Հին իշխանության նոր կուսակցական տոմսերը

2018 թվականի հեղափոխությունից ութ տարի անց Հայաստանի բազմաթիվ համայնքներում շարունակում են իշխել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։ Նրանք հարմարվել են նոր իշխանությանը՝ պահպանելով տասնամյակներով ձևավորված իրենց դիրքերն ու ազդեցությունը համայնքներում։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների կենսագրությունները ցույց են տալիս, որ նախկին իշխանության տարիներից համայնքները ղեկավարող բազմաթիվ գործիչներ այսօր պահպանում են իրենց պաշտոնները ՔՊ-ի աջակցությամբ։ Հեղափոխությունից ութ տարի անց նրանց քաղաքական հաջողության գլխավոր պայմանը շարունակում է մնալ օրվա իշխանությանը հարմարվելու կարողությունը։ Հոկտեմբերի 25-ին Վայքում, Արմավիրում, Վարդենիսում, Գառնիում և Ախուրյանում ընտրություններին մասնակցելու է միայն ՔՊ-ն։ Սեպտեմբերին նույն պատկերն էր Թումանյանում։ Այս համայնքներում ընտրողին քաղաքական այլընտրանք չի առաջարկվում։ Քվեարկությունը փաստորեն դառնում է իշխող կուսակցության իշխանությունը վերահաստատելու միջոց՝ խաթարելով տեղական ինքնակառավարման ժողովրդավարական հիմքերը։ Առավել խոսուն են թեկնածուների կենսագրությունները։ Արենին երեսուն տարի ղեկավարող Հուսիկ Սահակյանը ժամանակին առաջադրվում էր ՀՀԿ-ից, այժմ գլխավորում է ՔՊ-ի ցուցակը Եղեգնաձորում։ Գավառի երկարամյա ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը նույնպես նախկին հանրապետական է։ Նույն ճանապարհն են անցել Մարտունու ղեկավար Հովիկ Հովեյանը, Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը և Լոռի Բերդի ղեկավար Արայիկ Ներսիսյանը։ Վերջինս համայնքային իշխանության համակարգում է շուրջ 36 տարի։ Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանի պատմությունն առանձնապես ուշագրավ է։ Նախկինում ընդդիմադիր «Վերածնվող Հայաստանի» ներկայացուցիչը, որը 2021 թվականին կալանավորվել էր և ամիսներ անցկացրել անազատության մեջ, այսօր գլխավորում է ՔՊ-ի մասնակցությամբ «Համերաշխություն» դաշինքը։ Վարդենիսում ընդդիմադիր ուժերի աջակցությամբ համայնքապետ ընտրված, հետագայում դատական գործընթացների մեջ հայտնված Ահարոն Խաչատրյանն արդեն պաշտոնապես առաջնորդում է իշխող կուսակցության ցուցակը։ Այս կենսագրությունները բացահայտում են Հայաստանի քաղաքական համակարգի խորքային հիվանդությունը։ Շատերի համար կուսակցությունը փոխելը դարձել է պաշտոնը պահելու միջոց։ Նախկին համայնքապետերը հարմարվել են նոր իշխանությանը՝ պահպանելով իրենց ազդեցությունն ու տարիներով ձևավորված կապերը։ Արդյունքում 2018 թվականի թավշյա հեղափոխությունը մեծապես շրջանցել է տեղական կառավարման համակարգը։ Այս երևույթը բնորոշ է հետխորհրդային բազմաթիվ երկրների։ Իշխանափոխություններից հետո տեղական ազդեցիկ գործիչները հաճախ պահպանել են իրենց դիրքերը՝ միանալով նոր իշխող ուժին։ Նրանց հետ պահպանվել են նաև տարիներով ձևավորված կապերը, տնտեսական շահերն ու վարչական ազդեցությունը։ Հայաստանում այսօր կրկնվում է նույն պատկերը։ Նախկին համակարգը փոխելու խոստումով իշխանության եկած ՔՊ-ն աստիճանաբար իր շարքերում է համախմբում այդ համակարգի ներկայացուցիչներին՝ նպաստելով նրանց իշխանության վերարտադրությանը։ Խնդիրն ավելի է կարևորվում համայնքների խոշորացման պատճառով։ Եղեգնաձորին միավորվել են Արենին և Եղեգիսը, Գորիսին՝ Տաթևն ու Տեղը, Ստեփանավանին՝ Լոռի Բերդն ու Գյուլագարակը։ Խոշորացված համայնքների ղեկավարներն այժմ տնօրինելու են ավելի մեծ բյուջեներ, հողային ռեսուրսներ և զարգացման ծրագրեր։ սահմանափակ խմբերի շահերին ծառայեցնելու վտանգը և թուլացնում հանրային վերահսկողությունը։ Սյունիքում այս խնդիրը նաև ռազմավարական նշանակություն ունի։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը Գորիսի և Մեղրիի համար տնտեսական զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում։ Սպասվող ներդրումներն ու ենթակառուցվածքային ծրագրերը պահանջում են թափանցիկ և հաշվետու տեղական կառավարում։ Հակառակ դեպքում տնտեսական նոր հնարավորություններից կարող են օգտվել առավելապես համայնքներում ազդեցություն ունեցող նեղ խմբերը՝ հանրային շահի հաշվին։ Հայաստանի եվրոպական ապագան կախված է նաև տեղական կառավարման որակից։ Եվրոպական չափանիշները պահանջում են ուժեղ համայնքներ, ինքնուրույն ավագանիներ և իշխանության նկատմամբ հանրային վերահսկողություն։ Եվրոպական ինտեգրման հաջողության համար անհրաժեշտ է փոխել նաև համայնքներում արմատացած կառավարման մշակույթը՝ հաղթահարելով անձնական կապերով, քաղաքական հավատարմությամբ և կուսակցական հովանավորչությամբ պաշտոններն ու ռեսուրսները տնօրինելու ավանդույթը։ Նախկին հանրապետականների աջակցությամբ ՔՊ-ն ամրապնդում է իր դիրքերը համայնքներում, սակայն դրա քաղաքական գինը մեծ է։ Իշխանությունը կորցնում է փոփոխություններ իրականացնելու իր խոստման նկատմամբ հանրային վստահությունը։ Միաժամանակ ամրապնդվում է այն համոզումը, որ պաշտոնը պահպանելու համար բավական է ժամանակին անցնել նոր իշխանության կողմը։ Հոկտեմբերի 25-ի ընտրությունները բացահայտում են Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր խնդիրներից մեկը։ 2018 թվականի հեղափոխությունից ութ տարի անց բազմաթիվ համայնքներում շարունակում են իշխել նույն մարդիկ՝ արդեն ՔՊ-ի աջակցությամբ։ Նրանք պաշտոնավարել են տարբեր նախագահների ու վարչապետների օրոք, փոխել կուսակցությունները և պահպանել իրենց ազդեցությունը։ Հեղափոխությունը խոստանում էր փոխել իշխանության այս մշակույթը։ Այսօր այն աստիճանաբար վերադառնում է հենց հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժի միջոցով։ ՔՊ-ի համար սա կարող է ապահովել հերթական ընտրական հաղթանակը, սակայն Հայաստանի համար նշանակում է հետաձգել ութ տարի առաջ խոստացված փոփոխությունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15462

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով