Ռուսաստանի սահմանած առևտրային արգելքների հետևանքներն արդեն վճարվում են Հայաստանի պետական բյուջեից։ Միայն հունիսին և հուլիսին կառավարությունը շուրջ 3.96 միլիարդ դրամ է ծախսել հայկական մրգերի արտահանումն ապահովելու համար։ Այս գումարը բացահայտում է ռուսական շուկայից Հայաստանի տնտեսական կախվածության իրական գինը։ Փոխհատուցում տրամադրվել է արտահանված արտադրանքի ընդհանուր ծավալի շուրջ 90 տոկոսի համար։ Փաստացի, հայկական մրգի ճանապարհը դեպի արտաքին շուկաներ մեծ մասամբ ֆինանսավորվել է հարկատուների հաշվին։ Մայիսի 30-ից Ռուսաստանը սկսեց աստիճանաբար փակել իր շուկան հայկական գյուղմթերքի համար։ Հունիսի 12-ին սահմանափակումներն արդեն ընդգրկում էին Հայաստանից արտահանվող բոլոր մրգերը, բանջարեղենը և բուսասանիտարական վերահսկողության ենթակա արտադրանքը։ Մոսկվան իր որոշումը հիմնավորեց բուսասանիտարական խախտումներով։ Արդյունքում Հայաստանի գյուղատնտեսական արտահանումը հայտնվեց ռուսական վարչական որոշումներից կախվածության հերթական ճգնաժամի առաջ։ Հայաստանի կառավարությունը ստիպված եղավ հրատապ ֆինանսական միջամտության դիմել։ Ելակի արտահանման յուրաքանչյուր կիլոգրամի համար սահմանվեց 770 դրամ փոխհատուցում, կեռասի համար՝ 400, սալորի, դեղձի և նեկտարինի համար՝ 250, ծիրանի համար՝ 200 դրամ։ Թվերը ցույց են տալիս միջամտության իրական մասշտաբը։ Հունիսին և հուլիսին Հայաստանից արտահանվել է շուրջ 16 հազար 752 տոննա ելակ և այլ թարմ մրգեր։ Պետությունը փոխհատուցել է այդ ծավալի գրեթե 90 տոկոսի արտահանումը՝ հունիսին հատկացնելով 1.19 միլիարդ, հուլիսին՝ 2.77 միլիարդ դրամ։ Այս թվերը ցույց են տալիս, որ ռուսական սահմանափակումներից հետո հայկական մրգի արտահանումը մեծապես կախված է դարձել պետական ֆինանսավորումից։ Ընդհանուր գումարի շուրջ 81 տոկոսը բաժին է ընկել ծիրանին և կեռասին։ Ծիրանի արտահանման համար պետությունը վճարել է 1.86 միլիարդ դրամ, կեռասի համար՝ 1.34 միլիարդ։ Այս երկու պտղատեսակների արտահանմանն ուղղվել է ավելի քան 3.2 միլիարդ դրամ։ Առավել խոսուն է պետական փոխհատուցման և գյուղմթերքի իրացման միջին գների հարաբերակցությունը։ Հունիսին ելակի արտադրողի իրացման միջին գինը կազմել է 933 դրամ։ Արտահանման համար նախատեսված պետական աջակցությունը՝ 770 դրամ, համարժեք է այդ գնի 82.5 տոկոսին։ Հուլիսին սալորի միջին գինը կազմել է 283 դրամ, իսկ յուրաքանչյուր արտահանված կիլոգրամի դիմաց պետությունը վճարել է 250 դրամ։ Փոխհատուցումը հասել է արտադրողի միջին իրացման գնի 88.3 տոկոսին։ Սրանք բացառիկ բարձր ցուցանիշներ են։ Պետությունը փաստացի ստանձնել է արտահանման տնտեսական բեռի զգալի մասը՝ արտաքին շուկաներում հայկական արտադրանքի մրցունակությունը պահպանելու նպատակով։ Այստեղ անհրաժեշտ է առանձին ուսումնասիրել գումարների բաշխումը։ Որքա՞ն աջակցություն է ստացել յուրաքանչյուր արտահանող ընկերություն։ Ի՞նչ ծավալի արտադրանք է ձեռք բերել արտադրողներից։ Ի՞նչ գնով է վաճառել արտասահմանյան գործընկերներին։ Որքա՞ն է կազմել փոխադրման փաստացի ծախսը։ Հրապարակված ամփոփ տվյալները թույլ չեն տալիս պարզել պետական ֆինանսավորման ազդեցությունն արտահանողների վերջնական շահույթի վրա։ Հարցերի կարևորությունը մեծանում է արտահանման ընդհանուր պատկերը դիտարկելիս։ 2025 թվականի հունիսին դիտարկվող մրգերի արտահանման 86.7 տոկոսը բաժին էր ընկնում Ռուսաստանին, հուլիսին՝ 87.2 տոկոսը։ Ռուսական սահմանափակումներից հետո հայկական արտահանման աշխարհագրությունը կտրուկ փոխվել է։ Հունիսին հիմնական ուղղություններ են դարձել Ուզբեկստանը, Վրաստանը և Ուկրաինան։ Հուլիսին առաջատար հնգյակում հայտնվել են նաև Ղազախստանն ու Իրաքը։ Սակայն նոր ուղղությունները դեռ չեն փոխարինել կորցրած շուկայի ծավալները։ Նախորդ տարվա համեմատ հունիսին արտահանումը կրճատվել է 82 տոկոսով, հուլիսին՝ 52 տոկոսով։ Սա ուսումնասիրության ամենակարևոր ցուցանիշներից է։ Շուրջ չորս միլիարդ դրամ պետական ֆինանսավորման պայմաններում արտահանման ծավալները շարունակել են զգալիորեն զիջել նախորդ տարվա մակարդակին։ Աջակցության ծրագիրը մեղմել է ճգնաժամի հետևանքները, սակայն ներկայացված թվերը դեռևս չեն վկայում արտահանման նախկին կարողությունների վերականգնման մասին։ Օգոստոսին կառավարությունը շարունակել է ֆինանսական միջամտությունը։ Արտահանման և մթերումների աջակցության համար նախատեսվել է ևս 4.52 միլիարդ դրամ՝ արդեն ընդգրկելով գյուղատնտեսական արտադրանքի ավելի լայն շրջանակ։ Այս իրավիճակը բացահայտում է Հայաստանի գյուղատնտեսական արտահանման գլխավոր թուլությունը՝ ռուսական շուկայից տարիներով ձևավորված կախվածությունը, որի տնտեսական գինն այսօր վճարվում է պետական բյուջեից։ Մոսկվայի սահմանած արգելքների ֆինանսական բեռը փաստացի տեղափոխվել է Հայաստանի պետական բյուջե՝ ռուսական շուկայից կախվածության գինը թողնելով հայ հարկատուի վրա։ Պետական հրատապ աջակցությունը տվյալ իրավիճակում ուներ հասկանալի նպատակ։ Արտադրողները բերքն իրացնելու, արտահանողները նոր շուկաներ գտնելու կարիք ունեին։ Սակայն միլիարդավոր դրամների ծախսը պահանջում է արդյունքների հրապարակային և մանրամասն գնահատում։ Կառավարությունը պետք է հրապարակի փոխհատուցում ստացած ընկերությունների ցանկը, յուրաքանչյուրին տրամադրված գումարները, արտահանման ուղղությունները և ծրագրի տնտեսական արդյունքները։ Անհրաժեշտ է գնահատել նաև պետական աջակցության ազդեցությունը գյուղացիական տնտեսությունների եկամուտների վրա։ Ռուսական շուկայի հերթական սահմանափակումը Հայաստանի համար թանկարժեք դաս է։ Արտահանման աշխարհագրության ընդլայնումը պետք է դառնա երկարաժամկետ տնտեսական քաղաքականություն՝ նոր լոգիստիկ ենթակառուցվածքներով, արտադրանքի որակի միջազգային հավաստագրմամբ և կայուն առևտրային պայմանագրերով։ Առանց այս կախվածությունը հաղթահարելու՝ ռուսական յուրաքանչյուր նոր արգելքի գինը կրկին վճարելու է Հայաստանի հարկատուն՝ պետական բյուջեից միլիարդներ հատկացնելով Մոսկվայի որոշումների հետևանքները մեղմելու համար։



