Վլադիմիրում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել են Yandex Cloud-ի Telegram ալիքում։ Ըստ առկա տեղեկությունների՝ միջադեպի հետևանքով անձնակազմից ոչ ոք չի տուժել։ «ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է Վլադիմիրում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի ենթակառուցվածքը։ Տվյալների կենտրոնի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է։ Տուժածներ չկան»,- ասվում է հրապարակման մեջ։ Ընկերությունից նաև հայտնել են, որ համապատասխան մասնագետներն արդեն տեղում աշխատում են հարձակման հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Այս պահին ռեսուրսների կազմաձևը գնահատվում է որպես անկայուն, իսկ հարթակն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Յանդեքս»-ը դեռևս չի կարող հաստատել Սասովոյում գտնվող տվյալների կենտրոնի սարքավորումները վերականգնելու հնարավորությունը։ Ընկերությունից նշել են, որ ենթակառուցվածքին հասցված վնասի չափը դեռ գնահատվում է։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է նաև Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի ենթակառուցվածքը։ Ընկերության տվյալներով՝ տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ամբողջությամբ շարքից դուրս են եկել, ինչի հետևանքով «Յանդեքս»-ի որոշ ծառայություններ կարող են ընդհատումներով աշխատել։



