Որտե՞ղ է ավարտվում ազատ խոսքը և սկսվում իրավական պատասխանատվությունը։ Եվ ինչպե՞ս ապահովել, որ ժողովրդավարության պաշտպանությունը չվերածվի քաղաքական հաշվեհարդարի։ Հոկտեմբերի 7-ին երկու ամսով կալանավորվեց «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը՝ ֆեյսբուքյան գրառումների առնչությամբ առաջադրված մեղադրանքներով, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանության և ԱԱԾ-ն արատավորելու համար։ Սեպտեմբերի 29-ին ձերբակալվել էր նաև թատերագիր Վահրամ Սահակյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ ատելություն, թշնամանք և անհանդուրժողականություն հրահրելու մեղադրանքով։ Դատարանը նրա նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն՝ արգելելով հանրային գրառումներ կատարել։ Խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմքերից է, բայց արդյո՞ք այն կարող է պաշտպանել ցանկացած արտահայտություն՝ անկախ դրա բովանդակությունից ու հետևանքներից։ Արթուր Դանիելյանի և Վահրամ Սահակյանի դեմ քրեական գործերը կրկին կարևոր հարց են առաջ բերում․ ժողովրդավարական պետությունը պե՞տք է հանդուրժի ցանկացած խոսք ու վարքագիծ, թե՞ իրավունք ունի օրենքի խստությամբ պաշտպանվելու, երբ դրանք իրական վտանգ են ներկայացնում։ Այս հարցերը քննարկելու ենք քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



