Թուրքիայի ոստիկանությունը խուզարկություններ է սկսել ընդդիմադիր Halk TV հեռուստաալիքի գրասենյակում, ինչի հետևանքով ալիքի հեռարձակումը դադարեցվել է։ Halk TV-ն հայտնել է, որ աշխատակիցներին թույլ չեն տալիս մուտք գործել Ստամբուլի գրասենյակ, իսկ իշխանությունները նոր տնօրեն են նշանակել։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խուզարկություններն իրականացնում է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարող ոստիկանության ստորաբաժանումը։ Թուրքիայի դատախազությունը հայտնել է, որ գործողությունները կապված են Halk TV-ի ղեկավար Ջաֆեր Մահիրօղլուի դեմ հարուցված քրեական գործի հետ։ Նրան մեղադրում են կաշառակերության, մրցույթների ընթացքում խարդախության և փողերի լվացման մեջ։ Գործի շրջանակում 17 անձի ձերբակալության հրամաններ են տրվել։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մահիրօղլուն ներկայումս երկրից դուրս է։ Նա սոցիալական ցանցերում գրել է, որ հեռուստաալիքը պատկանում է ժողովրդին, և իշխանություններն իրավունք չունեն զավթել այն ու հանձնել իրենց նշանակած անձի կառավարմանը։ Halk TV-ն Թուրքիայում համարվում է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ) մոտ կանգնած հեռուստաալիք։ Այն հաճախ քննադատում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։



