեսելի համակարգ։ Կարևոր է, որ յուրաքանչյուր միջադեպ ունենա արձագանքման համաձայնեցված կարգ, իսկ կողմերի գործողությունները ենթարկվեն փոխադարձ վերահսկողության։ Այս կառույցների արդյունավետությունը կախված կլինի նրանց լիազորություններից, մասնագիտական պատրաստվածությունից, քաղաքական պատասխանատվությունից և սահմանային միջադեպերը կանխելու ու առանց անհարկի ուժի կիրառման կարգավորելու կարողությունից։ Սահմանի ապառազմականացումը պետք է իրականացվի Հայաստանի պաշտպանունակության և անվտանգության լիարժեք պահպանմամբ։ Առանձնահատուկ կարևորություն ունի 2021–2022 թվականներին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ուժերի դուրսբերման հարցը։ Հայաստանի պաշտպանության նախարարության դիրքորոշմամբ՝ այդ խնդիրը պետք է լուծվի սահմանազատման գործընթացում։ Առանց դրա կարգավորման դժվար կլինի ապահովել սահմանային անվտանգության նոր համակարգի նկատմամբ փոխադարձ վստահությունը։ Հետևաբար, փոխադարձ ապառազմականացման պայմանավորվածությունը պետք է ներառի զորքերի դուրսբերումը համաձայնեցված դիրքեր, անվտանգության հավասար երաշխիքներ և խախտումների արձանագրման գործուն համակարգ։ Միակողմանի զիջումը վստահության կառուցման հիմք լինել չի կարող։ Այս նախաձեռնությունն ունի նաև աշխարհատնտեսական նշանակություն։ Վաշինգտոնյան պայմանավորվածություններով նախատեսվող տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը, TRIPP նախագիծը և Արևելք–Արևմուտք առևտրային ուղիների զարգացումը պահանջում են կանխատեսելի անվտանգություն։ Ներդրողը երկարաժամկետ ծրագրեր է իրականացնում այն միջավայրում, որի կայունությանը կարելի է վստահել։ Զինված դիմակայության մշտական վտանգը բարձրացնում է փոխադրումների, ապահովագրության և ներդրումների գինը։ Ահա խաղաղության տնտեսական չափումը։ Սահմանային լարվածության նվազեցման յուրաքանչյուր համաձայնություն կարող է մեծացնել Հայաստանի տարանցիկ նշանակությունը, ամրապնդել տարածաշրջանային տնտեսական կապերը և նվազեցնել արտաքին ուժերից անվտանգության կախվածությունը։ Վերջապես, նման առաջարկը կարող է դառնալ Երևանի դիվանագիտական նախաձեռնության կարևոր գործիք։ Հայաստանը հնարավորություն ունի Բաքվին ներկայացնելու խաղաղության ամրապնդման չափելի ծրագիր։ Ադրբեջանի համաձայնությունը կբացի հարաբերությունների կարգավորման նոր փուլ։ Մերժումը, իր հերթին, անհրաժեշտություն կառաջացնի հրապարակայնորեն բացատրելու դրա պատճառները։ Տասնամյակների թշնամությունից հետո սահմանապահների աստիճանական դիրքավորումը հայ-ադրբեջանական սահմանին կարող է դառնալ պատմական շրջադարձի խորհրդանիշ։ Այդ անցումը պետք է լինի փոխադարձ, վերահսկելի և անվտանգ։ Եթե Բաքուն հայտարարում է, որ հակամարտությունը վերջնականապես լուծված է, իսկ Երևանը խաղաղությունը հռչակել է իր ռազմավարական առաջնահերթությունը, ժամանակն է այդ հայտարարություններին տալ սահմանային անվտանգության կոնկրետ բովանդակություն։ Խաղաղության նկատմամբ կողմերի հավատարմության կարևոր չափանիշներից մեկը սահմանին ռազմական ներկայության աստիճանական կրճատումն է, սպառազինության հետքաշումը և զինված բախումների վտանգը նվազեցնելու պատրաստակամությունը։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պայմանավորվեն սահմանի աստիճանական ապառազմականացման շուրջ՝ հասնելու այնպիսի իրավիճակի, երբ երկու երկրների սահմանապահ ծառայությունները կկարողանան ապահովել ընդհանուր սահմանի անվտանգությունը խաղաղ հարևանությանը բնորոշ կանոններով։ Այդ ուղղությամբ առաջին քաղաքական նախաձեռնությունը կարող է ստանձնել Երևանը՝ խաղաղության գործընթացին հաղորդելով նոր, գործնական բովանդակություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15511

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով