Իրանական ուժերն ամեն գիշեր գործողություններ են իրականացնում Հորմուզի նեղուցում այն նավերի դեմ, որոնք խախտում են Թեհրանի կողմից սահմանած տարանցման կանոնները։ Այս մասին Fars գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Ալի Մոհամադին։ «Հորմուզի նեղուցում կանոնները խախտող նավերը պատժվում են ամեն գիշեր», – ասել է նա։ Մոհամադին ընդգծել է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը պատերազմի առաջին իսկ օրվանից նեղուցի նկատմամբ իրականացնում են «լիակատար և համապարփակ» վերահսկողություն և մտադիր են շարունակել ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական գործողությունները։ Նա նաև հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկյան ԶԼՄ-ների հրապարակած տվյալները` դրանք համարելով «անհավանական»: Մոհամադիի խոսքով՝ նման տվյալները «լրատվամիջոցների ենթադրությունների արդյունք են», որոնց նպատակը նավթի գները նվազեցնելն է և շուկայի վրա ազդելը։ Նա հավելել է, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերն ի վիճակի են Հորմուզի նեղուցի «ցանկացած կետում» ներգործել այն առևտրային նավերի վրա, որոնք Թեհրանը համարում է կանոնները խախտողներ, և ԱՄՆ-ին մեղադրել է Պարսից ծոցում ու ամբողջ տարածաշրջանում անկայունություն ստեղծելու մեջ։



