ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հոկտեմբերի 9-ին Մայամիում կհանդիպեն ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաների հետ՝ ռուս-ուկրաինական պատերազմը փակուղուց դուրս բերելու նոր առաջարկներ քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաներին։ Քննարկումների առանցքում էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումների դադարեցումը և հացահատիկի փոխադրումների անվտանգությունն ապահովող մասնակի հրադադարի հնարավորությունն է։ Կողմերը կքննարկեն նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն ու հետպատերազմյան վերականգնման ծրագիրը։ Axios-ի փոխանցմամբ՝ Ուիթքոֆն ու Քուշները հոկտեմբերի 8-ին հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ներկայացնելու խաղաղության առաջարկի վերջին տարբերակը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ Վաշինգտոնի հետ քննարկվում է մասնակի հրադադարի հնարավորությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ դրա իրատեսական լինելը դեռ պարզ չէ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պատերազմը գտնվում է փակուղում, և Վաշինգտոնը ձգտում է կանխել դրա հետագա սրումն ու հասնել կարգավորման։ Աղբյուրի համաձայն՝ չի բացառվում, որ Ուիթքոֆն ու Քուշները այս ամսվա վերջին կրկին այցելեն Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակելու համար։



